Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 ասիճանով, 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած եւ կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈՒ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»:
Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում եւ ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։
Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս եւ այն լրացնելու խնդիր ունեն, պետք է քայլեր ձեռնարկեն, սակայն նրա պատասխանն էլ ավելի է խճճել իրավիճակը՝ ինչու եւ ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Երեկ մեր լրագրողն ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ, հարցրել է՝ ճի՞շտ է, որ ԳՇ-ն բացասական եզրակացություն է տվել, սակայն ԳՇ պետը համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի եւ չի հերքել այդ տեղեկությունը՝ ասելով, որ մոտ ապագայում կներկայացվի իրենց դիրքորոշումը։
Անցած շաբաթվա փակ նիստում ՔՊ-ականներին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգեւորել, եւ նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են՝ կա՛մ հետ կանչել նախագիծն օրակարգից, կա՛մ իրենք են մերժելու։ Նախագիծն ընդգրկված է պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:
Որքան էլ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը բավականին կոշտ էր, այնուամենայնիվ, քանի որ կոնկրետ գործողությունների սպասումը մեծ էր ու երբեմն չափազանցված, մեր հանրության որոշ մասի շրջանում կար ինչ-որ ափսոսանք, եթե չասենք հիասթափություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել: Թե՛ բարձրաստիճան հոգևորականների և թե՛ աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված «թև», որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություն անել, այլև դիմել կտրուկ գործողությունների: Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների առաջարկներ են եղել: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել՝ մթնոլորտը հանդարտեցնելու:
Ի վերջո, ընդունվել է հայտնի հայտարարությունը, սակայն այս ամենը նշանակում է, որ, քանզի Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականներին, Եկեղեցին գուցե իսկապես ստիպված լինի գնալ հայ հանրության և արմատական տրամադրված եկեղեցականների պահանջի ճանապարհով: Երևի թե պատահական չէին նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Գերատեսչության հավաստիացմամբ, այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է, ինչի մասին, ի դեպ, մենք ևս տեղեկացրել էինք որոշ ժամանակ առաջ։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր արտահանվել է 52 միլիոն հատ, ինչը 49,7 տոկոսով ավելի է, քան 2024 թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 միլիոն հատ։ «Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական նույնականացման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թ. հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վտանգվում է տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտահանումը՝ իր ծանրագույն հետևանքներով: Ընդ որում, սա՝ միայն այս ոլորտում: Իսկ նման մտահոգություններ ռուսական կողմն ունի ոչ միայն այս ոլորտի հետ կապված: «Ռոսսելխոզնադզորի» զեկույցում նշվել է, որ առկա վիճակը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։ Իսկ ո՞վ պետք է զբաղվի վերահսկողությամբ: Ճիշտ է՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այնինչ, ստացվում է, որ նույնիսկ ռուս գործընկերներն են արձանագրում «վերահսկողության անարդյունավետ համակարգի» մասին: ՍԱՏՄ նախկին ղեկավարը կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված է, իսկ ներկայում ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը, որը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակվել 2024 թ. նոյեմբերի 26-ին, ոլորտի հետ փաստացի որևէ կապ չունեցող անձնավորություն է. նա մինչ այդ եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն, այսինքն՝ «կառավարական դաչաները» սպասարկող կազմակերպության ղեկավար: Ըստ տեղեկությունների, թե՛ նախորդ ղեկավարը, որը կալանավորված է, թե՛ ներկա պաշտոնակատարը, իրենց հիմնական գործը թողած՝ ուշադրություններն առավելապես կենտրոնացրել են ավելի «հետաքրքիր» թեմաների, այսպես ասած, «տեխնիկական» խնդիրների վրա՝ տենդերներ, բենզինի գնում, պարգևավճարների աղմկոտ պատմություններ և այլն:
Նման անգործության արդյունքում ահռելի վնասներ է կրում Հայաստանի Հանրապետությունը, երկրի տնտեսությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին ղեկավարի կալանավորմամբ ամեն ինչ չի ավարտվի. առաջիկայում հնարավոր են նոր, ոչ պակաս հետաքրքիր իրադարձություններ՝ կապված ՍԱՏՄ հետ, այդ թվում՝ ամենաքիչը՝ ղեկավարի պաշտոնակատարի հեռախոսին «sms»-ի ուղարկում վարչապետի կողմից: Ավելին, իր բան ու գործը թողած՝ ՍԱՏՄ պետ նշանակվելու լոբբինգ անող պաշտոնակատարը այսպիսի ձախողումից հետո ոչ միայն հրաժեշտ կտա այդ պաշտոնում նշանակվելու իր երազանքին, այլև նրա գործողությունները գուցե նաև քրեաիրավական գնահատականի արժանանան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երեւանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի «բորտի տակից» գրկած դիմավորելու Մատվիենկոյին:
Հավելենք, որ դեռեւս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան:
Այցից հետո ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը հեռահար կերպով կոշտ բանավեճի էին բռնվել, եւ սա այդ լարվածությունից հետո առաջին հանդիպումը կլինի»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Truth սոցիալական ցանցում Թրամփի գրառման մեջ ասվում է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայից ռուսական ավիաբազաների օդանավերի վրա հարձակումները, ինչպես նաև այլ միջադեպեր, որոնք տեղի են ունեցել երկու կողմից: Դա կառուցողական խոսակցություն էր, բայց դա չի հանգեցնի անհապաղ խաղաղության: Նախագահ Պուտինը շատ խստորեն ասաց, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին», – նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, որը «ազգային անկախության հիմքն է»։ Այս մասին նախարարը գրառում է կատարել է «X»-ի իր էջում։
«Կա մի պատճառ, թե ինչու է միայն մի քանի երկիր տիրապետում միջուկային ռեակտորները վառելիքով ապահովելու կարողությանը։ Բացի զգալի ֆինանսական ռեսուրսներից և քաղաքական տեսլականից, այն պահանջում է ամուր արդյունաբերական բազա և գիտատեխնիկական համալիր, որն ունակ է ապահովել անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ և նոու-հաու»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ Իրանը բարձր գին է վճարել այդ կարողությունները ձեռք բերելու համար.
«Չկա որևէ սցենար, որով մենք հրաժարվենք հայրենասերներից, որոնք իրականացրել են մեր երազանքը»։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի թեման և այն հարցը, թե արդյոք այդ երկիրը միջուկային զենք ունի։ Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը զրույցի արդյունքների մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Ես նախագահ [Վլադիմիր] Պուտինին ասացի , որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ՝ մենք համաձայն ենք դրա հետ», - ասաց Թրամփը։
Նա հավելեց, որ Իրանի համար միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը սպառվում է։ «Այս որոշումը պետք է արագ կայացվի», - գրել է նա։
Հունիսի 4-ին Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրը Ջերմուկում անցավ առանձնահատուկ մթնոլորտում։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
«Տուրի ընթացքին հետևում էր ոչ միայն շախմատասեր հանրությունը, այլև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին' մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը․․․
Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:
Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։