Երևանում կնվազեցվեն ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը։ Նախագիծը ներկայացվեց այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում։
Ըստ նախագծի՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն է առաջարկվում մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 25 տոկոսի չափով, իսկ 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերեսի դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Միաժամանակ առաջարկվում է կառուցապատողներին ազատել նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից:
Դեռևս ավարտական ակտ չստացած շինությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է 2023 թվականից սկսած։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ էր ներկայացրել առհասարակ զրոյացնել հաշվարկված գույքահարկը, սակայն Երևանի քաղաքապետարանն այլ առաջարկ է ներկայացրել։
Նրա խոսքով՝ Երևանի մասով այս խնդիրը որոշ չափով մեղմվում է, նմանատիպ լուծումների պետք է նաև այլ համայնքներ գնան, եթե այլ համայնքներում ևս խնդիրն առկա է։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այս որոշումը ոչ միայն կառուցապատողների, այլև այն մարդկանց համար է, որոնք բնակարան են գնել նոր կառուցվող շենքում։
«Ունենք շատ վատ դեպքեր, օրինակ՝ Միկոյանի շենքերը, որտեղ սնանկացման պրոցես կա։ Այսինքն` սնանկացման պրոցեսը շատ ավելի մեծ խնդիրներ է սկսում առաջացնել ոչ միայն կառուցապատողի, այլև այն մարդկանց համար, որոնք նրանցից բնակարան են գնել։ Եվ մենք չենք ուզում այն պատճառը կամ նույնիսկ պատրվակը լինել, որը կարող է բերել նմանատիպ պրոցեսների»,- ասաց քաղաքապետը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց․ համաձայնեց՝ խնդիր միանշանակ կա, սակայն այս ամենը քաղաքի սխալ ու փնթի մենեջմենտի արդյունք է։ Հիշեցրեց, որ ինքը բազմիցս խոսել է այդ մասին, զգուշացրել է, որ շինարարներն էս օրին են ընկնելու։ Հիմա էլ այս որոշման արդյունքում էլ Երևանի բյուջե մի քանի միլիարդով մուտքերը պակասելու են։
Ավագանին կողմ քվեարկեց այս նախագծին։