Հաջորդ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում

Մանրամասներ

1

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդելով իրավիճակի վրա։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։

- Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։

- Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։

- Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ արդյունաբերությունը։

- Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայով, Բալթիկ զծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։

- Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։

- Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։

Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որն ԱՄՆ-ն չի կարելի անցնել միջուկային տերության դեմ գործելով։ Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։

Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարեւոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է։

Իսկ Ուկրաինան ինչ է լինելու։ Ուկրաինան զոհ է ուրիշի խաղարի մեջ մտնելու ու օգտագործվելու համար։ Կորցնում է որոշ տարածքներ, մտնում է տնտեսական ու բարոյահոգեբանական ետպատերազմյան խորքային ճգնաժամի մեջ, ունի բնակչության մեծ կորուստներ, որոնց մի մասը դեռ շարունակելու է արտագաղթել, մի մասն' ընդմիշտ։ Դա է սեփական շահերը չգիտակցելու ու արտաքին կողմնորոշումներ ունենալու գինը։

Ստեփան Դանիելյան