Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հունիսի 5-ի գիշերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հայտնել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

Նրա խոսքով՝ Պրիլուկիի վրա հարձակվել է առնվազն վեց անօդաչու թռչող սարք։ Դրանք վնասել են բնակելի թաղամասերի տները։

«Նախնական տեղեկություններ կան հինգ զոհվածի մասին՝ երկու կին և մեկ տարեկան երեխա, որոնք հայտնաբերվել են փլատակների տակ», - ասվում է հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ տեղեկություններ կան 17 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են։

Բացի այդ, ռուսական զորքերը գիշերը հրթիռային հարձակում են իրագործել Խարկովի վրա: Ավելի ուշ հաղորդվել է, որ հարձակումը հրդեհ է առաջացրել բազմահարկ շենքում, և կան զոհեր:

Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։

Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։

Նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը և աշխատել կարգավորիչ շրջանակների մերձեցման ուղղությամբ։

«Մենք նաև կարևոր ենք համարում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության իրավական շրջանակների մերձեցման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի վարչապետը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:

ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին համաձայնագիր, Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգ և դրա իրականացման գործողությունների ծրագիր, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգ։

Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել ՌԴ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը։ 

«ԿԺԴՀ – ի կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», – ասվում է հյուսիսկորեական կենտրոնական տեղեկատվական գործակալության հունիսի 4-ի հաղորդագրության մեջ:

Շոյգուն և Կիմը քննարկել են Կուրսկի շրջանում գործողությունը, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ: Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքի հիշատակը հավերժացնելու» հարցը:

Փհենյանում հայտարարել են «կորեացի ժողովրդի լավագույն որդիների անզուգական խիզախության և անձնվիրության մասին, որոնք ռուս մարտիկների հետ ուս ուսի տված՝ մեկ խրամատում կռվել են Կուրսկի շրջանի ազատագրման օպերացիայում և պաշտպանել ռուսական տարածքի արժեքավոր մասը՝ որպես իրենց հայրենիք»:

Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, և մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան»,- ասել է դիվանագետը։ 

Մայիսի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։

Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Բանաձևի նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական ​​անդամների կողմից:

ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում եղել է միակ երկիրը, որը հավանություն չի տվել բանաձևին:

Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից: Բանաձևը բովանդակում է «անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադարի պահանջ Գազայում, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում:

Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացնում են ինչպես ՄԱԿ-ն, այնպես էլ նրա գործընկեր հումանիտար կազմակերպությունները»:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։

Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաարը նշել է, որ բանաձևը «միակողմանի» է և «խափանում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ-ի ջանքերը»:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440.50 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ:

Հռոմի Լևոն XIV պապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու կարևորության մասին: Այս մասին հունիսի 4-ի երեկոյան հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Պապը կոչ է արել, որ Ռուսաստանը խաղաղությանը նպաստող ժեստ անի։ Նա ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար», – ասվում է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, Բրունիի խոսքով, ուկրաինական ճգնաժամի շուրջ զրույցի ընթացքում խոսվել է հումանիտար իրադրության, կարիքի դեպքում օգնություն տրամադրելու անհրաժեշտության և ռազմագերիների փոխանակման հարցում ջանքերը շարունակելու մասին։

Ըստ հայտարարության՝ Լևոն XIV-ը նաև խնդրել է երախտագիտության խոսք փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Հռոմի պապի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։

Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։

«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», – գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել: 

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախնական վեց ամիս ժամկետով կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք փորձում են դառնալ Հարվարդի ուսանող կամ մասնակցել համալսարանի փոխանակման ծրագրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը դա պայմանավորել է ազգային անվտանգության սպառնալիքներով։ Վեց ամիս հետո կասեցումը կարող է երկարաձգվել։ 

Հարվարդի համալսարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Թրամփի որոշումը և խոստանալով, որ կպաշտպանի իր միջազգային ուսանողներին։ Թրամփը նաև կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Հարվարդի ներկայիս այն ուսանողների ակադեմիական վիզաները կամ փոխանակման վիզաները չեղարկելու հարցը, որոնք համապատասխանում են իր հրահանգում սահմանված չափանիշներին:Ավելի վաղ Բոստոնի դաշնային դատավորը հայտարարել էր, որ կհրապարակի արգելանք՝ թույլ չտալով ԱՄՆ վարչակազմին չեղյալ համարել Հարվարդի հնարավորությունը՝ ընդունելու օտարերկրյա ուսանողների, որոնք կազմում են համալսարանի ուսանողական կազմի մեկ երրորդը։  

Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի ամենահին և ամենահարուստ համալսարանի դեմ՝ սառեցնելով միլիարդավոր դոլարի դրամաշնորհներ և այլ ֆինանսավորում և առաջարկելով դադարեցնել համալսարանի՝ հարկերից ազատված կարգավիճակը։ 

Հարվարդում պնդում են, որ վարչակազմը վրեժխնդիր է լինում, քանի որ իրենք հրաժարվել են տեղի տալ Սպիտակ տան պահանջներին՝ վերահսկելու համալսարանի կառավարումը, ուսումնական պլանը և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գաղափարախոսությունը։

Հարվարդը դատարան է դիմել այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմը հայտարարեց, որ իր գերատեսչությունն անհապաղ չեղարկում է Հարվարդի Ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագիրը, որը թույլ է տալիս ընդունել օտարերկրյա ուսանողներին: Դատավորը ժամանակավորապես արգելափակել է գերատեսչության որոշումը։ 

Ֆոտո

Կշարունակի տաքանալ, տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի. «Կոմերսանտ»

Իսրայելը կարող է հատուկ նշանակության ուժեր ուղարկել Իրանի միջուկային օբյեկտ, եթե ԱՄՆ-ն չհարվածի․ Axios

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունը

10 ամերիկյան բազա գտնվում է իրանական հրթիռների հասանելիության սահմաններում․ Tasnim

Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից

Իգդիրի նահանգապետը տեղում ստուգել է Հայաստանի հետ սահմանի անվտանգության միջոցառումները

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ նոր ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim