Լոնդոնից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Ալինգտոնի հանգիստ գյուղը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում: Անցյալ շաբաթավերջին այստեղ անցկացվել է ամենամյա սվինգերների փառատոնը՝ Սվինգաթոնը, որը գրավել է մոտ 1000 հյուրի, ինչը գերազանցում է տեղի ողջ բնակչությանը (897 մարդ), գրում է NYP-ն:
2020 թվականին մեկնարկած փառատոնը տարեցտարի ավելի մեծ է դառնում՝ դժգոհություն առաջացնելով պահպանողական բնակիչների շրջանում: Միջոցառման ծրագիրը ներառում է «հաճույքի վրան», ձողապար, փրփուրե երեկույթներ, շարժական «բանտեր» և նույնիսկ «բլուդ-բինգո» խաղ:
«Մենք հայտնի ենք դառնում որպես Անգլիայի սվինգերների մայրաքաղաք, և դա այն կարգավիճակը չէ, որը մենք կցանկանայինք ունենալ», - լրագրողներին ասել է տեղի բնակիչներից մեկը: «Այստեղ հիմնականում ապրում են տարեց մարդիկ և ընտանիքներ: Պատկերացրեք նրանց արձագանքը, երբ իմացան, որ իրենց գյուղը Սվինգաթոնի անցկացման վայրն է: Այստեղի մարդիկ ավանդական են, և նման միջոցառումները նրանց համար պարզապես անպարկեշտ են թվում»:
Սա առաջին դեպքը չէ, որ բնակիչները բողոքում են փառատոնից եկող բարձր տնքոցներից և աղմուկից: Այնուամենայնիվ, կազմակերպիչները պնդում են, որ այստեղ գռեհիկություն կամ առողջությանը սպառնացող վտանգ չկա: «Կարծրատիպերին հակառակ, մենք չունենք կեղտոտ երաժշտություն, անպարկեշտ մարդիկ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բռնկումներ»,-նշել է փառատոնի կազմակերպիչ Մեթյու Քոուլը: «Մեր համայնքը հարգալից է, գիտակից և ավելի հակված է անվտանգ սեռական հարաբերություններ վարելուն և թեստ հանձնելուն, քան գիշերային ակումբների դեպքերում»:
Նրա խոսքով՝ Swingathon-ի նպատակն է ստեղծել անվտանգ և ներառական տարածք, որտեղ սեռականության այլընտրանքային ձևերը կարող են ընդունվել առանց դատողությունների:
Միջոցառման տոմսերը արժեն մոտ 250 դոլար: Ինտերակտիվ միջոցառումներից բացի, հյուրերի համար պատրաստել են DJ-ների ելույթներ, կենդանի համերգներ, վարպետության դասեր և կրթական ծրագրեր: