Պնդումները, թե պետք է վճարել տուգանքը և հետո դիմել դատարան, սուտ են. ՀՀ ԱՆ

Մանրամասներ
մուրճ

Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծով չի սահմանվում, որ քաղաքացին տուգանքը նախ պետք է վճարի, հետո միայն կարողանա դիմել դատարան ու վիճարկել այն։ ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը։

«Մանթաշյանց» գործարար ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանն ավելի վաղ գրել էր, թե արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված փոփոխությունների նախագիծն աբսուրդային է։ Նա նշել էր, որ ըստ առաջարկվող նախագծի` եթե անհատի կամ բիզնեսի վրա ակտ են գրում, ապա այդ ակտի վիճարկումը չի կասեցնելու դրա վճարումը։

Նախարարությունից պարզաբանել են՝ փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն` անձինք, միևնույնն է, կարողանալու են միջնորդել և դատարանի որոշմամբ տուգանքը չվճարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Նախարարությունից հայտնում են նաև, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հետևանքով վարչական ակտի գործողության կասեցումից զատ գործում են մի շարք բացառություններ։

«Նշված բացառությունները առանձին դեպքերի համար սահմանում են, որ տվյալ դեպքում վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա վիճարկումը չի հանգեցում վարչական ակտի ինքնաբերաբար կասեցման, և հայցվորը կրկին, ըստ անհրաժեշտության, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան: Այդ բացառությունները ներկայում հասել են թվով 8-ի, և անգամ կարելի է ասել, որ դրանց կիրառումն է դարձել ընդհանուր կանոն: Ըստ այդմ` ԱՆ-ն առաջարկել է այս բացառությունների շարքը ժամանակի ընթացքում լրացնելու փոխարեն սահմանել ընդհանուր կանոն, այն է՝ վարչական ակտի գործողությունը այն վիճարկելու դեպքում շարունակվում է, քանի դեռ հայցվորը չի ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և դատարանը չի բավարարել այն»,- ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից վստահեցրել են՝ սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում: Այսինքն՝ առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը։ Լինելու է մի տարբերություն՝ ըստ անհրաժեշտության` անձի հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորվի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի:

Միաժամանակ նախագծով նաև նախատեսվել է հնարավորություն, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս դատարանը գա եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, վերջինը հնարավորություն ունենա անմիջապես կիրառելու հայցի ապահովման միջնորդությունը՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը:

Այսինքն` վարչական ակտի գործողությունը փաստացի չի կասեցվելու երկու հիմքով՝ 1-ին դեպքում՝ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար, և 2-րդի դեպքում՝ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է:

«Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարի վերադարձի համար: Ընդ որում` հատուկ նախատեսվել է նաև, որ վարչական դատարանի հայցի ապահովման վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն կարող է լինել՝ որպես մեկ այլ հավելյալ երաշխիք»,- հայտնում են նախարարությունից:

Գերատեսչությունից վստահեցնում են՝ բոլոր այն պնդումները, թե մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չեն արտացոլում նախագծի մշակմամբ հետապնդվող նպատակները։