Նեպալում ինքնաթիռի վթարի հետեւանքով բոլոր մարդիկ զոհվել են

Մանրամասներ

Նեպալի Պոխարա քաղաքում կիրակի օրը վթարի է ենթարկվել ATR-72 մարդատար ինքնաթիռ, որում եղել է 72 մարդ, հայտնում է India Today-ը։

Հաղորդվում է, որ այն վթարի է ենթարկվել օդանավակայանում վայրէջք կատարելուց տասը վայրկյան առաջ, ինչի հետեւանքով բոլորը զոհվել են:

Ինքնաթիռը կործանվել է անտառապատ տարածքում, որը գտնվում է Սեթի Գանդակի գետի ափին, որը հոսում է հին ներքին օդանավակայանի եւ Պոխարա միջազգային օդանավակայանի միջեւ։

Երբ ինքնաթիռը կործանվել է, այն բռնկվել է, փրկարարները փորձել են հանգցնել այն։ Ուղեւորների ցուցակի համաձայն՝ ինքնաթիռում գտնվողներից 11-ը օտարերկրյա հյուրեր են եղել, իսկ երեքը՝ նորածիններ։

«Վթարի պահին ինքնաթիռում եղել են 53 նեպալցի, հինգ հնդիկ, չորս ռուս, մեկ իռլանդացի, երկու կորեացի, մեկ արգենտինացի եւ ֆրանսիացի», - հայտնել են օդանավակայանի պաշտոնյաները:

Կառավարությունը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Պոխարա օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետ։