«Դատարկ խոստում». Իրանի նախագահն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը
Օգոստոսի 14, 2025

«Դատարկ խոստում». Իրանի նախագահն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատարկ խոստում է տվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` մեկնաբանելով իշխանափոխության դիմաց Իրանին ջրով ապահովելու հայտարարությունը։

Հուլիսի վերջին Իրանի նախագահը զգուշացրել էր, որ ջրային ռեսուրսների գրագետ կառավարման բացակայության դեպքում Թեհրանի ջրամբարները կարող են դատարկվել մինչև սեպտեմբեր։ Երկրի իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են սահմանափակել ջրի սպառումը։ Նեթանյահուն օգոստոսի 12-ին տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին և հորդորել ապստամբություն բարձրացնել Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ` խոստանալով օգնել ջրի հարցում:

«Գազայի ժողովրդին ջրից և սննդից զրկած ռեժիմը ցանկանում է Իրանի ժողովրդին ջրով ապահովե՞լ։ Ի՞նչ դատարկ խոստումներ են», – գրել է Փեզեշքիանը Х սոցցանցում։

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին հայտնեց, որ Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրվել. սուր թերսնման ցուցանիշները գերազանցում են բնակչության 10 տոկոսը, հետազոտված հղի և կերակրող կանանց ավելի քան 20 տոկոսը տառապում են թերսնումից, հաճախ՝ ծանր ձևով: Նրա խոսքով` սովի հետ կապված ճգնաժամն ուժեղանում է մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցման և հասանելիության սահմանափակումների պատճառով:

Հուլիսի 26-ին Իսրայելի կառավարությունը որոշեց վերսկսել Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության նետումներն օդից և ստեղծել մարդասիրական միջանցքներ ՄԱԿ-ի սննդամթերքով և դեղորայքով շարասյուների համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս