Հայաստանում տարեկան գնաճը 2025 թվականի մայիսին (2024 թվականի մայիսի նկատմամբ) կազմել է 4,3 %՝ ապրիլի 3,2 %-ի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր չափորոշիչների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից, գնաճի թիրախային ցուցանիշը 4%-ից իջեցվել է 3%-ի, շեղման թույլատրելի միջակայքը՝ 1,5%-ից մինչև 1%-ի:
Պարենային ապրանքների գներն աճել են 7.4%-ով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 5.8%-ով, հագուստի և կոշիկի գները նվազել են 1.5%-ով: Առողջապահության սակագներն աճել են 3,4%-ով, տրանսպորտի սակագները՝ 4,2%-ով:
Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կփոխանակեն զոհվածների մարմինները, ինչի վերաբերյալ կողմերը նախապես համաձայնության էին եկել Ստամբուլում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին։
«Այս գործընթացը կսկսվի մոտ ապագայում»,- ասել է Զախարովան։
Զինվորականների մարմինները հավաքելու համար Կիևին առաջարկվել է քննարկել կարճաժամկետ հրադադարի առաջարկը՝ անօդաչու թռչող սարքերի արձակման և հարձակումների 2-3 օրվա դադարեցմամբ։ Զախարովան նաև նշել է, որ, հնարավոր է, ուկրաինական կողմի հետ համաձայնության գալ բոլոր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, որի մասին նախկինում հայտարարել էին ուկրաինական պատվիրակության ղեկավարը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։
Վիրավորների և հիվանդների փոխանակման շրջանակներում կստեղծվեն մշտական բժշկական հանձնաժողովներ։ Դրանց արդյունքների հիման վրա կողմերը կկազմեն փոխանակման ցուցակներ՝ առանց «մեծ քաղաքական որոշումների» սպասելու, ընդգծել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Զախարովան նշել է, որ նման փոխանակումները տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով։
Մոսկվան և Կիևը նաև համաձայնության են եկել 25 տարեկանից փոքր զինվորների փոխանակման վերաբերյալ՝ օգտագործելով «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը։ Փոխանակման յուրաքանչյուր փուլ կներառի յուրաքանչյուր կողմից առնվազն 1000 մարդու։ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկանից փոքրերին։ Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է նաև ռազմագերիների ամենամեծ փոխանակման ծրագրերի մասին։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում, որոնք տեղի ունեցան ռազմական գործողության երեք տարվա ընթացքում առաջին անգամ, Մոսկվան և Կիևը համաձայնության էին եկել գերիների փոխանակել՝ օգտագործելով «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների և զոհված զինվորների մարմինների ավելի քան 80 փոխանակում, հաշվարկել է RBK-ն։
Կիևի ռեժիմը, որն առանց այդ էլ լեգիտիմ չէ, վերածվում է ահաբեկչական կազմակերպության։ Այս մասին հունիսի 4-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կիևի հովանավորները ահաբեկիչների հանցակիցներ են: Ո՞վ է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է առաջնագծի ողջ երկայնքով, ուստի փորձում է ահաբեկչական հարձակումներով վախեցնել ռուսներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ արձագանքել է Ռուսաստանի փոխանցած հուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, պետության ղեկավարն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկն այն լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն՝ այս հուշագիրը թյուրիմացություն է», - ընդգծել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան իր կազմած հուշագիրը Մոսկվա է ուղարկել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Սակայն Կրեմլից ստացված հուշագիր միայն ռուսերենով է եղել։ Զելենսկին նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից պատասխան չի ստացել հրադադարի մասին փաստաթղթի վերաբերյալ, որը Կիևը Մոսկվային էր փոխանցել բանակցություններից առաջ։
Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական հուշագրի առաջին կետը «վերջնագիր» է, քանի որ ռուսները պահանջում են բոլոր օկուպացված տարածքների միջազգային ճանաչում և զորքերի դուրսբերում դրանցից։
«Սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Ի դեպ, նրանք գիտեն դրա մասին։ Սա Պուտինի համար այս պատերազմի համար ամենամեծ պարգևի պահանջ է», - ընդգծել է Զելենսկին:
Զելենսկին նաև մեկնաբանել է ռուսական հուշագրի երկրորդ կետը՝ չեզոքությունը և ռազմական միավորումներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 2014 թվականին, երբ Կիևն ուներ «արտադաշինքային կարգավիճակ»։
«Այսինքն՝ նրանք սկսել են մեզ գրավել այն ժամանակ, երբ մենք ունեինք չեզոք կարգավիճակ։ Կրկին, այսինքն՝ այստեղ խոսելու բան չկա», - հավելել է պետության ղեկավարը։
Ուկրաինան դադար է վերցրել՝ ռուսական կողմի փոխանցած հուշագիրը քննարկելու համար, Մոսկվան նույնպես մանրամասն կուսումնասիրի ուկրաինական հուշագրի դրույթները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 2-ին Ստամբուլում, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Ուկրաինայի հետ Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսված ուղիղ երկկողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր մայիսի 16-ին, ուկրաինական պատվիրակությանը հանձնեց երկու մասից բաղկացած մանրամասն հուշագիր, որտեղ ներկայացված էր մեր դիրքորոշումը երկարաժամկետ խաղաղության և հնարավոր լիարժեք հրադադարի հասնելու ուղիների վերաբերյալ։ Մենք ստացել ենք ուկրաինական դիրքորոշման նախագիծը։ Այն մանրամասն կուսումնասիրվի», - ասել է նա։
Հանդիպումը տեղի է ունեցել, արդեն երկրորդ հանդիպումն է սա և հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նմանատիպ բնույթի այլ հարցեր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը ինչ է քննարկվել:
Աբազյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն:
«Հանդիպումը գնահատում եմ դրական: Ես գիտեմ, որ բոլորը սպասում են արդյունքների, մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ արդյունք կունենանք, բայց արդյունք ունենալու ուղղությամբ ամեն ինչ արվում է»,- ասաց նա
Հարցին՝ երբ կմտնեք Արցախ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, նա ասաց.
«Ես չբարձրաձայնեմ, թե երբ կմտնենք, բայց նախնական համաձայնություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Ռուսաստանը պատրաստ է հունիսի 7-ից 9-ը սկսել ռազմագերիների փոխանակումը ուկրաինական կողմի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք ենթադրում ենք, որ դա, հավանաբար, կլինի 1200 հոգի յուրաքանչյուր կողմից, և այն կրկին կլինի ռազմագերիների ամենամեծ փոխանակումը: Մենք պատրաստ ենք սկսել հունիսի 7-ին, 8-ին, 9-ին: Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասել է Մեդինսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Մեդինսկին նշել է, որ համարժեքության վերջնական ցուցանիշը համաձայնեցվում է, և փոխանակման համար առաջնահերթ կատեգորիաները կլինեն «վիրավորները, ծանր հիվանդները և մինչև 25 տարեկան ռազմագերիները»։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, մայիսի 16-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, կայացավ գերիների փոխանակման եզրափակիչ փուլը՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։
Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանակման վերաբերյալ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները ամբողջությամբ իրականացվել են։
Իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական տեղեկատվությունը տրվում է:
Այս մասին խորհրդարանում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ կրակոցներին:
Ճշտող հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ Ադրբեջանը պատճառաբանել է, թե վերջին կրակոցն իրենցը չէ, բա ո՞ւմն է. Ասրյանն ասաց.
«Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ իրենք չեն, բայց իրականում, այո իրենք են»:
Ինչ վերաբերում է, թե ինչ նպատակով են կրակում, Ասրյանն ասաց, որ նպատակների մասին առաջինը կրակող կողմը ավելի լավ կիմանա․
«Մեզ համար նրանց նպատակները միանշանակ են. եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք և մեր զինծառայողների և սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է: Փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը և իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- հայտարարեց նա:
Հարցին էլ՝ ուշադրություն չեք դարձնում, իսկ եթե 44-օրյա պատերազմի պատկեր ունենաք, ի՞նչ է լինելու, նա ասաց.
«Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը: Ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ ՀՀ Զու-երը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը: Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով, և սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»։
Հարցին էլ նա էլ վստահ, որ պատերազմ չի լինելու և լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը, Ասրյանն ասաց.
«ՀՀ վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոնե է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այն, ինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի, դա հնչեցնելու»:
«Սարդոստայն» գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ռուսական 41 ինքնաթիռ։ Դրանց կեսը երբեք չի վերականգնվի։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի Ռուսաստանին, նրանց ավիացիան, ռմբակոծություններն ու ներուժը։
Նրա խոսքով՝ այսօր նա փակ հրամանագրով պարգևատրել է «Սարդոստայն» գործողություն իրականացրած զինվորականներին։
«Դրանց կեսը չի կարող վերականգնվել, իսկ որոշների վերականգնման համար տարիներ կպահանջվեն, եթե դրանք վերականգնվեն: Իսկապես, արդարացի ռազմական նպատակ է»,- նշել է Զելենսկին։
2024–ի ընթացքում արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունը ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են, նման իրավիճակում հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում, թեև տարեսկզբին ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը աստիճանաբար դանդաղել է և տարվա արդյունքում կազմել է 5.9%։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2024–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2024 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է վերջին տարիներին ձևավորված արտաքին բարձր պահանջարկի աստիճանական դանդաղմամբ, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։
Զուգահեռաբար ներքին պահանջարկն աշխուժացել է, ինչը դրսևորվել է և մասնավոր սպառման, և ներդրումների, այդ թվում նաև պետական ներդրումների բարձր աճով։ Միևնույն ժամանակ տարվա արդյունքում արձանագրվել է արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ աճ, հիմնականում պայմանավորված վերաարտահանման բարձր ծավալներով։
Տնտեսական աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը։ Տնտեսական աճը, թեև որոշակիորեն ցածր է եղել կառավարության թիրախային ցուցանիշից, սակայն ձևավորվել է երկարաժամկետ կայուն ներուժային մակարդակի շուրջ։ Այսպիսով, 24 թվականին ՀՀ տնտեսական աճը որոշակի ճշգրտվել և ձևավորվել է ներուժային մակարդակի շուրջ, այնուամենայնիվ, դրա կառուցվածքային որոշակի առանձնահատկությունները անորոշություններ և ռիսկեր են պարունակում աճի ներառականության, կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, ԿԲ նախագահն ասաց, որ 2024 թվականին տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է, մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ։
«Նշենք, որ ընդհանուր պահանջարկի միջավայրը և աշխատաշուկայի պայմաններում ևս որոշակի թուլացել և կայունացել են, նպաստելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը։ Նման զարգացումների պայմաններում Կենտրոնական բանկը շարունակաբար նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 2024 թվականին, ընդհանուր առմամբ նվազումը կազմել է 2.25 տոկոսային կետ, տարեվերջին տոկոսադրույքը կազմել է 7%։ Արդյունքում 24 թվականին 12 ամսյա գնաճը ողջ տարվա ընթացքում պահպանվել է թիրախից ցածր մակարդակում, դեկտեմբերին կազմել է 1.5%։ Ընդ որում 12 ամսյա բնականոն գնաճը ևս տարվա ընթացքում պահպանվել է ցածր մակարդակում ու տարեվերջին կազմել է 0.9%»։
Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, Մարտին Գալստյանը նկատեց, որ 2024–ին թվականի տնտեսական աճի դանդաղում ու աճի կառուցվածքի առանձնահատկությունները անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա, արձանագրվելով հարկերի աճի ծրագրից ցածր ցուցանիշներ. «Այսպես, հարկերի հարկային եկամուտները 23 թվականի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 0.5%-ային կետով նվազել է և կազմել 23.6%. Հարկ է նշել նաև, որ հարկեր/ՀՆԱ 1.3 տոկոսային կետով ցածր է եղել տարվա համար նախատեսված ցուցանիշից՝ զիջելով նաև միջնաժամկետ հատվածի համար նպատակադրված թիրախին։
Այսպիսով, 2024 թվականի տնտեսական աճի կառուցվածքում կարճաժամկետ գործոնների գերակայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հարկային եկամուտների նպատակադրված թիրախների ապահովման համար կարևորվում են տնտեսության կառուցվածքին համարժեք հարկային քաղաքականության ճշգրտումների իրականացումը»,– հայտարարեց ԿԲ նախագահը։