Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության մնալը աղետ է բերում Հայաստանին ու ստեղծում է անդառնալի հետևանքներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչև ընտրությունները։
«Ես այդքան էլ լավ չեմ հասկանում նստելն ու ակտիվ ընտրություններին սպասելը։ Մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, այս պահին միակ իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթացը։ Դա այս պահին Փաշինյանի հեռացման՝ Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է։ Եթե կան այլ օրակարգեր, սիրով կքննարկենք, բայց, կարծեք, ոչ մեկ որևէ այլ բան չի առաջարկում։ Իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի առաջնահերթությունը»,- նշեց Մամիջանյանը։
Ըստ նրա, առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել այդ գործընթաց. «Փողոցային ճնշումը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կարևորագույն ու որոշիչ բաղադրիչն է»։
Անդրադառնալով նրան, թե ինչպես է դա իրականացվելու, Մամիջանյանն ասաց, որ առաջին փուլում անհրաժեշտ է խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը միանան այդ գործընթացին, հետևաբար շարունակում են սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին։
«Խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումն առաջին կարևորագույն փուլն է, որ Փաշինյանին անհրաժեշտ է հեռացնել ու կատարել այն խոստումը, որը բոլորս տվել ենք 2021 թվականին, դրան նախորդող փողոցային ակցիաների ժամանակ։ Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կմիանան կամ կառաջարկեն այլընտրանքային օրակարգ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարցին, եթե չստացվի իմպիչմենտի գործընթացով հեռացնել Փաշինյանին, ՀՀԿ-ն 2026-ի ընտրություններին մասնացելո՞ւ է, Մամիջանյանը պատասխանեց. «2026-ի հետ կապված ՀՀԿ ներգրաված չէ որևէ ներքին քննարկումների մեջ, ներկուսակցական քննարկումները, բոլոր շփումները խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ միտված են բացառապես իմպիչմենտի օրակարգն առաջ մղելուն։ Մենք 2026-ին սպասելու սիրահարների, 2026-ի ակումբի անդամներ չենք, փորձում ենք գործ անել, քանի որ մինչև 2026-ի ընտրությունները ձեռքներ ծալած նստելը մեզ համար չէ»։