Հեղինակավոր ինսայդեր Shrimpappplepro-ն Twitter-ի իր էջում հայտնել է, որ iPhone 15-ի բազային մոդելները նոր տեսախցիկ կստանան։ Ինսայդերը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։
Ինչպես տեղեկացնում է Gsmarena.com-ը, հավանաբար, խոսքն այն մասին է, որ հիմնական iPhone 15-ները կստանան 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro մոդելում:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ: Ըստ այդ լուրերի՝ նորույթը կստանա նաև նոր Dynamic Island, որն օգտագործվում է iPhone 14 Pro-ում, ինչպես նաև USB Type-C միակցիչ։
Ինչ վերաբերում է Pro մոդելներին, ապա կարող են լինել 6.1 դյույմանոց iPhone 15 Pro և ավելի մեծ iPhone 15 Pro Max կամ նույնիսկ iPhone 15 Ultra: Ակնկալվում է, որ այս մոդելների դեպքում Apple-ը կհրաժարվի հարթ եզրերից․ այս հեռախոսները կունենա կլորացված եզրեր։
Նաև հաղորդվում էր, որ iPhone 15-ը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը Lightning միակցիչի փոխարեն կօգտագործի USB-C, սակայն սարքը լիցքավորելու համար կպահանջվի ընկերության կողմից վավերացված լար։
Ըստ վերլուծաբան և Display Supply Chain Consultants և DisplaySearch հետազոտական ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգի՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելները գրեթե նման կլինեն իրար, իսկ նոր շարքը, ամենայն հավանականությամբ, կունենա չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Ultra։
Խոսակցություններ կային նաև այն մասին, որ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը երկուսն էլ կաշխատեն 3 նմ Apple A17 չիպով, որը կունենա զգալիորեն բարելավված կատարողականություն և էներգիայի արդյունավետություն Apple A16 պրոցեսորի համեմատ: Երեք նանոմետրանոց տեխպրոցեսն ունի մի շարք առավելություններ 5 նմ պրոցեսի նկատմամբ. էներգիայի սպառումը կրճատվում է 34%-ով նույն կատարողականի համար, կատարողականը բարելավվում է 18%-ով նույն էներգիայի սպառման դեպքում, և տրանզիստորների խտությունը կարող է ավելացվել 60%-ով։
Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ այս տարվա մոդելներն ունեն ընդամենը 6 ԳԲ հիշողություն:
Ըստ լուրերի՝ Apple-ը կարող է iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի ձայնի և միացման սովորական կոճակները փոխարինել սենսորային կառավարմամբ: Այնուամենայնիվ, շատ օգտատերեր կարծում են, որ դա լավ գաղափար չէ, քանի որ նման կոճակները ամենայն հավանականությամբ կարձագանքեն նաև պատահական հպումներին:
0Comments