Գեղամ Մանուկյանը կպատռի Սոչիի հայտարարությունը

Մանրամասներ
ա

Սոչիի հայտարարությունը երեւում է սառը ցնցուղ է դարձել «վաշինգտոնյան տարբերակը» քլնգող եւ ռուսական պլանը գովերգող ռուսապատկան քաղաքական խմբերի, փորձագետների ու զլմ-ների համար։ Երկու օր է լռություն է, իսկ եղած «արդարացումներն» էլ նույնիսկ մանկամտություն հնարավոր չէ համարել։ Առավել եւս, որ այդպես էլ պարզ չէ՝ կա՞ «վաշինգտոնյան տարբերակ», եւ գուցե արժեր նախքան աղմուկ բարձրացնելը մի քիչ մտածել՝ ինչու տեղի ունեցավ այդ «արտահոսքը» ռուսական հատուկ ծառայությունների ալիքով, ինչ խաղ է գնում, ինչու են ռուսական, բրյուսելյան ու վաշինգտոնյան «պլանները» նույնական։ Իսկ այն, որ նույնական են, խոստովանում են անգամ ռուսապատկան խմբերի շրջանում հեղինակություն վայելող ռուս գործիչները, փորձագետները եւ պրոպագանդոններրը։

Իսկ գուցե աղմուկի նպատակը հենց Սոչիի հայտարարությո՞ւնն էր։ Այն իմաստով, որ այն «կուտվեր» աղմուկի ֆոնին։ Չէ՞ որ պարզ է, որ այդ հայտարարությունը Սոչիի հենց հանդիպմանը օրը չի գրվել, իսկ Պուտինի չքմեղանքը «չհամաձայնեցված հարցերի» վերաբերյալ ընդամենը դրա վկայությունն էր։ Դատելով այս օրերի ռուսական հրապարակումներից՝ ավանդական հակահայ ու բացառապես հայերին մեղադրող թեզերով՝ այո։ Միեւնույն ժամանակ, դա էլ մտածելու բան է, թե ինչու 2013-ից սկսած, երբ մեկնարկեց «Կրեմլի քաղաքական նոր կուրսը», մասնավորապես Հայաստանի ուղղությամբ, այդ քարոզչությունը չի դադարում ոչ մի օր։

Բայց մտածելը պահանջում է այլ որակներ ու մոտիվացիա, որոնք հակացուցված են հայկական մեդիա-քաղաքական «իսթեբլիշմենտին»։ Նաղդը բոլոր առումներով գերադասելի է, իսկ հիմարությունները կարելի է ընդունելի դարձնել քանակի ու աղմուկի շնորհիվ։

Դա էլ իհարկե կանցնի՝ իրողությունների անխնա հարվածների տակ, եւ գուցե պետք չէ սպասել այդ հարվածներին։ Եվ դա կարելի է սկսել ռուսապատկան խմբերի առաջիկա հանրահավաքին․ Հայաստան դաշինքի եւ ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ամբիոնից պատռում է Սոչիի հայտարարությունը, որտեղ ոչ միայն խոսք չկա հայոց իրավունքներից, այլեւ նույնիսկ չի նշվում Ղարաբաղ անունը։ Վաշինգտոնյան չեղած տարբերակը պատռելուց հետո Սոչիի ստորագրված հայտարարությունը պատռելը կարեւորագույն ակտ կդառնա։ Պետք է պատռել բոլոր թղթերը, որոնք հակասում են հայկական շահերին ու իրավունքներին։

Սկզբնաղբյուր