Նախորդ 2022 թվականը համաշխարհային տնտեսության մեջ փոփոխություններով լի տարի էր՝ երկարատև համաճարակային իրավիճակ, ուկրաինական ճգնաժամ, դաշնային պահուստների համակարգի տոկոսադրույքների արմատական բարձրացում, համաշխարհային գնաճ, էներգետիկ և պարենային ճգնաժամ և այլն։ «Սև կարապների» և «մոխրագույն ռնգեղջյուրների» փոխադարձ բախումները համաշխարհային տնտեսության «նավակը» նետեցին դեպի հակառակ քամիների հոսք, որից հետո վերականգնման ուղին լցվեց ռիսկային հանգամանքներով:
Ոչ վաղ անցյալում Համաշխարհային բանկը հրապարակեց «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» խորագրով վերջին զեկույցը, որտեղ 2023 թվականին կանխատեսվում էր մինչև 1,7% իջեցված համաշխարհային տնտեսական աճ, ինչը 1,3 տոկոսային կետով ցածր է անցյալ տարվա հունիս ամսվա կանխատեսումից։ Համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է՝ մոտենալով անկման վտանգավոր շեմին։
Ընդդիմանալով ուժեղ «քամիներով և ալիքներով» լի արտաքին միջավայրին՝ Չինաստանի տնտեսությունը ամուր կանգնած է առաջնագծում, անշեղորեն առաջ է շարժվում՝ գրանցելով կայուն առաջընթաց, պահպանելով երկարաժամկետ բարելավման հիմքեր, մտնելով զարգացման նոր փուլ։ Չինաստանը պայմաններ է ստեղծում, որպեսզի համաշխարհային տնտեսությունը, անցնելով «մառախուղի» միջով, հասնի էլ ավելի բարձր զարգացման մակարդակի, վստահություն է ներշնչում և զարգացման նոր հնարավորություններ բացում աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:
- Չինաստանի տնտեսական ձեռքբերումները 2022 թ․-ին։
2022 թվականին, չնայած երկրի ներսում և երկրից դուրս բազմաթիվ անսպասելի գործոնների ազդեցությանը, Չինաստանը կայունացրեց մակրոտնտեսությունը, տնտեսական հզորությունը հասավ նոր մակարդակի, կայունացան զբաղվածությունը և գնաճը, կամային ազդակը շարունակեց աճել, բարձր մակարդակի բաց քաղաքականությունը ընդլայնվեց՝ ցույց տալով հետևյալ առանձնահատկությունները.
- Ընդհանուր վերելք։ 2022 թվականի Չինաստանի ազգային տնտեսական և սոցիալական զարգացման վիճակագրության տեղեկագիրը ցույց է տալիս, որ 2022 թվականին չինական տնտեսության ընդհանուր չափը շարունակում է աճել՝ գերազանցելով 121 տրլն յուանը կամ մոտ 18 տրիլիոն ԱՄՆ դոլարը, ինչը 3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, ինչպես նաև ավել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցուցանիշերից։ Հացահատիկի համախառն բերքը հասել է 686,55 միլիարդ կգ-ի․ հարկ է նշել, որ այս ցուցանիշը արդեն 8 տարի շարունակ գերազանցում է 650 միլիարդ կգ-ը։ Սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 2%-ով, ինչը շատ ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում արձանագրված մոտ 8% գնաճը: Արտաքին առևտրի ծավալն առաջին անգամ գերազանցել է 40 տրլն յուանի նշագիծը՝ հասնելով 42 տրլն յուանի կամ մոտ 6,3 տրլն ԱՄՆ դոլարի՝ պահպանելով 6 տարի շարունակվող աշխարհի առաջատար երկրի կարգավիճակը ապրանքների առևտրի ոլորտում։ Միջազգային վճարային հաշվեկշիռը շարունակել է բարելավվել, իսկ արժութային պահուստների մնացորդը տարեվերջին կազմել է 3127,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով առաջին տեղը աշխարհում։
- Ամուր կայունություն։ Առաջին՝ արդյունաբերության ամուր կայունություն: Ավելի քան 40 տարվա բարեփոխումների և բաց քաղաքականության շնորհիվ հատկապես Չինաստանի Կոմունիստական կուսակցության XVIII-րդ համագումարից հետո Չինաստանը աստիճանաբար կառուցել է աշխարհի ամենաամբողջական և ամենամեծ արդյունաբերական համակարգը և ունի ամենաբարդ և ամբողջական արդյունաբերական շղթան աշխարհում: Համաշխարհային մատակարարման շղթային լիարժեք ինտեգրման շնորհիվ Չինաստանի տնտեսությունը սերտորեն կապված է համաշխարհային տնտեսությանը, և նրա կարգավիճակը՝ որպես «համաշխարհային գործարան», ամրապնդված է: Երկրորդ՝ շուկայի ամուր կայունություն։ Չինաստանի գերմասշտաբային ներքին պահանջարկի շուկան առանձնանում է պահանջարկի բազմազանությամբ և հարստությամբ, ծավալային զգալի առավելությամբ և արագ վերականգնման հզոր կարողությամբ, նորարարության առաջնորդությամբ և ռիսկերի դիմացկունությամբ: Երրորդ՝ անվտանգության ամուր կայունություն: Չինաստանի արդյունաբերական և մատակարարման շղթան բնութագրվում է համապարփակ կատեգորիաներով, մեծ մասշտաբներով, գիտական հետազոտությունների և արտադրության սերտ ինտեգրմամբ, ուժեղ անկախ նորարարական կարողություններով, ինչպես նաև ակնհայտ առավելություններ ունի արդյունաբերական կայունության և ռիսկերի հանդուրժողականության տեսանկյունից:
- Մեծ ներուժ։ Հանդիսանալով զարգացող երկիր՝ Չինաստանն ունի ուշ զարգացման առավելությունները՝ ստանալ մեծ հնարավորություններ բարելավելու տեխնոլոգիայի, արդյունաբերության և կառավարման արդյունավետությունը նոր տեխնոլոգիաների և ոլորտների ներդրման միջոցով, յուրացնելով դրանք՝ ստեղծել նոր մեծ ներուժ արագ աճ ապահովելու համար։ Վերջին տարիներին չինական թվային արդյունաբերությունը տպավորիչ առաջընթաց է գրանցել, և նոր տեխնոլոգիաների ներդրման և ապագայում դրանց կիրառման ընդլայնման շնորհիվ Չինաստանը տնտեսության ոլորտում աճի ավելի մեծ հնարավորություններ կունենա: Բացի այդ, Չինաստանի ավանդական արդյունաբերական ոլորտը հսկայական է և ավանդական արդյունաբերության թվայնացումը հետագա զարգացում կունենա, իսկ ավանդական արդյունաբերության համադրությունը արհեստական ինտելեկտի, բանացանցի և այլ տեխնոլոգիական կիրառությունների հետ մեծապես կբարձրացնի արտադրողականությունը:
- Եռանդ։ Արդյունաբերության նոր ճյուղերի արագ աճը նոր շունչ է հաղորդել չինական տնտեսությանը: 2022 թվականին բարձր տեխնոլոգիաների արտադրության ավելացված արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 7,4%-ով, ինչը կազմում է արդյունաբերական ձեռնարկությունների ավելացված արժեքի 15,5%-ը: Սարքավորումների արտադրության արդյունաբերությանը բաժին է ընկել արդյունաբերության ավելացված արժեքի սահմանված չափի 31,8%-ը: Էներգիայի նոր մեքենաների, արևային մարտկոցների և արդյունաբերական ռոբոտների արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է համապատասխանաբար 90,5%-ով, 46,8%-ով և 21%-ով: Հանրային գիտահետազոտությունների և փորձակոնստրուկտորական ծախսերը հասել են 3,1 տրիլիոն յուանի, կամ մոտ 460 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 10,4%-ով և պահպանելով երկնիշ աճ 7 տարի անընդմեջ: 2022 թվականի վերջերին Չինաստանում գյուտերի արտոնագրերի քանակը կազմել է 4,212 միլիոն՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը։ Ամրապնդվել է ձեռնարկությունների գերիշխող դիրքը նորարարությունների ոլորտում, արագացել է նորարարական ձեռքբերումների ներդրման տեմպը։ Չինական ձեռնարկությունների գյուտերի արտոնագրերի ինդուստրացման տեմպերը հասել են 48,1%-ի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1,3 տոկոսային կետով։
- Լավ հեռանկարներ։ 2023 թվականի սկզբից Չինաստանի տնտեսությունը բարգավաճում է, երկրի տարբեր վայրերում խոշոր պայմանագրեր են կնքվել մեծ նախագծերի իրականացման համար, իսկ սննդի և զբոսաշրջության շուկան աստիճանաբար մեծ թափ է հավաքում: Հոնկոնգյան բաժնետոմսերի, չինական կոնցեպտուալ բաժնետոմսերի և A դասի բաժնետոմսերի արժեքները շարունակում են կտրուկ աճել, իսկ օտարերկրյա ներդրողների վստահությունը չինական ակտիվների նկատմամբ զգալիորեն բարձրացել է: «Morgan Stanley» բանկը Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 5,7%: Համաճարակի կանխարգելման և վերահսկման գործում մեծ հաղթանակ տանելով՝ Չինաստանի տնտեսական և սոցիալական կենսունակությունն ավելի է մեծացել և այն շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության վերականգնման «կայունացուցիչը» և աճի «շարժիչը»:
- Չինաստանը կշարունակի բարձր մակարդակով նպաստել բաց քաղաքականությանը։
Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության XX-րդ համագումարի զեկույցում նշել է, որ «Չինաստանը հավատարիմ է բաց քաղաքականության և փոխշահավետության ռազմավարությանը։ Չինաստանը նոր զարգացումներով մշտապես նոր հնարավորություններ է ընձեռում աշխարհին և նպաստում բաց համաշխարհային տնտեսության կառուցմանը, որն էլ ավելի շատ օգուտ է բերում բոլոր երկրների բնակչությանը»: Ապագայում Չինաստանը ավելի ակտիվ կերպով հետամուտ կլինի բաց քաղաքականության ռազմավարությանը և կնպաստի արտաքին բաց քաղաքականության ավելի մասշտաբային, լայնածավալ և խորը մոդելի ձևավորմանը։
- Կայուն կերպով խթանել ինստիտուցիոնալ բաց քաղաքականությունը՝ բացելով ավելի ու ավելի լայն հորիզոններ:
Չինաստանի բաց քաղաքականության մոդելի որակի և մակարդակի շարունակական բարելավման շնորհիվ բաց քաղաքականությունը աստիճանաբար ընդլայնվել է ապրանքների և գործոնների շարժունակությունից մինչև այնպիսի ինստիտուցիոնալ բացություն, ինչպիսիք են կանոնները, կանոնակարգերը, կառավարումը և ստանդարտները: Այսուհետ Չինաստանը առաջատար դիրք կզբաղեցնի միջազգային տնտեսական և առևտրային կանոնակարգերի բարձր չափանիշներին ինտեգրվելու գործում և կհենվի բարձր ելակետով մեկնարկային պլանավորման և բարձր մակարդակի շինարարության վրա: Չինաստանը այսուհետ ևս ակտիվորեն կհարմարվի միջազգային առևտրի և տնտեսական կանոնների վերակառուցման նոր միտումներին, կհետևի ինստիտուցիոնալ նորարարություններին, կձևավորի, կտարածի և կկիրառի մի շարք հաջողված փորձեր կանոնների ամրացման, բացության և նորարարության մեջ, ինչպես նաև կստեղծի բացության նոր բարձունքներ` ավելի բարձր մակարդակի հետևողականությամբ, ավելի բարենպաստ միջավայրով և ավելի ուժեղ ճառագայթման էֆեկտով:
Ակտիվորեն կմասնակցի միջազգային կանոնների ձևավորմանը, կնպաստի արդար, ողջամիտ և թափանցիկ միջազգային կանոնների համակարգի ձևավորմանը և տնտեսական գլոբալացման զարգացման ավելի բաց, ներառական, ընդգրկուն, հավասարակշռված և փոխշահավետ ուղուն։ Հետագայում էլ ավելի կհեշտացնի օտարերկրյա կապիտալի մուտքը շուկա, կխթանի օտարերկրյա ներդրումները, կկենտրոնանա օտարերկրյա ֆինանսավորվող ձեռնարկությունների համար ավելի բաց, թափանցիկ և ստանդարտացված բիզնես միջավայրի ստեղծման վրա և կձգտի ներգրավել ավելի շատ բարձրորակ օտարերկրյա կապիտալ:
- Շարունակել անցկացնել բարձր մակարդակի տնտեսական և առևտրային միջոցառումներ և կայուն կերպով բարելավել բացության որակը։
Կանտոնի տոնավաճառից մինչև սպասարկման տոնավաճառ, ներմուծման միջազգային ցուցահանդեսից մինչև սպառողական ապրանքների ցուցահանդես, ապրանքների առևտրից մինչև ծառայությունների առևտուր, «մուտք արտասահման» ռազմավարությունից մինչև «օտարերկրյա գրավչություն» ռազմավարություն․ Չինաստանը կշարունակի բարձր մակարդակի միջազգային առևտրատնտեսական միջոցառումներ անցկացնել, ստեղծել միջազգային հարթակ գլոբալ փոխանակման և բաց համագործակցության համար, խթանել ռեսուրսների երկկողմանի հոսքը, ինչպիսիք են ապրանքները, ծառայությունները, տեխնոլոգիաները և ավելի շատ կենսունակություն ներարկել համաշխարհային առևտրի և ներդրումային համագործակցության մեջ:
- Ակտիվորեն նպաստել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության որակյալ համատեղ շինարարությանը՝ ի շահ աշխարհի:
2022 թվականի օգոստոսին Չինաստանի ապրանքների առևտուրը «Մեկ գոտի և մեկ ճանապարհ»-ի երկայնքով գտնվող երկրների հետ կազմում էր մոտ 12 տրիլիոն դոլար։ Իսկ երթուղու երկայնքով գտնվող երկրներում ուղղակի ոչ ֆինանսական ներդրումների ծավալը գերազանցել է 140 մլրդ ԱՄՆ դոլարը։ Ներկայումս «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության որակյալ համատեղ շինարարությունը ստացել է աշխարհի ավելի քան երեք քառորդ երկրների և տասնյակ միջազգային կազմակերպությունների ակտիվ աջակցությունը և շարունակում են «նվագել» «կոշտ կապի», «փափուկ կապի» և «ջերմ կապի» սիմֆոնիայի ելևէջները»: Ապագայում Չինաստանը պատրաստ է աշխատել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության երկայնքով տեղակայված երկրների հետ՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ուսումնասիրելու համագործակցության նոր մեխանիզմների ստեղծման հնարավորությունները, նպաստելու քաղաքական կոնսենսուսի փոխակերպմանը կոնկրետ գործողությունների, իսկ հայեցակարգային ինքնությունը՝ գործնական արդյունքների։
Չինաստանը կընդլայնի առևտրային հարաբերությունները երթուղու երկայնքով տեղակայված երկրների հետ, կխորացնի առևտրի և ներդրումների ազատականացումը և դյուրացումը, կընդլայնի եռակողմ կամ բազմակողմ շուկայական համագործակցությունը և կշարունակի միջազգային համագործակցությունը արտադրական կարողությունների ոլորտում: Կնպաստի կապիտալի ինտեգրմանը՝ ներգրավելով ավելի շատ միջազգային ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև կկատարելագործի դիվերսիֆիկացված ներդրումների և ֆինանսավորման համակարգերը։ Կակտիվացնի միջանձնային և մշակութային փոխանակումները, կամրապնդի փոխանակումները և համագործակցությունը տեղեկատվության ոլորտում և կստեղծի նոր աճի կետեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, մեծ տվյալները, թվային ֆինանսները, էլեկտրոնային առևտուրը և «կանաչ» էներգիան: Ջանքեր կգործադրի մի շարք բարձրորակ, կայուն և որակյալ նախագծեր իրականացնելու համար, որոնք օգուտ կբերեն բնակչությանը և կնպաստեն որակյալ զարգացմանն ու ընդհանուր բարգավաճմանը:
Չինաստանի բարեփոխումները և բաց քաղաքականությունը ոչ միայն նոր խթան հաղորդեցին համաշխարհային տնտեսության կայունությանը, այլ նաև նպաստեցին գլոբալ կառավարման օրակարգում չինական ծրագրերի ներդրմանը: Բարեփոխումների սկզբից ի վեր Չինաստանը չի փոխառել որևէ դոգմա, չի կրկնօրինակել գոյություն ունեցող որևէ մոդել, ուղի կամ այսպես կոչված հայտնի սկզբունք, այլ կենտրոնացել է արտադրողական ուժերի զարգացման, ընդհանուր ազգային հզորության բարձրացման և ժողովրդի նյութական կենսապայմանների բարելավման վրա։ Հավատարիմ մնալով աստիճանական բարեփոխումներին՝ պահպանել է բարեփոխումների, զարգացման և փոխանակման հայեցակարգերը և ուսումնասիրել զարգացող երկրների համար ազգային վերածննդի հասնելու հաջող ուղին: Չինաստանը չի ձգտում համաշխարհային տնտեսական գերիշխանության, չի քարոզում իր զարգացման մոդելը: Նա ակտիվորեն հանդես է գալիս զարգացող երկրների, հատկապես զարգացող տնտեսությունների օգտին, բարձր է պահում մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցման գաղափարը և առաջարկում է գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթական նախաձեռնություններ: Չինաստանը կարևոր ներդրում է կատարել գլոբալ բացության և համագործակցության զարգացման մեջ, ապահովել մեծ թվով հանրային բարիքներ և բազմաթիվ հարթակներ ստեղծել միջազգային համագործակցության համար, գլոբալ խնդիրների լուծմանը տվել է չինական իմաստություն, խթանել երկարաժամկետ խաղաղությամբ, համընդհանուր անվտանգությամբ, համատեղ բարգավաճմամբ, բաց, մաքուր և գեղեցիկ աշխարհի կառուցումը։
- Չինաստանի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար։
2022 թվականին հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ХХ-րդ համագումարը և կազմվեց Չինաստանի տնտեսական զարգացման նոր պլան։ Այս տարվա մարտին անցկացված «երկու սեսիաների» ժամանակ նախագահ Սի Ծինփինը շեշտեց, որ «բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգի կառուցման և արտաքին աշխարհի նկատմամբ բարձր մակարդակի բացության ապահովման պահանջներին համահունչ՝ մենք պետք է խորացնենք բարեփոխումները առանցքային ոլորտներում և միասնական պլանավորման միջոցով խթանենք ժամանակակից ենթակառուցվածքային ու բարձր չափանիշներով շուկայական համակարգերի կառուցումը, ինչպես նաև ընդլայնենք ինստիտուցիոնալ բացության կայունությունը»: Պատասխանելով չինացի և օտարերկրյա լրագրողների հարցերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը նշել է, որ «բարեփոխումները և բաց քաղաքականությունը ժամանակակից Չինաստանի հետագա ճակատագրի որոշիչ առանցքային քայլերն են: Չինական ոճով արդիականացման առաջխաղացման և երկրորդ դարի պատմական նպատակներին հասնելու համար մենք պետք է հետևենք բարեփոխումներին և քայլենք «բացության ճանապարհով»»: Մենք պետք է պահպանենք սոցիալիստական շուկայական տնտեսության բարեփոխման ուղղությունը, բարձր մակարդակի վրա պահենք բացությունն արտաքին աշխարհի համար և մշտապես ուժեղացնենք զարգացման տեմպն ու կենսունակությունը բարեփոխումների խորացման և բացության գործում»:
«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Հայաստանի Գառնի և Դվին հնավայրերում հնագետները վաղ միջնադարյան չինական ճենապակի և այլ իրեր են հայտնաբերել։ Վիշապը և փյունիկը չինական մշակույթի և արվեստի կարևոր խորհրդանիշներն են, իսկ կիլիկյան մանրանկարչության մեջ կան բազմաթիվ վիշապային էլեմենտներ, ինչը ցույց է տալիս, որ երկու հնագույն քաղաքակրթությունների միջև եղել են բազմաթիվ նմանատիպ գաղափարներ և փոխկապակցված մշակույթներ: Հին Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները Չինաստան էին առաքում ոսկերչական իրեր, դեղորայք, ներկանյութեր և կաշի, իսկ հետ էին բերում մետաքս, խեցեղեն և այլն։ Այս առևտրային ուղին դարձավ նաև հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ։
Չինաստանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 31 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրները միշտ հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին` պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։ Երկու երկրները հաստատակամորեն աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում։ Երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։
2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Ըստ չինական կողմի վիճակագրության՝ 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։ Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը, ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումն և այլն, որոնք դրական ներդրում են հանդիսանում երկրի տնտեսական զարգացման գործում։ Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում սովորել չինարեն լեզուն և ճանաչել չինական մշակույթը։ Բացի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտից, չինական կողմը բացել է Կոնֆուցիոսի ևս 3 դասարան և չինարենի 10 ուսուցման կենտրոն։ Չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել`գերազանցելով 3500-ը: Արագ տեմպերով խթանվում է չինարեն լեզվով ուսումնական նյութերի տեղական ստանդարտներին համապատասխանեցումը և չինարեն լեզվի առցանց դասերի կազմակերպումը:
Քանի որ Չինաստանի տնտեսական զարգացումը շարունակում է բարելավվել, բարեփոխումները և բաց քաղաքականությունը շարունակում են իրենց պտուղները տալ, իսկ կորոնավիրուսային համաճարակի բռնկման կանխարգելումն ու վերահսկումը հանգեցրել են մեծ հաղթանակի: Հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի՝ Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։
Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, կիսվել իր զարգացման փորձով ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:
Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ․ չին-հայկական հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և զարգացման միտում ունի։ Վստահ ենք, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
0Comments