Հունվարի 30-ից փետրվարի 4-ը կանցկացվի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Մանրամասներ

Հունվարի 30-ից փետրվարի 4-ը մայրաքաղաքի «Դինամոյում»  կանցկացվի բռնցքամարտի ՀՀ առաջնությունը: Դա ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի: Այս մասին ասել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։ Հայտնում են ՀԱՕԿ-ից։

Այդ ստուգատեսը ցույց կտա թե մեր տղաներից ով ինչպես է մենամարտում արտերկրյա ստուգատեսում: Այս հարցում, ինչպես զրույցում նշել է Աղամալյանը, մարզիչները  սխալվելու իրավունք չունեն: Չէ՞ որ ընտրանին պետք է նախապատրաստվի չափազանց կարևոր մրցաշարերի:

Նշվում է, որ Տաշքենդում մայիսի 1-14-ը կկայանաա աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող Եվրոպայի ամառային երրորդ խաղերը, որը տեղի կունենա Լեհաստանում: Սա առանձնանում է նրանով, որ հաջողակներին կշնորհվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: