Ինչ է սպասվում ԱԻՆ-ի լուծարումից հետո․ Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն կստանա՞

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հունիսի 30-ը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը»,- ասաց ԱԻՆ-ի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ նախարարությունը լուծարվելու է հունիսի 30-ին, եւ այս պահին նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքի է հաճախում սովորականի պես: Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ նրան նախարարությունում վաղուց չեն տեսել:

Հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունի Փամբուխչյանը, մեր տեղեկություններով` նրան առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, որքանո՞վ է ճշմարտացի դա: Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի մոտ ընդունված պրակտիկա է դարձել պաշտոնաթողներին իրեն խորհրդական կարգելը, օրինակ` Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյան, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան, երեկ էլ տեղեկացանք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է դարձել Փաշինյանի խորհրդական: Հայկ Կոստանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ»։