Մշակութային, արկածային և գաստրո տուրեր. Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել է դեպի Հայաստան ճանաչողական այցերի հերթական նախագիծը, որում ներգրավված են օտարերկրացի լրագրողներն ու բլոգերները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Աննա Մարգարյանը նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեն արդեն 10 տարուց ավել կազմակերպում է ճանաչողական այցեր տարբեր ձևաչափերով:
«Այս տարի այցերը նոր և յուրահատուկ ուղղվածություն ստացան, քանի որ մայիսից ներկայացնում ենք Հայաստանը նոր բրենդով, որն իր մեջ ներառում է 4 ուղղություն` մշակութային, արկածային, գաստրո և բնահենք տուրիզմ»,- ասաց Աննա Մարգարյանը:
Նա ասաց, որ այս տարի արդեն ունեցել են հյուրեր ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ), Գերմանիայից, Վրաստանից և դեկտեմբերին ունենալու են ևս մի խումբ ԱՄԷ-ից: Հաջորդ տարվա ընթացքում կավելանա ևս մի քանի երկիր:
Հայաստանը թաքնված անկյուն է, որն իդեալական տարբերակ է նոր և հետաքրքիր ուղղություններ ուսումնասիրող և բացահայտող ճանապարհորդի համար:
«Մեր հյուրերը հիանալի հնարավորություն ունեն զգալ մեր երկրի հյուրընկալությունը, խորը արմատներ ունեցող պատմությունը, համեղ խոհանոցը, բացահայտել հիասքանչ տեսարանները և հաստատել նոր կապեր: Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանը նրանց աչքերով: Մենք հրավիրում են իրենց երկրներում մեծ լսարան ունեցող բլոգերների, ինֆլյուենսերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, որոնք լուսաբանում են իրենց այցերը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկներ է բերում Հայաստան տվյալ երկրներից»,-ասաց Աննա Մարգարյանը:
Թե ինչ սկզբունքով են ընտրվել վայրերը, որտեղ լրագրողներն ու բլոգերները այցելելու են, նա նշեց, որ տուրերը կազմվում են՝ հաշվի առնելով խմբի առանձնահատկությունները. մաքսիմալ փորձում են շատ տեսարժան վայրեր ընդգրկել և անել հավասար բաշխում բոլոր 4 ուղղություններով` արկածային, մշակութային, գաստրո, բնահենք տուրիզմ:
Աննա Մարգարյանը հավելեց, որ ֆինանսական ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Զբոսաշրջության կոմիտեն համագործակցում է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ, որոնք տրամադրում են ծառայություններ:
0Comments