Նաիրա Զոհրաբյանի հորդորներն անցել են ապարդյուն

Հացադուլը հարցի լուծում չէ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը։

«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյունք։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղազարյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։

Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոչ եմ անում Հովհաննեսին` դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից եւ սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ն. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը երեկվանից հացադուլ է սկսել։  Նա պահանջում է

«Անհապաղ՝
Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»։