Ֆիլիպինների կենտրոնական մասում սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած 6,9 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն արդեն հասել է 69-ի, ավելի քան 150-ը տուժել են։ Այս մասին այսօր հայտնել է Ֆիլիպինների տարերային աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհուրդը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մոտ 90 հազար բնակչություն ունեցող ծովափնյա քաղաք Բոգոյից շուրջ 20 կմ հյուսիս-արևելք՝ Սեբու նահանգում:
Հոկտեմբերի 4-5-ը կանցկացվի Երևանի մարաթոն 2025-ը: Մասնակցել կարող են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«1 կմ մանկական վազք — 7–12 տարեկանների համար (3 տարեկանից փոքրիկները՝ ծնողների հետ միասին)
5 կմ — 13+ տարեկանների համար
12 կմ — 16+ տարեկանների համար
21.1 կմ և 42.2 կմ — 18+ տարեկանների համար
Ծրագիր
Հոկտեմբերի 4 — 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)
Հոկտեմբերի 5 — հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)
Սպասում ենք բոլորիդ՝ միասին վազելու:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ www.armeniamarathon.org»:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ:
Երեկ Telegram-ի Sepah Pasdaran ալիքը հաղորդել էր, որ իրանական դիվանագիտական ինքնաթիռը հանկարծակի Թեհրանից մեկնել է Մինսկ, ապա՝ Մոսկվա։
«Նման չվերթներով ճանապարհորդում են միայն կառավարության ամենաբարձր պաշտոնյաները։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին շտապ այցով մեկնել է Մինսկ։
Այս առաքելության պատճառը Իրանի և սիոնիստական ռեժիմի միջև հնարավոր պատերազմն է», - հաղորդում է հեռուստաալիքը։
Opta-ի սուպերհամակարգիչը գնահատել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» -ՊՍԺ խաղում երկու թիմերի հաղթելու հնարավորությունները։
Կատալոնացիների հաղթելու հավանականությունը գնահատվում է 46,4 տոկոս։ Գործող գավաթակիր ՊՍԺ-ի շանսերը գնահատվում են 29,9 տոկոս։ Ոչ-ոքիի հավանականությունը կազմում է 23,7 տոկոս։
«Բարսելոնա»-ՊՍԺ խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Մյունխենի Լերխենաուեր Շտրասե մայրուղու վրա պայթյուններ և կրակոցներ են տեղի ունեցել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Bild-ին:
Ոստիկանությունը միաժամանակ 2 դի է հայտնաբերել, որոնցից մեկը հրազենային վերքերով: Միջադեպի հստակ հանգամանքները դեռևս չեն պարզվել:
Մյունխենի իրավապահ մարմինները խորհուրդ են տվել բնակիչներին ու վարորդներին խուսափել կամ շրջանցել տարածքը:
ՄԱԿ-ը սկսում է Գազայի հարցում մարդասիրական ջանքերի պլանավորումը՝ Թրամփի ծրագրի ներքո, հայտարարել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագրի համաձայն՝ անկլավի բնակիչներին օգնությունը կբաշխվի ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք կապված չեն հակամարտության կողմերի հետ:
Ամերիկացի միլիարդատեր և xAI-ի սեփականատեր Իլոն Մասկը մրցակցության մեջ է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանի հետ, ինչը ճնշման տակ է դնում xAI-ի աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով xAI-ից վերջերս հեռացած ավագ աշխատակցին։
Թերթի տվյալներով՝ xAI-ի աշխատակիցները կարծում են, որ իրենց վրա ճնշումը բխում է Մասկի և Ալտմանի մրցակցությունից։
«Իլոնն իր ամբողջ ժամանակը ծախսում է Սեմին բիզնեսից դուրս հանելու վրա»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարազգի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Մ.-ն, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարազգի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները:
Այնուհետև, Հ.Մ.-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է, օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո Հ.Մ.-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները:
Նախաքննության ընթացքում Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Աշխարհում 1.5 միլիարդ կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 28-ին նա կայցելի Բուրսայի Իզնիկ քաղաք, որտեղ կմասնակցի Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարություններին։
Նախորդ Պապ Ֆրանցիսկոսը, ցանկացել էր անձամբ մասնակցել Իզնիկի Ժողովի 1700-ամյակին և մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր հաջորդը անպայման մասնակցի այդ միջոցառմանը։
Պապի այդ պատմական այցի ընթացքում ակնկալվում է, որ Իզնիկ կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ միջոցառումները կհեռարձակվեն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում։
Նշվում է, որ դա կլինի 5-րդ պապական այցելությունը Թուրքիա՝ սկսյալ 1967 թվականից։