Կրուզեյրո դու Սուլի համալսարանի բրազիլացի գիտնականները կանաչ թեյի ճարպակալման և նյութափոխանակության վրա ազդեցության վերաբերյալ նոր տվյալներ են ներկայացրել։ Կանաչ թեյի էքստրակտի երկարատև օգտագործումը լաբորատոր փորձի ժամանակ նվազեցրել է մկների քաշը, բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը և կանխել ճարպակալմանը բնորոշ մկանային հյուսվածքի խանգարումները։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Cell Biochemistry & Function (CM&F) բժշկագիտական հանդեսում:
Պրոֆեսոր Ռոզմարի Օտտոնի գլխավորած գիտնականների թիմն ավելի քան 15 տարի ուսումնասիրում է կանաչ թեյը։
«Ես միշտ հետաքրքրվել եմ, թե որքանով է ճիշտ այն առասպելը, ըստ որի թեյն օգնում է նիհարել։ Մենք տեսնում ենք, որ դրա ազդեցությունը ոչ միայն իրական է, այլև կապված է խոր նյութափոխանակության մեխանիզմների հետ»,- նշել է հետազոտողը։
Փորձի ընթացքում մկներին նախ կերակրել են շոկոլադով, թխվածքաբլիթներով և խտացրած կաթով։ Այնուհետև կենդանիներից մի քանիսը 12 շաբաթ շարունակ ստացել է կանաչ թեյ (էքստրակտ՝ մեկ անձի համար մոտ երեք բաժակին համարժեք չափաքանակով)։ Արդյունքում, մարմնի քաշը նվազել է, վերականգնվել է գլյուկոզի կլանման համար պատասխանատու գեների գործառույթը, և մկանային մանրաթելերը պահպանել են իրենց բնականոն տրամագիծը, ինչը վկայում է ատրոֆիայից պաշտպանության մասին։
Աշխատանքի առանձնահատկությունն այն էր, որ կենդանիները պահվում էին ջերմաչեզոք պայմաններում (28 °C): Սովորաբար փորձերը կատարվում են 22 °C ջերմաստիճանում. մկների շրջանում դա քրոնիկ մրսածություն է, և այն ինքնին մեծացնում է էներգիայի ծախսը։
«Մենք ցանկանում էինք բացառել արտաքին գործոնների ազդեցությունը և ցույց տալ թեյի «մաքուր» ազդեցությունը»,- պարզաբանել է Օտտոնը։
Գիտնականները նկատել են նաև, որ կանաչ թեյը գործում է ընտրողաբար. նիհար կենդանիների շրջանում այն չի նվազեցրել մարմնի քաշը, մինչդեռ գեր կենդանիների շրջանում կանաչ թեյը նպաստել է քաշի կորստին: Օտտոնի բնորոշմամբ՝ դա հաստատում է այն վարկածը, որ թեյի ակտիվ միացությունները գործում են հենց սննդանյութերի ավելցուկի պայմաններում։
«Ճապոնիայում կանաչ թեյը խմում են ամեն օր ամբողջ կյանքի ընթացքում, և այնտեղ ճարպակալման մակարդակը ցածր է: Սակայն մենք նոր ենք սկսում հասկանալ, թե ինչպես է այդ ըմպելիքը գործում օրգանիզմում»,- եզրափակել է Օտտոնը։