Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հնչեցվող հավաստիացումներն ու մեկնաբանությունները գնալով ավելի խորը անհանգստություն են առաջացնում թե՛ փորձագետների շրջանում, թե՛ հասարակության լայն շերտերում։ Շուտափույթ խաղաղության մասին խոստումներով ուղեկցվող գործընթացները, փաստացի, վերածվում են Հայաստանի պետական շահերի համակարգված չեզոքացման ծրագրի։ Այլ կերպ ասած՝ այսպես կոչված խաղաղության օրակարգը ոչ միայն չի նպաստում երկարատև կայունությանը, այլ, ընդհակառակը, թափ է տալիս նոր բախումների վտանգին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ Սյունիքի մարզով անցնելիք Ադրբեջանի հետ կապող ճանապարհի խնդիրը ներկայացնել որպես «տեխնիկական հարց», բացահայտ հակասում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական և ամերիկյան կողմերի հայտարարություններին։ Ըստ նրանց՝ խոսքը միայն լոգիստիկ անցման մասին չէ, այլ պետական վերահսկողության ձևաչափի փոփոխության, ինչը միջազգային իրավունքի լրջագույն խախտում է՝ և ոչ միայն։
Խնդիրն առավել վտանգավոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ Սյունիքի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այդ դիրքորոշումը հենվում է ոչ միայն սահմանային անվտանգության, այլև տնտեսական և ռազմավարական կոմպոնենտների վրա։ Իրանի քաղաքական էլիտան բազմիցս շեշտել է, որ Հայաստանի տարածքով ցանկացած արտաուժային միջանցք ընդունելի չէ։ Հետևաբար, եթե Հայաստանը համաձայնում է նման նախագծերի, ապա փաստացի ենթարկվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և այլ ուժերի ճնշմանը՝ դուրս մղելով Իրանի շահերը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչու վերջին շաբաթներին կրկին ակտիվացել են Իրանի հետ Հայաստանի պաշտոնական շփումները։ Իսկ նման զարգացումները, անկասկած, հանգեցնելու են տարածաշրջանային բախման, որտեղ Հայաստանը դառնալու է ընդհարումների առաջին թիրախ։ Փաստորեն, սա մեկ անգամ ևս վկայում է, որ Բաքուն Երևանի հետ բանակցություններում ոչ թե խաղաղության է ձգտում, այլ առաջ է քաշում այնպիսի պահանջներ, որոնք մեծացնում են նոր լարվածությունների ռիսկը տարածաշրջանում։
Ի դեպ, հաճախ շրջանառվող այն թեզը, թե իբր գործող իշխանության կողմից առաջարկվող խաղաղության ծրագրին այլընտրանք չկա, ընդամենը էժանագին մանիպուլյացիա է։ Այլընտրանքը կա, ու դա հնարավոր է: Եվ խաղաղության հաստատումն ինքնին մնում է կարևոր ու անհրաժեշտ նպատակ Հայաստանի համար։ Հարևանների հետ խաղաղ համակեցությունն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել անվտանգություն, տնտեսական զարգացում և երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում։ Սակայն այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այլ կերպ ասած՝ չի կարող լինել իրական խաղաղություն, եթե այն ուղեկցվում է պետության կենսական շահերի և ինքնիշխան տարածքների զիջումներով։
Պատմական փորձը և միջազգային պրակտիկան ցույց են տալիս, որ անգամ ամենադժվար իրավիճակներում հնարավոր է հասնել պայմանավորվածությունների՝ պահպանելով սեփական արժանապատվությունը և պետականության հիմքերը։ Խնդիրն այն է, որ ներկա իշխանությունները, որոնք պատերազմում կրել են ծանր պարտություն և կորցրել են ռազմավարական նախաձեռնությունը, ի վիճակի չեն ձևավորելու հավասարակշռված ու արժանապատիվ բանակցային օրակարգ։ Այդ պատճառով էլ խաղաղության հասնելու հեռանկարը նրանց համար ոչ միայն մշուշոտ է, այլ հաճախ վերածվում է նոր սպառնալիքների հարթակի։ Ավելին, քանի դեռ շարունակվում է տապալված արտաքին քաղաքականությունը, դաշնակիցների հետ խզված հարաբերությունները, ներքին պաշտպանունակությունը վերականգնելու անարդյունավետ փորձերը և հասարակության պառակտված վիճակը, այլընտրանքային ծրագրերի մասին խոսք լինել անգամ չի կարող։
Հայաստանի ներկա կառավարությունը կանգնած է պատմական խաչմերուկում՝ ընտրելու կամ պետականության ամրապնդման ուղին, կամ նրա համատարած թուլացման ու մաշման քաղաքականությունը՝ իբր խաղաղություն ապահովելու պատրվակով։ Պատմությունը ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր չէ պարտադրված զիջումներով։ Իսկ եթե գործընթացը շարունակվի այս հունով, ապա նոր պատերազմի ռիսկն անխուսափելիորեն կվերածվի իրականության։
Տիգրան Դումիկյան,
քաղաքական վերլուծաբան