«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույն ռազմավարական ուղին՝ աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Բաքուն հանդես է գալիս սադրիչ հայտարարություններով, իսկ Ալիևը բացահայտ դիվանագիտական դիմակայության մեջ է Մոսկվայի հետ։ Այս պահին նա մոտենում է Թուրքիային ու Արևմուտքին՝ փորձելով փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։
Միևնույն ժամանակ, Երևանը ևս փոխում է արտաքին քաղաքական ուղղությունը․ վարչապետ Փաշինյանը որդեգրել է ծրագիր՝ Ռուսաստանի աստիճանական դուրսբերում Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգից՝ միաժամանակ խորացնելով կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ ուժերի հետ։
Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքը» այլևս միայն տրանսպորտային նախագիծ չէ։ Այն վերածվում է գլոբալ նշանակության աշխարհաքաղաքական գործիքի, որը կարող է դուրս մղել ոչ միայն Մոսկվային, այլ նաև Թեհրանին։
Սակայն իրական վտանգն այստեղ կայանում է նրանում, որ տարածաշրջանի երկրները հաճախ ներքաշվում են ավելի մեծ խաղացողների հակամարտության մեջ՝ առանց լիարժեք պատկերացնելու դրա հետևանքները։
Այսօր առավել քան երբևէ պետք է մտածել ոչ թե միայն միջանցքների, այլ՝ մեր սուվերենության մասին»։