«Իրատես» թերթը գրում է. «Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի եւ շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։
Ինչո՞վ է պայմանավորված գների այս կտրուկ բարձրացումը։ Համաշխարհային շուկայում ձեթի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 6 %-ով, տրամաբանական է, որ Հայաստանում էլ պիտի բարձրանար, սակայն նույն ժամանակահատվածում համաշխարհային շուկայում շաքարավազի գինը կրճատվել է 0,9 %-ով։
Հարց է առաջանում` ինչու՞ է շաքարավազի գինը Հայաստանում մեկ շաբաթում կտրուկ բարձրացել։ Արդյո՞ք այստեղ մենք գործ չունենք ներկրողների «համաձայնեցված» գործողությունների հետ։
Ինչու՞ ենք ասում համաձայնեցված, որովհետեւ մեկ տարուց ավելի է, ինչ պետական պատկան կառույցները հավաստիացնում են, որ շաքարավազի ներկրման շուկան Հայաստանում այլեւս մենաշնորհային չէ, եւ ցանկացած ոք կարող է զբաղվել շաքարավազի ներկրմամբ։ Եթե այդպես է, ուրեմն ժամանակն է, որ շաքարավազի շուկայով լրջորեն զբաղվի ՏՄՊՊՀ-ն։
Ի դեպ, բոլորովին վերջերս այս կառույցն արձանագրել էր զինվորական համազգեստի եւ ծաղկի վաճառքի շուկաներում գների չարդարացված բարձրացում եւ հորդորել պատերազմական իրավիճակում զերծ մնալ գերշահույթ հետապնդելուց։ Սակայն, ինչպես ասում են, խեւին խրատն ինչ անի, սեւին՝ սապոնը։ Վերը նշված հայտարարությունից երկու շաբաթ անց, այսօր էլ մարդիկ բողոքում են զինվորական համազգեստի եւ ծաղկի բարձր գներից։
Գուցե ժամանակն է այս «վայ» գործարարների նկատմամբ 500 հազարից մինչեւ 1 մլն դրամի տուգա՞նք սահմանել, որպեսզի խելքները գլուխները գա, իսկ տուգանքի գումարներն էլ ուղղվեն բանակի սպառազինությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments