Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում, մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին, որը, ինչպես նշված է նրա սոցիալական ցանցերում, աշխատում է Корпорация «МСП» ԲԲԸ-ում: Վերջինս օգնության է կանչել անցորդներին և խնդրել զանգահարել ոստիկանություն, հայտնում է svoboda.org-ը՝ ռուսական թելեգրամյան ալիքներին հղումով:
39-ամյա Շչեպիխինն ինստագրամյան էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում վիրավորել է չեչեններին, Ալլահին և Ղուրանը։ Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել տղամարդուն։
Շչեպիխինի առևանգման վերաբերյալ SOTA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեքշաբթի ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը կիսվել էր Արեգ Շչեպիխինի՝ չեչենների նկատմամբ վիրավորանքների մասին տեսանյութով: Ավելի ուշ Մակալովը հրապարակել էր գործարարի առևանգման տեսանյութը:
Մի շարք առցանց հրատարակություններ, այդ թվում՝ BAZA-ն, գրում են, որ առևանգված տղամարդուն Մոսկվայի կենտրոնից տարել են մեքենայի բեռնախցիկում։ SOTA-ն նշում է, որ մեքենան ուներ համարանիշ, որը գրանցված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունում։ Այժմ Շչեպիխինի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն կամ մեկնաբանություններ չկան։
Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու:
Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե երևացող մակարդակում կասկածներ են արտահայտվում ադրբեջանական վարքագծի վերաբերյալ:
Ինչևէ, եթե նախորդ տարվա վերջում, ադրբեջանական ինքնաթիռի խոցման համատեքստում ռուս-ադրբեջանական դիմակայությունը շատերը որպես իրավիճակից բխող հետևանք էին համարում, ապա դրանից հետո Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց և´ ՌԴ-ի հետ որոշակի դիստանցավորում անելու, և´ ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի սադրանքներ նախաձեռնելու համար:
Մեզ համար առավել վտանգավորը` այդ հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է, ինչի հավանականությունը հնարավոր չէ բացառել»,-գրել է Աբրահամյանը։
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ–ից։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ: Այս մասին իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը։
«Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք: Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»,– նշել է նա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ պատմեց, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, սակայն իրենց մանրամասներ չեն փոխանցել, եւ չգիտեն` այդ որոշման հիմքում քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչ է դրված։
Ըստ ամենայնի, դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է եւ նա այս հայտարարությունն արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,– գրել է նա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։
ՀԱԵ բարձրագույն մարմինն Ազգային-եկեղեցական ժողովն է, որը եւ ընտրում է կաթողիկոս: Ընտրությունն անցկացվում է 3 փուլով: Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները, երկրորդ փուլից հետո՝ երեքից երկուսը, երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը:
Չնայած ՔՊ-ականները վերեւից հրահանգ են ստացել՝ կատաղի մարտեր մղել հոգեւոր դասի դեմ, մասնավորապես՝ կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ` վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։
«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին մոտ կանգնած կառավարական աղբյուրների փոխանցմամբ` վերջինս կադրային ջարդ է սկսելու պետական կաբինետներում։ Մասնավորապես՝ «սեւ ցուցակում» հայտնված նախարարների ու փոխնախարարների անունները անցնում են Աննա Հակոբյանի թրի տակով:
Ասում են՝ այն օրերին, երբ Փաշինյանը հիստերիկ ելույթներ է ունենում, դրա ուղիղ «մեղավորը» Աննան է, ով շիրան տալիս է ամուսնուն ու մի կողմ քաշվում։
Այսպիսով՝ կառավարական «չիստկան» սկսվելու Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ։
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) երկրաշարժը տեղի է ունեցել Էգեյան ծովում՝ Կրետե կղզուց ոչ հեռու:
5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 5,39 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած:
Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզելլ, թե արդյոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի, թե ոչ։ Ու եթե ունի երեխա, ապա նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
«Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, փոխարինել նրան՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք։
Ինչ վերաբերում է նրան, թե մինչև ու՞ր պետք է հասցնի Փաշինյանը, որ եկեղեցին ավելի ռադիկալ արձագանք տա կասեցնելու համար իր դեմ ուղղված այս արշավը, նա արձագանքեց. «Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ... առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատել»։
Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, հարցին էլ, նշեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա որ նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Մայր Աթոռը իրավապահներին կդիմի զրպարտանքներին իրավական գնահատական պահանջելու համար, Սրբազան հայրը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։ Իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն»։