ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 383.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.49 դրամ (նվազել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.87 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-382.5 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-434.5 դրամով, վաճառվում է 442-447 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.80 դրամով, վաճառվում է 4.93-5.09 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:
Եվրոն գնվում է 434 դրամով, վաճառվում է 439 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.83–4.85 դրամով:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։
CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է որպես անհետևողական և հատվածական, շատ անիրատեսական և պարունակում է չափից ավելի պահանջներ»։
«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», – հավելել է պաշտոնյան։Նա նաև ասել է, որ նոր առաջարկն ուղղակիորեն հակասում է նախորդ պայմանավորվածություններին։
«Տեքստը հստակորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությանը, – հայտարարել է պաշտոնյան։ – Իրանի դիրքորոշումն ուրանի հարստացման հարցում հաստատուն է և անսասան»։Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը թույլ չի տա ուրանի հարստացում։
«Ըստ մեր հնարավոր համաձայնագրի՝ մենք թույլ չենք տա ուրանի որևէ հարստացում», – գրել է նախագահը Truth Social հարթակում։
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։
Օրեր առաջ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը: Համաժողովին մասնակցել և բավականին ազդեցիկ ելույթով հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:շ
«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը.
«Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ
Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։»
Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»
Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։ Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված Հակամարտության Ժամանակ Մշակութային Արժեքների Պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։
Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։
Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն
Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։
Բարոյական և Իրավական Պարտավորությունների Վերահաստատում
Միջազգային իրավունքի փորձագետների և մասնագետների դիտարկումները հաշվի առնելով՝ մենք վերահաստատում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպան մտադրության նշան:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ իրենց մանդատների համաձայն։
Մենք նաև հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։
Հոգևոր և Միջկրոնական Պարտավորության Ընդգծում
Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ՝ մենք հավատում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձանների պաշտպանություն չէ. այն հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտություն է: Այս համաժողովում քրիստոնեական, հրեական, մահմեդական և եզդիական ավանդույթների կրոնական առաջնորդները միաձայնել են` շեշտելու, որ կրոնական ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր մարդկության արտահայտությունն է և հաշտեցման ուղի։
Մենք կարևորում ենք միջկրոնական համագործակցության դերը՝ տեղահանությունից, պատերազմից և մշակութային զտումից տուժած բոլոր մարդկանց ամոքելու, վստահության վերականգնման և արժանապատվության խթանման գործում:
Համակարգված Միջազգային Գործողությունների Կոչ
Մենք հորդորում ենք՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ նախաձեռնել անկախ մոնիթորինգի առաքելություն՝ գնահատելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանության վիճակը։
Կառավարություններին և միջազգային կառույցներին, մասնավորապես Շվեյցարիային, որտեղ անցկացվում է այս հանդիպումը, ձեռնարկել դիվանագիտական և իրավական քայլեր ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, աջակցելու բնակչության վերադարձին իրենց երկիր և ակտիվ քայլեր կատարել նպաստելու Բաքվում գտնվող հայ պատանդների ազատմանը։
Համաշխարհային եկեղեցիներին և էկումենիկ կազմակերպություններին` շարունակել քարոզչական, իրազեկման և համերաշխության գործողությունները` համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին` առաջնորդելու էկումենիկ ուխտագնացության կազմակերպումը դեպի Արցախի/ԼՂ-ի հայկական սրբավայրեր։
Ակադեմիական և մշակութային հաստատություններին՝ զարգացնել հայկական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվացման և կրթական ծրագրերի նախաձեռնությունները և կանխել հայկական մշակութային արժեքները որպես ալբանական կամ նախաադրբեջանական ներկայացնելու միջոցով պատմական փաստերի աղավաղումը:
Լրատվամիջոցներին` աչք չփակել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարության վրա և զբաղվել ճգնաժամի նախապատմության խորը լուսամանմամբ:
Անցյալից Սովորելով՝ Գործել Ապագայի Համար
Դասեր քաղելով այս համաժողովին բարձրաձայնած մշակութային ոչնչացման և իրավունքների ոտնահարման այլ դեպքերից, այդ թվում` Կիպրոսի, Հունաստանի և Իրաքի օրինակներից, մենք հաստատում ենք հիշողության պահպանման և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ քաղաքական համակարգի փոփոխությունների և օկուպացիայի պայմաններում։
Երբ ժառանգությունը պաշտպանված է՝ այն կարող է դառնալ հաշտեցման աղբյուր։ Երբ այն ոչնչացվում է՝ խորանում է տրավման և անարդարությունը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կիսվեցին տեղահանման, քաջության և տոկունության մասին վկայություններով, մասնավորապես Արցախի/ԼՂ-ի հայ համայնքների փրկվածներին և ներկայացուցիչներին։
Մեր Ընդհանուր Պարտավորությունները
Մենք պարտավորվում ենք՝
Շարունակական ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար,
Կառուցել միջկրոնական և միջմշակութային դաշինքներ խաղաղության և արդարության համար,
Աջակցել անցումային արդարադատության մեխանիզմներին՝ ներառյալ ճշմարտության բարձրաձայնումը և հատուցումը,
Մոբիլիզացնելով մեր հաստատությունները, եկեղեցիները և ցանցերը` պաշտպանելու բոլոր կրոնական և մշակութային ավանդույթների սրբությունը:
Թող այս հայտարարությունը ծառայի որպես մեր ընդհանուր պատասխանատվության վկայություն և որպես համերաշխության, խղճի և հանձնառության կենդանի փաստաթուղթ։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է:
Մենք այս հայտարարությունը հղում ենք բարի կամքի բոլոր դերակատարներին և խոստանում տարածել դրա ուղերձը քաղաքականության, աղոթքի և մարգարեական գործողության միջոցով»։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։
«Աստված սիրում է Երրորդությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միշտ իր ծրագրածը հասցնում է ավարտին և երբեք չի կրկնվում։ Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։ Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։ Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։ Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:
Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպում մոտ ապագայում չի սպասվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունն ամենաբարձր մակարդակով շփումների համար՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն տեխնիկական, փորձագիտական մակարդակով մշակվող համաձայնագրերի արդյունք։ Նախագահը կողմ է շփումների գաղափարին, բայց կարծում է, որ դրանք պետք է լավ նախապատրաստված լինեն»,- նշել է Պեսկովը։
Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց է տվել վարորդին: Վարորդը հրաժարվելով տեղափոխել՝ հափշտակել է հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ։
Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 3-ին, Երևանի պարեկները մայրաքաղաքի Ամերիկյան փողոցում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած հեռախոսը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
«РБК-Украина» պարբերականը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնում է ԱՄՆ:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Վլադիմիր Զելենսկու Airbus A319 ինքնաթիռը թռչում է ԱՄՆ: Մոնիտորինգի ռեսուրսների համաձայն՝ ինքնաթիռը լեհական Յասիոնկա օդանավակայանից Իռլանդիա է մեկնել հունիսի 2-ի երեկոյան, այնտեղ կանգ է առել մի քանի ժամով, այնուհետև թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էնդրյուս ռազմաօդային բազա։
Դոնալդ Թրամփի վարչակազմի կամ հենց ԱՄՆ նախագահի հետ Զելենսկու կամ Երմակի պլանավորված հանդիպման մասին չի հաղորդվել:
Այն գաղափարը, որը դրվել էր «կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ որոշակի նպատակ ուներ՝ թե՛ կենտրոնի բեռնաթափման, թե՛ առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, ինչո՞ւ են բողոքարկում «կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը, մանավանդ, որ «կարմիր գծերի» թանկանալուց հետո կենտրոնը չի բեռնաթափվել:
«Կարծում եմ, եթե ոչ ամբողջապես, բայց Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքն այս պահին տեսանելի է: Առաջիկայում, եթե ավտոբուսների համար նախատեսված գծերի քանակն էլ ավելի շատանա, այդ փուլից կհամոզվենք, թե ինչի համար էր դա նախատեսված»,- նշեց նա:
Կոստանյանի խոսքով՝ հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ են տեղի ունենալու և այդ մասով նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Ես նրան ասացի, որ աջակցում եմ ղեկավարների գագաթնաժողովին, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հրադադար տեղի չի ունենա՝ առանց նման հանդիպման», – ասել է Զելենսկին։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հետ։«Նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպման, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ այդ երկու ղեկավարները և երկու կողմերը միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Լևիթը։
Նա շեշտել է, որ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ, սակայն հրադադարի հասնելու մասով մեծ առաջընթաց չի գրանցվել։
Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է նշանակվել։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Մոջթաբա Դեմիրչիլուն։
Նա այս պաշտոնում կփոխարինի Սեյեդ Աբբաս Մուսավիին։ Դեմիրչիլուն ներկայումս զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրենի պաշտոնը։