Իրանը պատերազմի վտանգ է տեսնում՝ ԱԽ քարտուղարը դա կանխելու հարցով է Բաքու և Երևան եկել. «Ալիք»-ի խմբագիր

Մանրամասներ
իրավիճակ

Կարծում եմ՝ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադիանի այցը Բաքու և Երեւան պետք է դիտարկել այն իրադարձությունների ֆոնին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքում և այն կանխատեսումները, որոնք կապված են Հարավային Կովկասում էսկալացիայի կտրուկ աճի, ընդհուպ մինչև պատերազմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Բնականաբար Իրանը, որը այժմ լուրջ խնդիրներ ունի Մերձավոր Արևելքում, կորցրել է Սիրիան, խիստ խաթարված է նրա դիրքերը Լիբանանում, խախուտ են դիրքերը նաև Իրաքում, չի ցանկանում, որ էսկալացիայի մի նոր աղբյուր ստեղծվի իր անմիջական սահմանին: Մանավանդ, որ այդ էսկալացիան անմիջականորեն ազդելու է ոչ միայն իր տարածաշրջանային շահերի վրա, այլև անմիջական բացասական ազդեցություն է ունենալու անվտանգային մթնոլորտի վրա դրա վրա: Պաշտոնական Թեհրանը փորձ է անում ցանկացած գնով կանխել այդ հնարավոր ռազմական առճակատումը»,-ասաց նա:

Դրան զուգահեռ, ըստ Շահնազարյանի երկու կարևոր խնդիր կա. «Իրանը երկար տարիներ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման միջոցով փորձել է նվազագույնի հասցնել անվտանգային բնույթի սպառնալիքները, որոնք անմիջականորեն գալիս են Ադրբեջանից։ Երկրորդ կարևոր խնդիրը, այսպես կոչված, տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը բացառելն է, որը ևս անմիջական սպառնալիք է:

Իրանի անվտանգային մթնոլորտի համար, Իրանի ազգային անվտանգության համար Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանումը Իրանի կողմից հանրահռչակ կարմիր գիծ է այս տարածաշրջանում: Իրանը դեռ որևէ նախանշան չի ցույց տվել, որ դրանից փորձում է հրաժարվել»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, Իրանը ի զորու կլինի՞ զսպել Ադրբեջանին, որպեսզի Ալիևը որոշում չկայացնի ու չմտնի Սյունիք, գլխավոր խմբագիրն ասաց. «Մենք պետք է մի իրականություն հաշվի առնենք, որ նախ այն թիմը,  որ Թրամփի հետ աշխատում է արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում, ամբողջովին տարբեր է այն թիմից, որ կար նրա նախագահության առաջին շրջանում։ Երկրորդը, մենք չպետք է մոռանանք, որ վերջին երկու տարվա ընթացքում և մանավանդ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաեւ հաղթանակից հետո Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ տալ անիմաստ պատերազմներին, որոնցում ներքաշված է ԱՄՆ-ն ուղղակի կամ անուղղակի, և որ դա հսկայական ծախսեր է պարտադրում ԱՄՆ-ին:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նախընտրական արշավի ընթացքում և դրանից հետո, Թրամփը ուղղակի կամ անուղղակի երկու-երեք անգամ ակնարկել  է, որ չի ցանկանում գնալ Իրանի հետ ռազմական առճակատման և փորձելու է խնդիրները այլ հարթության վրա լուծել։

Այնպես չէ, որ հունվարի 20-ից հետո, երբ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը, առաջիկա մեկ-երկու ամսում տեղի կունենա ռազմական գործողություն Իրանի դեմ։ Ես նման բան չեմ տեսնում և դա տեղի չի ունենա գոնե տեսանելի  ապագայում։ Շատ բարդ շախմատային խաղ է գնալու երկու կողմերի միջև»:

Ինչ վերաբերում է Իրանի կողմից Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու հնարավորությանը, Շահնազարյանն ասաց «Ցավոք սրտի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին Իրանի անվտանգային օրակարգի առաջնահերթությունները որոշակիորեն փոխվել են։ Իրանը հիմա պետք է ամրապնդի իր արևմտյան սահմանները, որովհետև շատ արագ կորցնում է իր ռազմավարական խորքը և պետք է ամրապնդվի իր անմիջական սահմաններին: Սա կարող է ուշադրության որոշակի հատվածը շեղել դեպի իր արևմտյան սահմանները, բայց ինչ կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, դա անվտանգային անմիջական սպառնալիք կարող է լինել Իրանի համար: Դրանով Իրանը ոչ միայն կզիջի իր տարածաշրջանային դիրքերը, այլև կկանգնի բարդագույն իրավիճակի առջև, թուրանական այդ գոտին, որ կազմվելու է իր շուրջ, իր ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան կտրվելու է, Իրանը դուրս է մնալու այդ բոլոր տարածաշրջանային նախագծերից: Հետեւաբար, շատ հավանական է, որ ռազմական էսկալացիայի դեպքում Իրանը կտրուկ արձագանքի, թեեւ ոչ մի բան հստակ 100%-անոց ասել չի լինի:

Այստեղ կարևոր հանգամանք գոյություն ունի, որ բազմիցս Իրանի տարբեր կալիբրի և նշանակության քաղաքական գործիչները նշել են, դա մեծապես պայմանավորված է լինելու նաև ՀՀ գործող իշխանությունների ցանկությունից, այսինքն եթե Հայաստանի իշխանությունները չցանկանան Իրանի միջամտությունը ապահովել, Իրանի միջոցով այս վտանգը զսպել, բնականաբար Իրանի հնարավորությունները խիստ սահմանափակ են լինելու միջամտելու այդ հնարավոր ռազմական գործողություններին»: