Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, հազարավոր կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն, կան խմբեր էլ, որոնք սա նորմալ ու ուշացած են համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների վերաբերյալ վերջին գրառումներին:
«Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Նախ նշեմ, որ եկեղեցին ժողովուրդն է, այն անձիք են, այն ժողովուրդն է, որոնք ձևավորում են եկեղեցին: Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձիք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում՝ վարքաբեկում են եկեղեցուն, և արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»:
Սինանյանի խոսքով՝ կան բացահայտ խնդիրներ եկեղեական վերնախավի հետ կապված, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլ՝ ակնառու են սփյուռքի մեծ մասի համար. «Սա նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է: Երբ որ բոլորը պետությունում, իրենց պատասխանատվությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին»,-եզրափակեց Սինանյանը:
Դիլիջանի մանկապարտեզներից մեկին անդրադարձել եմ կառավարության նախորդ նիստերից մեկին, և ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հետ է կապված մանկապարտեզի հարցը և պատմությունը, և դա կապված է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել, նա ի՞նչ կապ ունի, կամ նրա կինը, որ Դիլիջանում մանկապարտեզ են վերցրել: Համացանցում էլ վերնագրեր են տարածվում, որ հենակետային քոլեջի շենքը վարչապետը նվիրել է իր դստերը:
Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, այս մարդիկ խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք: Իրենք մի խնդիր ունեն, որ չեն էլ ուզում ապացուցեն, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են: Մենք կոռեկտությունները պահելով ՝ սխալվել ենք: Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա արձանագրվել է դատարանի որոշմամբ: Երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»»։
Հիշեցնենք, որ 19 տարի առաջ Վարդան Օսկանյանի կնոջը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Դիլիջանի մանկապարտեզի մասնաշենքը, որը հաշտության համաձայնագրով վերադարձվել է համայնքին, սուբվենցիոն ծրագրով, կհիմնանորոգվի: Թեև «Առաջինը երեխաներին» կազմակերպության պարտավորությունն է եղել շենքի բարեկարգումը, սակայն այն համայնքին է վերադարձվել անմխիթար վիճակում:
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հունիսի 5-ի գիշերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հայտնել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Նրա խոսքով՝ Պրիլուկիի վրա հարձակվել է առնվազն վեց անօդաչու թռչող սարք։ Դրանք վնասել են բնակելի թաղամասերի տները։
«Նախնական տեղեկություններ կան հինգ զոհվածի մասին՝ երկու կին և մեկ տարեկան երեխա, որոնք հայտնաբերվել են փլատակների տակ», - ասվում է հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ տեղեկություններ կան 17 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են։
Բացի այդ, ռուսական զորքերը գիշերը հրթիռային հարձակում են իրագործել Խարկովի վրա: Ավելի ուշ հաղորդվել է, որ հարձակումը հրդեհ է առաջացրել բազմահարկ շենքում, և կան զոհեր:
Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։
Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
Նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը և աշխատել կարգավորիչ շրջանակների մերձեցման ուղղությամբ։
«Մենք նաև կարևոր ենք համարում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության իրավական շրջանակների մերձեցման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի վարչապետը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:
ԱՊՀ երկրների վարչապետներն ընդլայնված կազմով կքննարկեն նաև հետևյալ նախագծերը՝ Ծանր մեքենաշինության զարգացման գործում համագործակցության մասին համաձայնագիր, Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգ և դրա իրականացման գործողությունների ծրագիր, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կառավարման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգ։
Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել ՌԴ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը։
«ԿԺԴՀ – ի կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», – ասվում է հյուսիսկորեական կենտրոնական տեղեկատվական գործակալության հունիսի 4-ի հաղորդագրության մեջ:
Շոյգուն և Կիմը քննարկել են Կուրսկի շրջանում գործողությունը, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ: Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքի հիշատակը հավերժացնելու» հարցը:
Փհենյանում հայտարարել են «կորեացի ժողովրդի լավագույն որդիների անզուգական խիզախության և անձնվիրության մասին, որոնք ռուս մարտիկների հետ ուս ուսի տված՝ մեկ խրամատում կռվել են Կուրսկի շրջանի ազատագրման օպերացիայում և պաշտպանել ռուսական տարածքի արժեքավոր մասը՝ որպես իրենց հայրենիք»:
Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, և մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան»,- ասել է դիվանագետը։
Մայիսի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։
Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:Բանաձևի նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամների կողմից:
ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում եղել է միակ երկիրը, որը հավանություն չի տվել բանաձևին:
Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից: Բանաձևը բովանդակում է «անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի պահանջ Գազայում, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում:
Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացնում են ինչպես ՄԱԿ-ն, այնպես էլ նրա գործընկեր հումանիտար կազմակերպությունները»:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։
Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաարը նշել է, որ բանաձևը «միակողմանի» է և «խափանում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ-ի ջանքերը»:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440.50 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ:
Հռոմի Լևոն XIV պապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու կարևորության մասին: Այս մասին հունիսի 4-ի երեկոյան հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Պապը կոչ է արել, որ Ռուսաստանը խաղաղությանը նպաստող ժեստ անի։ Նա ընդգծել է երկխոսության կարևորությունը՝ կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար», – ասվում է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, Բրունիի խոսքով, ուկրաինական ճգնաժամի շուրջ զրույցի ընթացքում խոսվել է հումանիտար իրադրության, կարիքի դեպքում օգնություն տրամադրելու անհրաժեշտության և ռազմագերիների փոխանակման հարցում ջանքերը շարունակելու մասին։
Ըստ հայտարարության՝ Լևոն XIV-ը նաև խնդրել է երախտագիտության խոսք փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Հռոմի պապի ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։
Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։