Դերասանուհիներ Ելենա Բորիսենկոն, Իրինա Դանիելյանը, Լիլի Վարդանը եւ Մարիամ Դավթյանը «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի սերիալի հերոսուհիների դերում են։ Բորիսենկոն ինստագրամյան էջում կիսվել է հումորային հոլովակով ու մակագրել՝ «Սեքս չի լինի, քաղաքը փոքր է»։
Տեսաշարի մտահաղացման հեղինակը դիզայներ Մերի Գրիգորյանն է, որը նաեւ Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ» նախագծի հեղինակն էր, որի շրջանակում հայտնի ամսագրի էջում ներկայացրել էր դերասանուհի Իրինա Դանիելյանին։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայկական հումորային ադապտացիային, Մերին նշեց, որ գաղափարը ծնվել է Vogue-ում Իրինա Դանիելյանի պորտֆոլիայի համար։ Դերասանուհին հայտնի ամսագրում լուսանկարվելուց հետո գրանցված է, որպես մոդել, եւ, պարբերաբար, համագործակցում է ամսագրի հետ․ «Մենք ամեն ամիս էջը պետք է թարմացնենք նորությամբ։ Իրինան ինքը ցանկություն հայտնեց որեւիցե բան նկարահանել իր ընկերուհիների հետ։ Հենց այստեղից էլ ինձ մոտ ծնվեց «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի գաղափարը, եւ կարծում եմ, որ ընտրված դերասանուհիներն, իսկապես, շատ համապատասխան են այդ կերպարներում»։
Սերիալի գլխավոր հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի դերում Իրինա Դանիելյանն է, Ելենա Բորիսենկոն Միրանդայի կերպարում է, Մարիամը՝ Շառլոտի, իսկ Լիլին՝ Սամանտայի։ «Նրանց կերպարները պատահական ընտրված չեն։ Խոսքը նրանց անհատականությունների մասին չէ, չնայած՝ կարծում եմ՝ Մարիամը մաքսիմալ Շառլոտ է (ծիծաղում է)։ Բայց կերպարներն ավելի շատ ընտրվել են նրանց ոճին, տեսքին համապատասխան։ Այնպես ստացվեց, որ նրանց զգեստապահարաններում էլ կային իրենց հերոսուհիներին համապատասխան զգեստներ։ Մենք, պարզապես, փորձել ենք հավաքել մաքսիմալ տիպիկ լուքեր»,-հավելեց Մերին՝ տեղեկացնելով, որ դերասանուհիների էջերում, պարբերաբար, կհայտնվեն այս շարքից նոր հոլովակներ։
0Comments