ԵԱՏՄ երկրների վրա կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում։ Այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Սարգսյանն ընդգծեց, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է` դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի` տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։
«Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է»,– նշեց նա։
Նա անդրադարձավ նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան և ևս 2 այլ երկիր շրջանցում են ռուսական պաժամիջոցները։ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը շեշտեց, որ այդ առումով ռիսկեր կան, որ Արևմուտքը կարող է ճնշումները մեծացնել Հայաստանի նկատմամբ։ Սարգսյանն ընդգծեց` ռիսկեր և ճնշումներ եղել են նաև այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի վրա։
Նա վստահեցրեց, որ այսօր էլ ՀՀ ներկայիս իշխանությունը ռիսկերը նվազեցնելու համար օգտագործում է այն մեխանիզմները, որոնք գործածվել են իր վարչապետ լինելու տարիներին, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից։
«Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ առավել օգուտ ստանա ստեղծված իրավիճակից, և այդպես էլ անում է։ Պետք է հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք պատժամիջոցներ են կիրառում` ցույց տալով, որ Հայաստանը գործում է իր սեփական շահերից և ոչ այլ երկրների»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ հայտարարեց, որ Արևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն են թողել ԱՊՀ երկրների վրա` կառուցվել են ապագայի ծրագրեր, մասնավորապես` բիզնեսի աջակցման համար։
0Comments