ԱՄՆ-ն Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքում հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման արդյունքները։
«Գրեթե երեք ժամ տևած զրույցի արդյունքներով` Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Համենայնդեպս, առայժմ»,-գրել է Մեդվեդևը Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջն անձամբ և մանրամասն ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ռուսական պայմանները:
«Վերականգնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը։ Հանգիստ, առանց վերջնագրերի և սպառնալիքների», - հայտարարել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ հանդիպումն ապացուցել է, որ առանց նախապայմանների բանակցությունները և հատուկ ռազմական գործողության միաժամանակյա անցկացումը հնարավոր են։
«Կարևորը` երկու կողմերն ուղղակիորեն պարտավորվել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցություններում Կիևի և Եվրոպայի հետ ապագայում հասնել արդյունքների», - կարծում է Մեդվեդևը:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։