McDonald's-ի բուրգերներից 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ մահացել

Մանրամասներ
McDonald's

Ամերիկյան McDonald's ընկերության արժեթղթերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է զանգվածային թունավորման մասին։ Առնվազն 49 մարդ տուժել է, մեկը՝ մահացել։ Թունավորման պատճառը եղել է Quarter Pounder բուրգերը, քանի որ բոլոր թունավորվածները հենց այս ուտեստն են կերել:

Ըստ մասնագետների՝ գրանցվել է աղիքային ցուպիկի (E. coli) բռնկում: ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից ուսումնասիրված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բուրգերներում օգտագործված մանրացված սոխը վարակի հավանական աղբյուրն է: Այս մասին գրում է CNN-ը:

Այս սկանդալի ֆոնին ընկերության արժեթղթերի գինը կտրուկ նվազել է 9%-ով, գրում է MarketWatch-ը: Սակայն առևտրային նստաշրջանի փակման դրությամբ արժեթղթերի գնի նվազման տեմպերը փոքր-ինչ թուլացել են՝ հասնելով մինչև 5,8%: Մեկ արժեթղթի գինը նվազել է 18,25 դոլարով՝ հասնելով 296,44 դոլարի։ 

Թունավորման դեպքերը գրանցվել են 10 նահանգներում, 49 թունավորվածներից 10-ը, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացվել են: