Երևանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ձերբակալված 2 պաշտոնյաներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստում հայտնեց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
«Ձերբակալությունը տեղի չի ունեցել թաղապետարանի շենքում և իմ ներկայությամբ, ինչպես գրում է մամուլը։ Նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»,–ասաց Մկրտչյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին, ընդգծեց, որ կոռուպցիոն դրսևորումները անընդունելի են։
«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու։
Հիշեցնենք` ավելի վաղ մամուլը գրել էր, որ ձերբակալված երկու պաշտոնյաները կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։
0Comments