«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եվրասիա» ԻՀԿ-ն, համագործակցելով ՌԴ կրթության նախարարության հետ, նախաձեռնում է խթանել ռուսաց լեզվի տարածումն ու աջակցությունը հետխորհրդային տարածքում, ձևավորել ռուսաց լեզվի աջակցության միջազգային համայնքներ, ուժեղացնել բարիդրացիական հարաբերությունները՝ միավորելով մշակութային ընդհանուր կոդի միջոցով։
«Ռուսաց լեզուն բազմաթիվ ժողովուրդների հաղորդակցման լեզու է, ուստի ստեղծված ասոցիացիան կարևոր փուլ է բարեկամական երկրների հետ համագործակցության մեջ: Կենտրոնների ստեղծումն ու նրանց համախմբումը կբացեն նոր հնարավորություններ Եվրասիայի միասնական կրթական տարածքի զարգացման համար»,- նշել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։
Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական կենտրոնների և կաբինետների համար «Եվրասիա» ԻՀԿ-ն և ՌԴ կրթության նախարարությունը կկազմեն ռուսական դասական և ժամանակակից գրականության ցանկեր։ Կենտրոններում կբացվեն գրախանութներ դասական գրականությամբ և նոր պարբերական հրատարակություններով, ինչպես նաև կգործեն սրճարաններ՝ հանդիպումներ կազմակերպելու գրողների հետ։
«Ռուսաց լեզուն կարևոր գործոն է ոչ միայն հաղորդակցման, այլև միավորման, քանի որ սա ընդհանուր մշակութային կոդի պահպանման միջոց է», — ընդգծել է «Եվրասիա» ԻՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլան Շորը՝ շեշտելով, որ ծրագրերը նպաստում են լեզվական աջակցությանը և համագործակցությանը։
«Եվրասիա» ԻՀԿ-ն արդեն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ համագործակցելով ՌԴ Կրթության նախարարության հետ։ Դրանց թվում են «Ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման դպրոցի» մեկնարկը, «Ընկերություն դասարանում» ծրագիրը, որը նպաստում է ԱՊՀ երկրների դպրոցականների միջև փոխանակմանը, ինչպես նաև ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադաների կազմակերպումը։ Կազմակերպությունն աջակցում է դպրոցներին՝ ապահովելով նրանց դասական և ժամանակակից ուսումնական և գեղարվեստական գրականությամբ։
«Եվրասիա» ԻՀԿ-ն կարևորում է ուսուցիչների մասնագիտական աճն ու փորձի փոխանակումը: Այս նպատակով ստեղծվել է «Եվրասիական մանկավարժական խորհուրդը», որը միավորում է մանկավարժներին տարբեր երկրներից: Արդյունքում ավելի քան 150 մանկավարժ 10 երկրից մասնակցել է ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաների և ավանդական արժեքների պահպանման մեթոդներին նվիրված դասախոսություններին և սեմինարներին։
«Եվրասիա» ԻՀԿ-ն նաև մեկնարկել է «Ընկերություն դասարանում» միջազգային նախագիծը, որտեղ դպրոցական դասարանները ուսումնասիրում են միմյանց լեզուներն ու մշակույթները, մասնակցում միջոցառումներին և վաստակում միավորներ նվաճումների համար։ Լավագույն թիմերը կմեկնեն եվրասիական երկրներից մեկը։
Բացի այդ, «Խաղաղության լեզու» միջազգային արձակուրդային դպրոցը հավաքել է ավելի քան 120 ուսուցիչ 9 երկրից: Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական զարգացմանը, այլև ամրապնդում է ուսուցիչների միջև միջազգային կապերը՝ ավանդական արժեքները պահպանելու նպատակով:
Նշենք, որ Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու տարբեր թեմաներ՝ սկսած ռոբոտատեխնիկայից և անիմացիայից մինչև ֆինանսական գրագիտություն: Այս կենտրոնները խթանում են ռուսաց լեզվով ոչ միայն կրթական գործընթացները, այլև մշակութային փոխանակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաեւ արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների եւ այլ հարցեր։
Հատուկ խորհուրդ է ձեւավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։ Այս օրերին քննարկում են հանրահավաքի սցենարը, թե ովքեր պետք է ելույթներ ունենան եւ ինչ գործողությունների գնան։
Նշենք, որ արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ, առաջիկա հանրահավաքին ընդառաջ, Փաշինյանը «բռնել-բռնոցիի» հերթական հանձնարարականն է իջեցնելու իրավապահներին եւ որոշ արցախցիների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներով փորձելու է վախեցնել մյուսներին: Սակայն արցախցիները վճռական են տրամադրված եւ վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու»:
Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ռուսական ակտիվները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Էմմա Ռեյնոլդսը։
«Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները։ 2022 թվականից թագավորության կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանին «զրկել են» 400 միլիարդ դոլարից։ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ Ուկրաինային աջակցելու համար», - ասել է Ռեյնոլդսը։
ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը` «դժվարին որոշումներ» ընդունելով «կյանքեր փրկող նախաձեռնություններ» ընդհատելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար նախագծերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը:
«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր հումանիտար ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի հումանիտար նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը հատկացնում էր ֆինանսավորման երկու երրորդը:
Ներքին փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը՝ ԱՄՆ-ի կողմից հետագա ֆինանսավորման հարցի որոշակիության բացակայության պատճառով:
FT-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի բյուջեի 20%-ից ավելին գոյանում է Վաշինգտոնի վճարումներից։
Ֆլեթչերը նաև նշել է, որ առանձին եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։
ՄԱԿ-ում արդեն «ազդակներ են ստանում» այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե: Այս ամենն, ըստ թերթի զրուցակցի, «պակաս ցավոտ» չի անդրադառնում ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։
Փետրվարին ԱՄՆ հանրապետական սենատոր Մայք Լին Սենատում նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի կազմից և դրա հետ կապված կազմակերպություններից ԱՄՆ-ի լիովին դուրս գալու մասին, ինչը նաև նախատեսելու է Վաշինգտոնի կողմից դրանց ֆինանսավորման դադարեցում: Նորմատիվ ակտի նախագիծը նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն այլևս չմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:
Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման»,- նշել է ՌԴ նախագահը։
Մարտի 21-ին Մոսկվայի ու Համայն Ռուսիոյի Հայոց պատրիարքությունում Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանն եւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանն առնչվող հարցեր»։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:
Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:
Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարայի» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար։
Այս պահին կոնկրետ այլ որոշում չունենք. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմաններից դուրս բերել և ավելի ընդլայնել հայկական կողմի ծառայության կազմը:
«Գիտեք որ 2024 թվականի ընթացքում Զվարթնոց օդանավակայանում ամբողջովին ծառայությունն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն, հայ-իրանական սահմանին: Սույն թվականի մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ այլ որոշում չունենք»,- հայտարարեց նա:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 392.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.47 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.14 դրամ (աճել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.64 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-389.5 դրամով, վաճառվում է 393.5-394.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 417-421 դրամով, վաճառվում է 427-433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.45-4.57 դրամով, վաճառվում է 4.68-4.85 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:
Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 429.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.52 դրամով, վաճառվում է 4.60 դրամով:
Ադրբեջանի կողմից հարձակման մտադրության մասին փաստեր չկան, բայց իրավիճակն արագ է փոխվում. Գրիգորյան. Տեսանյութ