Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
«Հրապարակ» թերթը գրել է․
Թեպետ ժամանակները փոխվում են, սակայն դիվանագիտական պրոտոկոլում կան անփոփոխ կանոններ, որոնք, ինչպես 10 կամ 20 տարի առաջ, այսօր էլ նույնն են: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում` նրանք ոչ մի կանոն, ոչ մի օրենք չեն ճանաչում, անում են այն, ինչ այդ պահին հարմար է իրենց:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը գործուղումների գրեթե երբեք մենակ չի մեկնում` նրա կինը, երբեմն զավակները ուղեկցում են նրան: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցելու են ինչ-որ կրոնական ազատության գագաթնաժողովի եւ Ազգային աղոթքի նախաճաշին։
Մենք հետաքրքրվեցինք, թե նախկին նախագահները երբ են իրենց կանանց կամ ընտանիքի մյուս անդամներին իրենց հետ տարել գործուղումների: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Ռիտա Սարգսյանը, Բելլա Քոչարյանը ե՞րբ են ուղեկցել իրենց ամուսիններին` արտերկրյա այցերի ժամանակ:
Թեպետ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, բավականին ակտիվ էր, հատկապես սիրում էր երգիչ-երգչուհիների հովանավորել, սակայն երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերում, պասիվ էր ու աննկատ: Տարիներ առաջ նա «Ազատություն» ռադիոկայանին մի հարցազրույց էր տվել եւ նշել, որ ինքը չի հարգում այն տղամարդկանց, ովքեր լսում եւ ենթարկվում են իրենց կանանց: Այս հայտարարությունը տարակուսանք էր առաջացրել հասարակության շրջանում, եւ մարդիկ անգամ ծաղրում ու հեգնում էին, թե լուսավոր 21-րդ դարում, երբ ծաղկում է ֆեմինիզմը, ինչպե՞ս կարող է երկրի առաջին տիկինը նման սեքսիստական հայտարարություն անել: Ո՞վ կմտածեր, որ այդ հայտարարությունից տարիներ անց մարդիկ երանի էին տալու Ռիտա Սարգսյանի տեսակին:
«Հրապարակը» երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից մեկնաբանություն խնդրեց, թե որ դեպքերում են երկրի առաջին տիկնայք ամուսինների հետ այս կամ այն երկիր մեկնել, մասնակցել աշխատանքային այցերին: Ռոբերտ
Քոչարյանի գրասենյակից Բագրատ Միկոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, հետաքրքիր չէ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կեցութաձեւը, սակայն մոտեցումը հետեւյալն է. արարողակարգով կան այցերի տարբեր տեսակներ: Եթե այցը պետական է, դա ամենաբարձր մակարդակն է: Նման դեպքերում, ըստ արարողակարգի, նախատեսվում է, որ երկրի ղեկավարին կարող է ուղեկցել կողակիցը` կինը կամ ամուսինը: Պրոտոկոլով դա ընդունված կանոն է: Նման այցեր եղել են նախագահ Քոչարյանի տարիներին, արարողակարգը եւ օրենքները 99,9 տոկոսով խստիվ պահվել են: Կան նաեւ պաշտոնական այցեր, դա էլ երկրորդ դասակարգումն է: Այստեղ էլ կարող է կողակիցն ուղեկցել` որոշ քննարկումների արդյունքում: Բայց, որպես կանոն, դրանից ներքեւ այցերի դեպքում, օրինակ`աշխատանքային այցերի դեպքում, կողակիցները չեն ուղեկցում: Բելլա Քոչարյանն ուղեկցել է բացառապես պետական կամ պաշտոնական այցերի դեպքում: Աշխատանքային, մասնավոր, տարանցիկ այցերի դեպքում համաշխարհային պրակտիկայում զույգերի այց նախատեսված չէ, ինչը խստիվ պահվել է նախագահ Քոչարյանի իշխանավարման տարիներին»: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր` շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:
Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն էլ նշեց. «Շատ քիչ են եղել դեպքերը, երբ առաջին տիկինն այցելել է ամուսնու հետ այս կամ այն երկիր: Դրանք մինչ օրս պահպանված են պաշտոնական հաղորդագրություններում, տարբեր լուսանկարներում: Առաջին տիկինը հիմնականում ամուսնուն ուղեկցել է պետական այցերի դեպքում: Ինչպես գիտենք` կան այցերի տարբեր տեսակներ: Աշխատանքային այցերի դեպքում չի եղել առհասարակ նման դեպք, երբ տիկին Ռիտան մեկներ այս կամ այն երկիր: Այնուամենայնիվ, եթե լինում էր պետական այց` կանանց համար առանձին ծրագիր էր կազմվում թե՛ դրսից եւ թե՛ Հայաստանից: Այդ այցերը եղել են թվով քիչ: Չի եղել նման դեպք, որ ամուսինը գնում է, կինն էլ պետք է պարտադիր ամուսնու հետ մեկնի, ինչպես լինում է որոշ դեպքերում: Կարող ենք նշել ընդամենը 6 նման դեպք: 3-ը պաշտոնական այց է եղել, որտեղ առաջին տիկինն ուղեկցել է ամուսնուն: Խոսքը Լիբանան, Սիրիա եւ Վրաստան այցերի մասին է: 2010 թվականին` Սիրիա, 2011-ին` Վրաստան, 2012-ին` Լիբանան: Պետական այցերը եղել են հետեւյալ երկրներ` Հունաստան, Ռուսաստան եւ Կիպրոս: Սրանք առնվազն այն ֆիքսված այցելություններն են, որոնց մասին կարող ենք խոսել, ի դեպ առանձին ծրագրերով, որոնց մասին նույնպես կարելի է խոսել»:
Իսպանիայի կառավարությունը որոշել է կրճատել աշխատանքային շաբաթը 2,5 ժամով՝ մինչև 37,5 ժամ՝ առանց աշխատավարձերի կրճատման։ Այս մասին , ըստ Լուրերի,հայտնում է Reuters-ը։
Իսպանիայի կառավարությունը իր վերջին նիստի ժամանակ հավանություն է տվել աշխատանքային ժամերի կրճատմանը` օրական 8 ժամից 7,5-ի: Նախաձեռնությունը մշակել է աշխատանքի նախարար Յոլանդա Դիասը։ Այնուամենայնիվ, այդ միջոցը դեռ պահանջում է խորհրդարանի հաստատումը, որտեղ իշխող Սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն չունի: Էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն նույնպես խոստովանել է, որ գաղափարի համար քվեարկությունը «հեշտ չի լինի», բայց նա արդեն «բանակցությունների մեջ» է։
Աշխատողները և արհմիությունները աջակցում են նախաձեռնությանը, սակայն գործատուների ասոցիացիաները դեմ են դրան՝ ասելով, որ դա կբարձրացնի բիզնեսի ծախսերը և կնվազեցնի ընկերությունների մրցունակությունը:
Բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունները փակուղի մտան դեռ նոյեմբերին, երբ գործատուները պնդում էին, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը պետք է կարգավորվի կոլեկտիվ պայմանագրերով, ոչ թե օրենքով։
Կրճատված շաբաթվա փորձն արդեն կիրառվում է այլ երկրներում։ Օրինակ՝ անցյալ տարվա աշնանից Իսլանդիայում աշխատողների կեսից ավելին անցել է քառօրյա շաբաթվա՝ առանց աշխատավարձի նվազեցման։ Փորձը ցույց է տվել, որ դա ոչ միայն չի նվազեցրել պրոդուկտիվությունը, այլև իրականում նպաստել է տնտեսական աճին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում իշխանությունները սպառնում են հայ առաքելական եկեղեցուն, արհամարհում եւ թիրախավորում են, սակայն պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով կրոնական միջոցառմանը մասնակցելու համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը օվկիանոսներ է կտրում-անցնում՝ 9-10 հազար կիլոմետր։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։
Որպես վարչապետ՝ Փաշինյանի մասնակցությունը հասկանալի է, բայց այ պատգամավոր Արսեն Թորոսյանի ներկա գտնվելը, ով աթեիստ է, բայց մասնակցում է կրոնական միջոցառմանը, խիստ տարակուսելի է:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Արսեն Թորոսյանի մասին է, ով հայտարարել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: «Ես աթեիստ եմ, հարցեր կա՞ն…» ԱԺ ամբիոնից հայտարարել է նույն Թորոսյանը:
Հարցական է, թե այդ որ արժանիքի համար է աթեիստ Արսեն Թորոսյանը հասել ԱՄՆ՝ կրոնական միջոցառման մասնակցելու։ Սա ծաղրանք է հավատացյալների՞, ԱՄՆ-ի՞, թե՞ ինքն իր նկատմամբ:
Ի դեպ, Արսեն Թրոսյանն ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին՝ օրապահիկի, գիշերավարձի եւ ավիատոմսի ամբողջական փոխհատուցմամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է սեռը փոխած տղամարդկանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Ստորագրումը հեռարձակվել է չորեքշաբթի C-SPAN հեռուստաալիքով։
«Կանանց սպորտն այսուհետ լինելու է բացառապես կանանց համար»,- ասել է Թրամփը հրամանի ստորագրումից առաջ ունեցած ելույթում։ Նա մեղադրել է ԱՄՆ նախորդ վարչակազմին «արմատական ձախ գաղափարներին» աջակցելու և «կենսաբանական սեռի բուն հասկացությունից հրաժարվելու» մեջ։ «Աղջիկ ներկայացած տղամարդիկ կանանցից գողացել են ավելի քան 3500 մրցույթ, ինչը շատ է, և մասնակցել են կանանց համար նախատեսված ավելի քան 11 հազար մրցույթների»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հայտարարել է, որ իր ստորագրած հրամանագիրը կդադարեցնի դաշնային ֆինանսավորումը և կսկսի հետաքննություններ ամերիկյան դպրոցներում, որոնք թույլ են տալիս կենսաբանական տղամարդկանց մասնակցել կանանց սպորտին: Բացի այդ, Թրամփի հրամանագրի համաձայն, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը մերժելու է սեռափոխության ենթարկված տղամարդ մարզիկներին ԱՄՆ վիզաների տրամադրումը։ «Այս հրամանագիրը նշանակում է կանանց սպորտի համար պայքարի ավարտ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «դա վաղուց պետք է արվեր»։
Թրամփն ակնկալում է, որ ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն և Ազգային քոլեջի մարզական ասոցիացիան այլևս թույլ չեն տա տղամարդկանց հանդես գալ կանանց սպորտով, չորեքշաբթի լրագրողներին ճեպազրույցում ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե ինչպես Թրամփի նոր հրամանագիրը կազդի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կանոնների վրա, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսում, և արդյոք տրանսգենդեր տղամարդկանց կթույլատրվի մասնակցել կանանց մրցումներին։
Shamshyan.com-ի տեղեկություներով պարզվել է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով կայքի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել և, ըստ օպերատիվ տեղեկությունների, այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Հավելենք նաև, որ երեկ ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած զինված հարձակման դեպքով կա 2 ձերբակալված անձ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հատկացված ընդարձակ՝ մի քանի սենյականոց տարածքը երեկ ավերակ էր հիշեցնում, ամբողջությամբ քարուքանդ էր արված, գույքը, տեխնիկան «ապամոնտաժել», դրել էին ԱԺ միջանցքում, քանի որ բուռն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
Պարզվում է՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը որոշել է հիմնովին վերանորոգել իր աշխատասենյակը։ Ի դեպ, այդ ընդարձակ «բազմաբնակարանում» մինչեւ վերջերս տեղավորվում էին թե՛ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը, թե՛ փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Երեկ մենք նկատեցինք, որ Լուլուի անունն այլեւս փակցված չէ աշխատասենյակի պատին:
Ըստ ամենայնի, նա արդեն լքել է իր սենյակը, քանի որ հրաժարվել է փոխնախագահի կարգավիճակից։ Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀՀԿ-ականները վերանորոգում էին իրենց աշխատասենյակները, դա բուռն քննարկումների առիթ էր դառնում, թե ԱԺ բյուջեն տնօրինում են սեփական քմահաճույքների համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Երեւանում արդեն 6-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Բայց կան նաև քաղաքացիներ, որոնք արդեն ավելացված ուղեվարձն են վճարում փոխադրման համար։
Նշենք, որ Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ սկսած ամենառուսամետից մինչև ամենաարեւմտամետը, կոչ են արել բոյկոտել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ դա անվանելով չարդարացված եւ հակաօրինական։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին, հանրային ճնշման տակ հերթական զիջման գնալով, որոշում է ընդունել ուղեվարձը սահմանել 150 դրամ, նաեւ կգործեն տոմսերի միասնական համակարգի փաթեթներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պետական համակարգում առկա թափուր հաստիքները՝ արձանագրելով կադրային սովը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, շրջակա միջավայրի նախարարությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր:
Ավելին՝ իշխանությունը 1-2 ամիս մի քանի ընտրական փուլ անցկացնելուց հետո միայն կարողացավ գտնել արդարադատության նախարար եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող։ Ու թեեւ հայտարարվել էր, որ նոր նախարարը պետք է լինի քաղաքական թիմից, բայց այդպես էլ չգտան նրան, մի կերպ Սրբուհի Գալյանին նշանակեցին նախարարի պաշտոնում:
Գալյանը տեղակալներ նշանակեց 2 երիտասարդների՝ Տիգրան Դադունցին եւ Աննա Կարապետյանին, վերջինս անգամ իրավաբանի կրթություն չունի։
ՏԿԵ նախարարության կադրային սովը հասել է նաեւ նրա ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտե։ Վահագն Գեւորգյանը՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահը, դեկտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։
Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել. այժմ նա տնային կալանքի տակ է։
Կադրային սովը այցելել է տեսչական մարմիններ եւս. օրինակ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն գրեթե 3 տարի է նախագահ չունի։
Հարկ է նշել, որ ազատ են պետական մարմինների ղեկավարների հաստիքները, քաղծառայության հաստիքները՝ փորձագետ, մասնագետ եւ այլն։
Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Մեծ Սյունիք», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 38, 81, 83, 85, 95, 97, 99, 105, 107, 109, 111, 113, 115 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և 56/10, 56/6, 56/7 առանձնատներ, «Սահալքո», «Նորաշեն գրուպ», «ԳԹ Բիլդինգ», «Պարտնյոր Գրուպ», «Բիգ Կապիտալ», «ՀԼ Քոնսթրաքշն», «Մռավ Սար», «Պրեմիում ռեալիթի», «Պանորամա Այթի Քամփուս», «Տիդա-2023», «Քլինթսոֆթ», «Պանորամա Ռեզորթ», «Դիջիթեք», «Բուլդոզեր Գրուպ» ՍՊԸ-ներ, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17:00 Կորյունի փ. 14 շենք, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 առանձնատներ, Բուզանդի փ. 85-107 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․ Ավետիսյան 1 փողոց 51; 2 փողոց 15-17Ա, շենքեր, Կիևյան փ. 7 շենք, Կոմիտասի պող. 7-11, 12-14, 16-20, 24/1, 22-26 շենքեր, Վաղարշյան փ. 15Բ-17, 18-18Ա, 19-21 շենքեր, Հր.Քոչարի փ. 9-11, 13, 17-19 շենքեր, Կասյան փ. 2-10 շենքեր, Գյուլբենկյան փ. 30/3, 34 շենքեր, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Ա.Խաչատրյան 12 շենք, Բաշինջաղյան փ. 165, 173, 175 շենքեր, Անդրանիկի փ. 6, 8, 10, 10/1, 10/2, 10/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 3, 4 փողոցներ, Սիլիկյան թաղ. 6, 7, 9, 10, 13 փողոցներ մասնակի, Սիլիկյան հին խճուղի,
Արագածոտնի մարզ`
11։00-16:00 Աշտարակ քաղաք` Եր.Շահազիզի, Թամազյան, Նարեկացի, Շիրազի, Պռոշյան փողոցներ, «Արա-1», «Արա-2», «Նարեկ» և «Վարոյի Ձորակ» թաղամասեր,
11։00-17:00 Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր մասնակի, Ուշի և Օհանավան գյուղեր,
Արարատի մարզ՝
10։00-13։00 Ավշար գյուղ մասնակի, Վեդի քաղաք՝ Պուշկինի, Ա․ Սիմոնյան փողոցներ մասնակի,
10։00-13։30 Ներքին Դվին գյուղ մասնակի,
10։00-16։00 Զանգակատուն, Լանջանիստ և Լուսաշող գյուղեր, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, զորամաս, «Հայէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, Զովաշենի հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ,
Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացի և Շահումյան փողոցներ մասնակի,
Կոտայքի մարզ՝
10։30-14:00 Քարաշամբ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
11։00-12։00 Աբովյան քաղաք՝ «Զոնալ կայան» թաղամաս,
11:00-16։30 Նուռնուս գյուղ և ամառանոցներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,
11։00-17։00 Ջրվեժ գյուղ՝ Մելքոնյան փողոց, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Զովք և Գեղաշեն գյուղեր,
Գեղարքունիքի մարզ՝
10։30-15։00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր, Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
11։00-15։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-16:00 Երանոս, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00-13:00 Լեռնաջուր և Լեռնապատ գյուղեր,
11:00-15:00 Լերմոնտովո գյուղ,
Շիրակի մարզ՝
10:00-16:00 Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ 1-ին թաղամաս, Ձորակապ գյուղ,
Սյունիքի մարզ՝
09:30-11:00 Քաջարան քաղաք՝ Շահումյան փ. 1 շենք, Լեռնագործների փ. 8, 12, 16 շենքեր և Չարենցի փ. 1, 2, 3 շենքեր: