Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Իմ գլխավորած պատվիրակությունն Ալիջանի անցակետով առաջիկայում կմեկնի Երևան՝ մի շարք հանդիպումներ անցկացնելու նպատակով»,-նշել է նա՝ խոսելով Երևան այցելելու իր մտադրության մասին։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ այն անվանելով ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ։ Թուրք ներկայացուցչի խոսքով՝ միջանցքը կբացի ուղիղ մուտք ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև։