Նախօրեին Կոտայքի մարզի Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, բնակավայրերում 40 րոպե տեղացած ձվի մեծության կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին, ծառերին, կարկուտի ուժգնությունից ապակիներ են կոտրվել:
Կարկուտից անմիջապես հետո բնակիչները փակել էին Հանքավանի ճանապարհը՝ այդ կերպ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար. «Կարտոֆիլի ցանքատարածությունները հողին են հավասարվել, իսկ այս բնակավայրերում եկամուտի միակ աղբյուրը հենց դա է: Դա է մեր գործը: Մենք դրանով ենք ապրում: Վարկ ենք վերցրել, ցանք կատարել՝ հուսալով, որ բերք կստանանք ու եկամուտ կունենանք, բայց այսօր եւ բերքից զրկվեցինք, եւ վարկերը մնացին չմուծված: Մենք խնդրում ենք հնարավորինս արագ հարցը բարձրացնել կառավարությունում եւ ԱԺ- ում։ Կարկուտը գրեթե ամբողջությամբ ավերել է բերքը։
Գյուղերում գործազրկության թիվը մեծ է ու գյուղացին կանգնած է շատ ծանր իրավիճակում ՝ զրկված է իր եկամտի միակ աղբյուրից, գյուղացիներ կան վարկեր են վերցրել հողագործությամբ զբաղվելու համար ու բերքը գրեթե 100%-ով վնասված է, բերքատու ծառները դեռ հարց է կվերականգնվեն ու մյուս տարիներին բերք կտան, թե ոչ: Խոտհարքներում եւս ամեն ինչ ավերվել է, ինչը վնասեց նաեւ անասնապահությանը։ Խնդրում ենք կանգնել գյուղացու կողքին»,-ասում էին բնակիչները:
NEWS.am-ը զրուցել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով նախօրեին անմիջապես մեկնել էր այդ բնակավայրեր, խոսել գյուղացիների հետ։ Վերջինս հայտնեց, որ այս պահին նշված բնակավայրերում հանձնաժողով է աշխատում՝ վնասները գնահատելու ու ընդունված կարգի համաձայն կառավարություն ներկայացնելու համար, որից հետո կառավարությունը որոշում կկայացնի:
Աղավնաձորի վարչական ղեկավարն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ավելի ուժգին կարկուտ անցյալ տարվա օգոստոսին է տեղացել. «Մեր գյուղի 100 ընտանիք գյուղատնտեսական վարկ է վերցրել՝ կարտոֆիլի բարձրորակ սերմացու գնելու համար, սերմ են առել, ցանք կատարել, որ բերք ստանան: Եղանակն էլ բարենպաստ էր, ակնկալվում էր լավ բերք, բայց կարկուտը եկավ ու վնասեց ամեն ինչ: Այս պահին արդեն բոլոր բնակավայրերում հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը: Մտնում են տուն առ տուն՝ վնասը գնահատելու համար: Անցյալ տարի էլ նույն ուժգնությամբ կարկուտ տեղաց, դեռ ավելի ուժեղ, նույն վնասները կրեցինք: Նույն էլ այս տարի: Հակակարկտային կայաններ էլ չունենք»:
0Comments