Սպառնացել են վնասել ընտանիքներին. Ինչու է Պրիգոժինը դադարեցրել երթը Մոսկվա. Մեծ Բրիտանիա

Մանրամասներ

Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքներին այն ընթացքում, երբ ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը շարժվում էր դեպի Մոսկվա և դեռ չէր չեղարկել իր առաջխաղացումը:

Ինչպես գրում է The Telegraph-ը, այս են վկայում Մեծ Բրիտանիայի անվտանգության աղբյուրները:

Ընդ որում, ըստ տվյալների՝ «Վագներ»-ն ունեցել է ընդամենը 8000 մարտիկ, այլ ոչ թե հայտարարված 25.000-ը, ինչը նշանակում է, որ այն հավանական պարտություն կկրեր Ռուսաստանի մայրաքաղաքը գրավելու ցանկացած փորձի ժամանակ:

Վերլուծությունն անդրադառնում է առեղծվածին առ այն, թե ինչու է Պրիգոժինը դադարեցրել իր ապստամբական երթը դեպի Մոսկվա, երբ մայրաքաղաք հասնելուն ընդամենը մի քանի ժամ էր մնացել: Առայժմ մնում են ենթադրություններ այն մասին, թե ինչ պաշտոնական գործարք է կնքվել կողմերի միջև, եթե, իհարկե, նման բան եղել է:

The Telegraph-ի հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կփորձի «Վագներ»-ի մարտիկներին ձուլել ռուս զինվորականների մեջ:

Կրեմլը շաբաթ հայտարարել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս՝ դավաճանության մեղադրանքով ներում ստանալու դիմաց։ Պրիգոժինի կողմից Կրեմլից առաջարկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Անհասկանալի է նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կշարունակի պաշտոնավարե՞լ, թե՞ պաշտոնանկ արվի, ինչպես պահանջում էր Պրիգոժինը: