ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, թե հայկական քանի՞ ընկերություն է գրանցվել և լոգիստիկ գործունեություն սկսել իրանական «Չաբահար» նավահանգստում: Հայտնի չէ նաև իրականացված բեռնափոխադրումների ծավալը, ինչը թույլ կտար պատկերացում կազմելու, թե որքանո՞վ է շահավետ Իրանի առաջարկած այլընտրանքային լոգիստիկ երթուղին Հայաստանի համար:
Կոնկրետ ցուցանիշների վերաբերյալ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնել են «Չաբահար» նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի հետ կայացած հանդիպումների մասին, որոնց մասնակցել են բեռնափոխադրման ոլորտը ներկայացնող հայկական ընկերություններ:
Հիշեցնենք, որ խոսքը նախորդ տարվա նոյեմբերին Չաբահարում կայացած հանդիպումների մասին է, որի շրջանակներում հայկական բեռնափոխադրող ընկերությունների և իրանական կազմի միջև ստորագրվել էր համագործակցության փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրման արդյունքում հայ գործարարները պետք է ստանային նոր հնարավորություններ՝ օգտվելով Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներից և Իրանի շուկայի առևտրային առավելություններից։
Մեր հարցին, թե ներկայումս ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող նոր առևտրային երթուղու շահագործման գործընթացը, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են.
«Իրանի «Չաբահար» նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումների գործընթացը կազմակերպելու նպատակով համապատասխան աշխատանքներ են իրականացվել թե՛ «Չաբահար» ազատ տնտեսական գոտու, թե՛ ծովային և ցավաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերություների հետ, որոնք ներգրավված են եղել բոլոր քննարկումներին և վերջիններիս են ներկայացվել համապատասխան գնային առաջարկները»:
Հարցին, թե հայկական ընկերություններն արդյոք արդեն իսկ իրականացրե՞լ են բեռնափոխադրումներ նշված նավահանգստով, ի՞նչ ծավալով բեռներ են տեղափոխել և որքան է կազմում բեռնափոխադրումների արժեքը, նախարարությունից պատասխանել են, որ հարցը մասնավոր ընկերություննների գործունեության շրջանակում է և նմանատիպ տեղեկատվության հավաքագրումը չի գտնվում ՀՀ էկենոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում:
Հիշեցնենք, որ Հայաստանը աշխատում է իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղու գործարկման ուղղությամբ՝ Պարսից ծոցի ավազանի երկրների և Հնդկաստանի հետ կապի համար:
Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։
Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի Մումբայ նավահանգստից դեպի Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, այստեղից էլ Վրաստանի նավահանգիստներ, այնուհետև ԵՄ երկրներ:
Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին' մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:
Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:
Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:
Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
«Զանգը տևեց մոտ մեկ ժամ 15 րոպե։ Մենք քննարկեցինք ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ վճռականորեն հայտարարեց, որ ինքը պետք է արձագանքի օդանավակայանների վրա վերջերս կատարված հարձակմանը», - նշեց Թրամփը։
Ըստ Թրամփի, նա նաև քննարկել է Իրանի հարցը Պուտինի հետ, «և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար, և այն պետք է արագ կայացվի»։
«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել դրա շուրջ։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ ինքը կմասնակցի Իրանի հետ քննարկումներին և որ գուցե կարող է օգտակար լինել այդ գործընթացը արագ ավարտին հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ Իրանը դանդաղ է որոշում կայացնում այս շատ կարևոր հարցի վերաբերյալ, և մեզ անհրաժեշտ կլինի վերջնական պատասխան շատ կարճ ժամանակահատվածում», - եզրափակեց ԱՄՆ նախագահը։
Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։
Պեսկովը նաև հաստատել է Պուտինի և Թրամփի
Թուրքիան ներկայումս մարզում և խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականներին՝ երկրի պաշտպանությունը բարելավելու համար, և Անկարան մոտ ժամանակներս մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters-ի հետ գրավոր հարցազրույցում։
Աղբյուրի համաձայն՝ Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20.000 թուրք զինվորական։ Գյուլերի խոսքով՝ դեռ «շատ վաղ է» քննարկել նրանց այդ երկրից հեռացնելու կամ տեղափոխելու հարցը։
«Իրավիճակի նոր գնահատական կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատվեն, տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը լիովին վերացվի, ապահովվեն մեր սահմանների անվտանգությունը և փախած մարդկանց պատվով վերադարձն իրենց բնակավայրեր»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Այսօր Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող հսկայական տարածքներ։ Ահաբեկչական համարող քրդական աշխարհազորայինների դեմ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային գործողություններից հետո այնտեղ ստեղծվել են տասնյակ թուրքական ռազմաբազաներ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Բանակցություններից հետո Երմակը Միացյալ Նահանգներին կրկին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
«Մենք կիսվեցինք մեր կարծիքներով Ստամբուլում ռուսների հետ հանդիպումների, բանակցությունների հետագա ընթացքի, տեղի ունենալիք գերիների փոխանակման և Ռուսաստանի կողմից առևանգված բոլոր պատանդների ու երեխաների վերադարձման կարևորության վերաբերյալ»,- գրել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր», – հայտնել է գրասենյակը:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված առաջիկա քայլերի ուղղությամբ:
Հայաստանում տարեկան գնաճը 2025 թվականի մայիսին (2024 թվականի մայիսի նկատմամբ) կազմել է 4,3 %՝ ապրիլի 3,2 %-ի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր չափորոշիչների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից, գնաճի թիրախային ցուցանիշը 4%-ից իջեցվել է 3%-ի, շեղման թույլատրելի միջակայքը՝ 1,5%-ից մինչև 1%-ի:
Պարենային ապրանքների գներն աճել են 7.4%-ով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 5.8%-ով, հագուստի և կոշիկի գները նվազել են 1.5%-ով: Առողջապահության սակագներն աճել են 3,4%-ով, տրանսպորտի սակագները՝ 4,2%-ով:
Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կփոխանակեն զոհվածների մարմինները, ինչի վերաբերյալ կողմերը նախապես համաձայնության էին եկել Ստամբուլում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին։
«Այս գործընթացը կսկսվի մոտ ապագայում»,- ասել է Զախարովան։
Զինվորականների մարմինները հավաքելու համար Կիևին առաջարկվել է քննարկել կարճաժամկետ հրադադարի առաջարկը՝ անօդաչու թռչող սարքերի արձակման և հարձակումների 2-3 օրվա դադարեցմամբ։ Զախարովան նաև նշել է, որ, հնարավոր է, ուկրաինական կողմի հետ համաձայնության գալ բոլոր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, որի մասին նախկինում հայտարարել էին ուկրաինական պատվիրակության ղեկավարը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։
Վիրավորների և հիվանդների փոխանակման շրջանակներում կստեղծվեն մշտական բժշկական հանձնաժողովներ։ Դրանց արդյունքների հիման վրա կողմերը կկազմեն փոխանակման ցուցակներ՝ առանց «մեծ քաղաքական որոշումների» սպասելու, ընդգծել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Զախարովան նշել է, որ նման փոխանակումները տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով։
Մոսկվան և Կիևը նաև համաձայնության են եկել 25 տարեկանից փոքր զինվորների փոխանակման վերաբերյալ՝ օգտագործելով «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը։ Փոխանակման յուրաքանչյուր փուլ կներառի յուրաքանչյուր կողմից առնվազն 1000 մարդու։ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկանից փոքրերին։ Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է նաև ռազմագերիների ամենամեծ փոխանակման ծրագրերի մասին։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում, որոնք տեղի ունեցան ռազմական գործողության երեք տարվա ընթացքում առաջին անգամ, Մոսկվան և Կիևը համաձայնության էին եկել գերիների փոխանակել՝ օգտագործելով «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների և զոհված զինվորների մարմինների ավելի քան 80 փոխանակում, հաշվարկել է RBK-ն։
Կիևի ռեժիմը, որն առանց այդ էլ լեգիտիմ չէ, վերածվում է ահաբեկչական կազմակերպության։ Այս մասին հունիսի 4-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կիևի հովանավորները ահաբեկիչների հանցակիցներ են: Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է առաջնագծի ողջ երկայնքով, ուստի փորձում է ահաբեկչական հարձակումներով վախեցնել ռուսներին։