Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 206 շախմատիստ։ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը։ Սակայն հայ շախմատիստները որոշել են չմասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում հանդիպում է կայացել շախմատիստների հետ, նրանք որոշել են, որ աշխարհի գավաթի խաղարկությանը չեն մասնակցի։
Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Մեր շախմատիստներն ասել են, որ լարված մթնոլորտում բացառվում է լիարժեք խաղ ցուցադրել ու լիարժեք շախմատ խաղալ։
Այս որոշման մասին հայտնել են Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը գրառում էր արել՝ նշելով, որ երկընտարնքի առաջ է՝ գնալ Բաքու, թե ոչ. «Երկընտրանքի առջև եմ. ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Ադրբեջանում՝ Բաքվում։ Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից»։
0Comments