«Գոլդ» համարանիշները կդրվեն աճուրդի․ Նոր նախագիծ

Մանրամասներ

Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոխել ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» գործող օրենքով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:

Հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսը` 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։

Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։

Ընդունվելու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: