2024–ի ընթացքում արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունը ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են, նման իրավիճակում հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում, թեև տարեսկզբին ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը աստիճանաբար դանդաղել է և տարվա արդյունքում կազմել է 5.9%։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2024–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2024 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է վերջին տարիներին ձևավորված արտաքին բարձր պահանջարկի աստիճանական դանդաղմամբ, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։
Զուգահեռաբար ներքին պահանջարկն աշխուժացել է, ինչը դրսևորվել է և մասնավոր սպառման, և ներդրումների, այդ թվում նաև պետական ներդրումների բարձր աճով։ Միևնույն ժամանակ տարվա արդյունքում արձանագրվել է արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ աճ, հիմնականում պայմանավորված վերաարտահանման բարձր ծավալներով։
Տնտեսական աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը։ Տնտեսական աճը, թեև որոշակիորեն ցածր է եղել կառավարության թիրախային ցուցանիշից, սակայն ձևավորվել է երկարաժամկետ կայուն ներուժային մակարդակի շուրջ։ Այսպիսով, 24 թվականին ՀՀ տնտեսական աճը որոշակի ճշգրտվել և ձևավորվել է ներուժային մակարդակի շուրջ, այնուամենայնիվ, դրա կառուցվածքային որոշակի առանձնահատկությունները անորոշություններ և ռիսկեր են պարունակում աճի ներառականության, կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, ԿԲ նախագահն ասաց, որ 2024 թվականին տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է, մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ։
«Նշենք, որ ընդհանուր պահանջարկի միջավայրը և աշխատաշուկայի պայմաններում ևս որոշակի թուլացել և կայունացել են, նպաստելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը։ Նման զարգացումների պայմաններում Կենտրոնական բանկը շարունակաբար նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 2024 թվականին, ընդհանուր առմամբ նվազումը կազմել է 2.25 տոկոսային կետ, տարեվերջին տոկոսադրույքը կազմել է 7%։ Արդյունքում 24 թվականին 12 ամսյա գնաճը ողջ տարվա ընթացքում պահպանվել է թիրախից ցածր մակարդակում, դեկտեմբերին կազմել է 1.5%։ Ընդ որում 12 ամսյա բնականոն գնաճը ևս տարվա ընթացքում պահպանվել է ցածր մակարդակում ու տարեվերջին կազմել է 0.9%»։
Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, Մարտին Գալստյանը նկատեց, որ 2024–ին թվականի տնտեսական աճի դանդաղում ու աճի կառուցվածքի առանձնահատկությունները անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա, արձանագրվելով հարկերի աճի ծրագրից ցածր ցուցանիշներ. «Այսպես, հարկերի հարկային եկամուտները 23 թվականի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 0.5%-ային կետով նվազել է և կազմել 23.6%. Հարկ է նշել նաև, որ հարկեր/ՀՆԱ 1.3 տոկոսային կետով ցածր է եղել տարվա համար նախատեսված ցուցանիշից՝ զիջելով նաև միջնաժամկետ հատվածի համար նպատակադրված թիրախին։
Այսպիսով, 2024 թվականի տնտեսական աճի կառուցվածքում կարճաժամկետ գործոնների գերակայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հարկային եկամուտների նպատակադրված թիրախների ապահովման համար կարևորվում են տնտեսության կառուցվածքին համարժեք հարկային քաղաքականության ճշգրտումների իրականացումը»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ մտադիր է կրճատել Եվրոպայում իր զորակազմը, սակայն այդ կրճատումը չի վերաբերի Լեհաստանին, որին հատկացվելու է մայրցամաքում ամերիկյան կենտրոնի դերը։ Այս մասին Rzeczpospolita հրատարակությանը հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Դարիուշ Լուկովսկին։
«Նախագահի և կառավարության բանակցությունների համաձայն՝ ամերիկացիները լիովին պահպանում են իրենց դաշնակցային պարտավորությունները Եվրոպայի հանդեպ, և այսօր խոսք չկա Լեհաստանում զորքերի կրճատման մասին։ Սակայն մենք կարող ենք որոշակի կրճատում սպասել Եվրոպայում։ Եվ դա արդեն տեղի է ունենում մի քանի բնագավառներում, օրինակ՝ տարածաշրջանային հրամանատարությունների միավորման շուրջ որոշումներ կայացնելու ճանապարհով», – ասել է բյուրոյի ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 80 000 զինծառայող, որոնց մեծ մասը Գերմանիայում է։ Լեհաստանում գտնվող ամերիկյան զորակազմում կա մոտավորապես 10 000 զինվորական։
«Մենք ծանրակշիռ փաստարկներ ունենք ամերիկյան զորքերը պահելու օգտին, օրինակ՝ (ԱՄՆ) նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում կնքված ռազմական համագործակցության համաձայնագրերը, որոնք շահավետ են ամերիկյան կողմի համար և հարմարեցված են արդի ամերիկյան պահանջներին», – ընդգծել է Լուկովսկին։
«Բացի այդ, ամերիկացիները հասկանալ են տալիս, որ ցանկանում են մեծացնել իրենց ներկայությունը մեր երկրում՝ ավելացնելով կարողություններն իրենց ռազմական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման ոլորտում։ Լեհաստանը կարող է այս առումով յուրատեսակ կենտրոնի դեր խաղալ։ Եթե դրան ավելացնենք էներգետիկ համագործակցությունը, ներդրումները միջուկային էներգիայի ոլորտում, ապա պարզ կդառնա, որ մեզ կապում են լուրջ շահերը, և այդ ներկայությունը կարող է արդարացված լինել», – ամփոփել է Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը։
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
«Ես (խմբ.՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հետ) խոսել եմ անցած հանգստյան օրերին և կարծում եմ, որ դրանք պատրաստ են։ Դրանք կոչվում են «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք – 2025», և ես կարծում եմ, որ նա (խմբ.՝ Գրեհեմը) արդեն պատրաստել է դրանք և պատրաստ է հրապարակել։ Եվ դրանք բավականին ծանր են», – նշել է Քելոգը։
Օրինագիծը նախաձեռնել են Լինդսի Գրեհեմը և սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Խոսքը ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտադրանք գնող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։
«Նրանք դեռևս այլ կերպ չեն հասկանում։ Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է», – հունիսի 2-ին հայտարարել էր Զելենսկին Ստամբուլում Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո։
ԱՄՆ-ի Կոնգրեսում հաստատումից հետո սահմանափակող միջոցները պետք է հաստատվեն Սպիտակ տան ղեկավարի կողմից։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը:
Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Բրյուսելում հունիսի 5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցության նախօրյակին։
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում քննարկման ենթակա չէ: Մենք ՆԱՏՕ-ի միակ անդամը չենք, որը նման կարծիք ունի:
Վերջին հաշվով այդ որոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփինն է և բոլոր 32 դաշնակիցներինը, որոնք պետք է միաձայն որոշման գան», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Միացյալ Թագավորությունը 10 անգամ կավելացնի անօդաչուների մատակարարումն Ուկրաինային և մինչև 2026 թվականի ապրիլը կտրամադրի 100 հազար դրոն։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Դրոնների արտադրությունն ավելացնելու համար Լոնդոնը ռեկորդային 350 մլն ֆունտ (472 մլն դոլար) կներդնի բրիտանական պաշտպանական ընկերությունների կողմից դրանց արտադրության մեջ: Անօդաչու թռչող սարքերի ներդրումներն ուղղվելու են 4,5 մլրդ ֆունտ ստեռլինգից, որը Լոնդոնն ավելի վաղ հատկացրել էր Կիևին:
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Կիևին դրոնների մատակարարումները կտրուկ ավելացնելու պլանները թելադրված են նրանով, որ Ուկրաինայի զինված ուժերը ցուցադրել են մարտի դաշտում դրանց օգտագործման արդյունավետությունը:
Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասի են ծեծի ենթարկել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 55-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 16։00-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի բնակիչներ 11 և 9-ամյա եղբայրնները Օձուն գյուղի ֆուտբոլի դաշտում անհիմն վիճաբանել են իր 12-ամյա որդու հետ, քաշքշել վերջինիս, պատռել հագին եղած հագուստը, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու համար։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել Երևանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։շ
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի 19.05.2025 թվականի գրությունը, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի 02.06.2025 թվականի թիվ 25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2025 թվականի հունիսի 3-ից դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները:
Նշենք, որ Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրությունների արդյունքում ընտրել է հինգ երկրի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նրանք հունվարին կսկսեն երկամյա պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է The Accossiated Press-ը։
193 անդամից բաղկացած Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի հինգ տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն՝ 183 ձայն, Լիբերիան՝ 181 ձայն, Կոլումբիան՝ 180 ձայն և Լատվիան՝ 178 ձայն։
Լատվիան առաջին անգամ է ընտրվում Անվտանգության խորհրդում։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ բալթյան երկիրը պատրաստ է պատասխանատվության։
«Մեր պատմական փորձը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, համակրանք դրսևորելու և գործընկերություններ հաստատելու աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում», – ասել է նա։
Բրաժեն նաև շեշտել է, որ Լատվիան ջանք չի խնայի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Գազայում, Աֆրիկայում և աշխարհի այլ հակամարտություններում տառապանքները մեղմելու համար։
Բահրեյնը կլինի արաբական ներկայացուցիչը խորհրդում։ Երկրի արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին ասել է, որ իր երկրի՝ երկրորդ անգամ խորհրդում ընտրվելն ամրապնդում է վճռականությունը՝ ակտիվ ներդրում ունենալ միջազգային խաղաղության և անվտանգության գործում։
15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառում է վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և 10 ընտրված անդամներ ՄԱԿ-ի տարբեր տարածաշրջանային խմբերից: Ըստ գործող կանոնների՝ ամեն տարի ընտրվում են հինգ նոր անդամներ։ Հունվարին նոր ընտրված անդամները կփոխարինեն Ալժիրին, Գայանային, Հարավային Կորեային, Սիերա Լեոնին և Սլովենիային։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հունիսի 2-ից գտնվում է Չինաստանում, հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը մշտապես ռազմավարական նշանակություն է տալիս չին-բելառուսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը և Բելառուսն իսկական բարեկամներ են և լավ գործընկերներ, երկու կողմերն էլ միշտ անկեղծությամբ և վստահությամբ են վերաբերվել միմյանց, – ասել է Սի Ծինփինը։ – ՉԺՀ-ն միշտ երկու երկրների հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական բարձունքից և երկարաժամկետ հեռանկարից»:
Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը:
Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի համար և Սի Ծինփինին հրավիրել է այցելել Բելառուս։ Նա նաև նշել է, որ աշխարհի բազմաթիվ երկրների հայացքներն ուղղված են դեպի Չինաստան։
«Դուք շատ ճիշտ նկատեցիք ներկայիս ժամանակի հիմնական առանձնահատկությունը՝ աննախադեպ ճնշումը Արևմուտքի կողմից մեզ վրա, առաջին հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վրա։ Եվ այսօր շատ երկրների, ինչպես և Բելառուսի հայացքներն ուղղված են դեպի ձեզ՝ Պեկին», – ընդգծել է Լուկաշենկոն։
Ըստ Բելառուսի նախագահի գրասենյակի՝ այցի շրջանակներում Լուկաշենկոն նաև այլ հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որը կրկնակի բարձրացնում է երկիր ներմուծվող պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերը։ Նախկինում մաքսատուրքերը կազմում էին 25%, այժմ կկազմեն 50%: Այս մասին Դոնալդ Թրամփի անունից հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ պողպատը և ալյումինը Միացյալ Նահանգներ են ներմուծվում այնպիսի քանակությամբ, որ դա սպառնում է վտանգել երկրի ազգային անվտանգությունը։
50% մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն Վաշինգտոնի ժամանակով հունիսի 4-ին։
Մաքսատուրքերի բարձրացումը կվերաբերի բոլոր երկրներին, բացի Մեծ Բրիտանիայից։ Հայտարարության մեջ Դոնալդ Թրամփը նշել է, որ որոշել է «այլ վերաբերմունք ցուցաբերել» Միացյալ Թագավորության նկատմամբ՝ հաշվի առնելով մայիսի 8-ին երկու երկրների միջև կնքված առևտրային համաձայնագիրը:
Այնուամենայնիվ, ըստ հայտարարության, ավելի բարձր 50% տոկոսադրույքը կարող է կիրառվել հուլիսի 9-ից, եթե ԱՄՆ վարչակազմը «որոշի, որ Միացյալ Թագավորությունը չի կատարել համաձայնագրի համապատասխան ասպեկտները»:
Ամերիկացի առաջնորդն, ավելի վաղ ազդարարելով այս միջոցառումների մասին, հայտարարել էր, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի անվտանգ դարձնել պողպատաձուլական արդյունաբերությունը Միացյալ Նահանգներում»։