Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում մոր և երկու անչափահաս երեխաների դաժան սպանություններից հետո հարազատներն իրենց տեղը չեն գտնում։
MediaHub.am-ին սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի զարմիկը՝ Հովհաննեսը պատմել է, որ Զարինեի ամուսինը Պեմզաշենում է, շոկի մեջ է, կորուստին հարմարվել չի կարողանում։
«Սևակի հետ մեկ անգամ եմ խոսել, երկրորդ անգամ չեմ էլ փորձի։ Չգիտես՝ ինչ խոսես էդ մարդու հետ»,-պատմել է նա։
«Ի՞նչ պետություն, որ պետություն լիներ, սպես բան կեղնե՞ր։ Մենք ոչ մի բան չենք տեսնում, ոչ մի բան էլ չենք մտածում, մտածելու ունակությունից մեզ զրկել են։ Իրար հակասող տեղեկություններ են մեզ հասնում ու վերջ. տանում են, բերում են, կցկտուր բաներ հայտարարում։ Դրանց անունն էլ լսում ենք, զզվում ենք։ Չեմ ճանաչել դրանց, չեմ էլ տեսել»։
Զարմիկը պատմել է, որ Զարինեի ծնողները շատ կապված էին թոռների հետ, բացակայությանը չեն համակերպվում.
«Ծնողները չկան, գոյություն չունեն, միայն ֆիզիկապես են ապրում։ Բացարձակ չեն քնում, գիշեր ցերեկ միայն անուններն են տալիս ու տնքում։ Լույսի պես ընտանիք էին, հրեշտակների նման։ Զարինեն շատ սպասված երեխա էր, երկու եղբոր փոքր քույր էր, մեծ եղբորից տասը տարի է փոքր, միջնեկից՝ ութ։ Երազում էին, որ աղջիկ ունենան, ունեցան․․․»,- ցավը ձայնի մեջ պատմել է զրուցակիցը։
31-ամյա Զարինեի մասին բոլորն են դրական խոսում, 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին էլ գյուղում իրենց դաստիարակությամբ, պահվածքով աչքի էին ընկնում։
«Սևակը մոտ 5 ամիս է, որ ՌԴ-ում էր։ Ասում էին՝ իբր էդ հանցագործները Սևակին ընկեր են եղել։ Ի՞նչ ընկեր, մի գյուղի մարդիկ են եղել ու վերջ։ Երկուսն էլ գյուղում չընդունված, անտեսված մարդիկ են եղել։ Ասում են՝ մեկը հոգեկան հիվանդ է, չեմ հավատում։ Չարիք, զուլում բերեցին, կանգնեցին ղրաղ։ Հիմա Զարինեի ծնողները լաց լինել էլ չեն կարողանում, ուզում են, որ գոնե ցավը մի փոքր դուրս գա, դինջանան, բայց չէ, էդ էլ չեն կարողանում»,-ասել է զարմիկը։
Սպանության կասկածանքով ձերբակալվածները՝ պեմզաշենցի 32-ամյա Վրույր Բարսեղյանը և 41-ամյա Արկադի Բարսեղյանն ազգականներ են։ Վրույրը սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ին ինքնախոստավանական ցուցմունք է տվել, Արկադիի անունը նշել, բայց Արկադին իր մեղավորությունը չի ընդունում։
Զարմիկը պատմել է Զարինեի ծնողների, ամուսնու վիճակի մասին
Մանրամասներ
0Comments