Թուրքիան իր S-400 համակարգը կարող է պատրաստ վիճակի բերել 12 ժամում

Մանրամասներ
էրդողան

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պարզվում է, որ Թուրքիան կարող է իր զինանոցում գտնվող S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ վիճակի բերել 12 ժամվա ընթացքում:

Նախարար Գյուլերը նշել է, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան դիմել է աշխարհի բազմաթիվ երկրների՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն տարբեր պատճառներով այդ խնդրանքները չեն բավարարվել:

«Մենք Patriot համակարգ ենք խնդրել ԱՄՆ-ից, սակայն արդյունքի չենք հասել: Մենք SAMP-T համակարգ ենք խնդրել Ֆրանսիայից և Իտալիայից, սակայն այն ևսս չի տրամադրվել մեզ»,- հիշեցրել է Գյուլերը։

Նաև շեշտել է, որ Չինաստանը նույնպես մերժել է ՀՕՊ համակարգ տրամադրելու իրենց առաջարկը: Ուստի այդ ամենից հետո Թուրքիան ստիպված է եղել Ռուսաստանի գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգ:

Նախարար Գյուլերը հայտնել է, որ ամերիկացիները չեն առարկել նշյալ ՀՕՊ համակարգի տեղակայմանը Թուրքիայի ընդունած պայմանների շրջանակներում:

Գյուլերը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ S-400 համակարգի տեղակայման վայրերը պատրաստ են, և հայտարարել, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

«Բոլոր տեղակայման վայրերը, ներառյալ ստորգետնյա պահեստները, պատրաստ են: Հրաման տրվելու դեպքում, կախված համապատասխան տարածքից, կսկսվի գործողությունը, և մոտավորապես 12 ժամվա ընթացքում ամբողջ համակարգը կտեղակայվի», – ասել է նա:

Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։