Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ի համաձայնագրերից

Մանրամասներ

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր մարմիններում իր ներկայացուցչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ինտերֆաքսին հայտնել են Մոլդովայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

Որոշում է ընդունվել, որ Թեոդոր Յովուն հետ է կանչվում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնից։ Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն կառավարության նիստում ասել է, որ «որոշումն ընդունվել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահների նշանակման և ռոտացիայի համար քվոտաների հատկացման մասին համաձայնագրի դրույթների հիման վրա»:

Փետրվարի սկզբին Մոլդովայի խորհրդարանը հետ էր կանչել ԱՊՀ-ի անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունում իր ներկայացուցչին։

Տեղեկատվական գրության մեջ նշվել է, որ «որոշումն ընդունվել է միջխորհրդարանական կազմակերպությունների վարչական մարմիններում Մոլդովայի խորհրդարանի մշտական ​​ներկայացուցիչների գործունեության քննարկման արդյունքում»։

Բացի այդ, փետրվարին Պոպեսկուն հայտարարել էր, որ Մոլդովան սկսում է ԱՊՀ-ի շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթաց։ Նրա խոսքով՝ հանրապետությունը մասնակցում է ԱՊՀ-ի շուրջ 330 համաձայնագրերի, որոնցից շատերը վերանայման կարիք ունեն։

Նա հիշեցրել է, որ Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին, ուստի «արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններին ստորադասվելու են եվրոպական ինտեգրմանը»։

«Ելնելով դրանից՝ մեր նպատակներին անհամատեղելի ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը կշարունակվի», – հայտարարել է Պոպեսկուն և նշել, որ միայն ՆԳՆ-ի գծով պլանավորվում Է դուրս գալ մոտավորապես 20 համաձայնագրից: