12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։
Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Հայաստանում շախմատի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն կա, ինչն անչափ ոգևորիչ է։
«Մենք հիանում ենք Գաբրիելայի հմտությամբ, նվիրվածությամբ և հաղթանակներով։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի տրամադրած աջակցությունը կխթանի նրա մոտ շախմատի համար կարևոր հմտությունների զարգացումը, կօգնի բարելավել նրա վարկանիշը և նվաճել ևս մեկ չեմպիոնի տիտղոս»,- նշեց Հայկ Ստեփանյանը։
2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիա մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում և աջակցում տաղանդավոր պատանիների առաջընթացին։
0Comments