«Փաստ» օրաթերթը գրում է. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտին, ապա ռուսական դիրքերն էականորեն թուլացել են, իսկ դրա փոխարեն ավելացել է Թուրքիայի ազդեցությունը։ Վրաստանում թուրքական կապիտալը էական դերակատարություն ունի տնտեսության մեջ, մյուս կողմից էլ՝ այդ երկրով են անցնում թուրքադրբեջանական այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:
Իսկ վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն հաստատվում է Ադրբեջանում, ու պայմաններ են ստեղծվում համընդհանուր ինտեգրացիոն դաշտի ձևավորման համար։ Պարբերաբար համատեղ թուրքադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Եվ Թուրքիան իր բանակի ՆԱՏՕ-ական մոդելը ներմուծում է Ադրբեջան։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման գործընթացը, որը բխում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Հենց ինտեգրացիոն գործընթացի ավելի խորացման ու պանթուրքական ծրագրերի իրականացման համար թուրքադրբեջանական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ըստ էության, Թուրքիան միակ պետությունն է, որը ամենամեծ ազդեցությունն ունի Ադրբեջանի վրա։
Իսկ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով թուլանում է՝ չնայած մի շարք դեպքերում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի մեծ լծակներ Ադրբեջանի վրա ազդելու՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի անդամակցում Ռուսաստանի գլխավորությամբ գործող գլխավոր կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
Երբ ռուս խաղաղապահները գտնվում էին Արցախում, այդ հանգամանքը Մոսկվային լուրջ հնարավորություն էր տալիս Բաքվի վրա իր ազդեցությունն օգտագործելու հարցում։ Բայց Արցախի օկուպացիայից ու խաղաղապահների հեռանալուց հետո այդ լծակն իր ուժը կորցրեց։ Դեռ ավելին, մի շարք ուղղություններով Ռուսաստանն է կախված Ադրբեջանից։ Օրինակ՝ տվյալներ են հրապարակվում այն մասին, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ հայտնվում է Եվրոպայում։ Այս պայմաններում Բաքվի հավակնություններն ավելի են աճում, որը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ և հավակնություններով։ Ու չպետք է մոռանալ, որ միայն Հարավային Կովկասի միակ ռուսական ռազմաբազան Հայաստանում է, և Հայաստանն է, որ կարող է լինել Ռուսաստանի տարածաշրջանային հենարանը՝ չնայած տարածվող այն լուրերին, թե իբր Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։
Այսինքն, եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։
Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։
Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:
Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թեման վերջին շրջանի ամենաքննարկվող ու ամենաթեժ հարցերից մեկն է: Քաղաքապետարանը առաջիկայում նոր փոփոխություններ է նախատեսում սակագների փաթեթներում, իսկ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բոյկոտել ուղեվարձի թանկացումը: Մյուս կողմից՝ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք դեմ չեն թանկացմանը, ավելին՝ նույնիսկ վեճի մեջ են մտնում բոյկոտողների հետ: Արդյունքում գրեթե ամեն օր կոնֆլիկտներ են լինում բոյկոտողների, նոր սակագներից գոհ քաղաքացիների ու վարորդների միջև:
Թեմայի հետ կապված՝ լուծում է առաջարկում «ՀայաՔվե» նախաձեռնությունը՝ կոչ անելով Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ հարցը դնել տեղական հանրաքվեի` կա՛մ Երևանի ավագանու որոշմամբ, կա՛մ քաղաքացիական նախաձեռնության կարգով:
Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ անընդհատ կոնֆլիկտներ են առաջանում քաղաքացիների, վարորդների ու ակտիվիստների միջև, նշեց, որ նման վիճակն անթույլատրելի է: «Ակնհայտ է, որ Երևանի ավագանին, փոխանակ հարցին լուծում տա ավագանու մակարդակով, քաղաքական գործիքակազմով, ըստ էության, խնդրի լուծումը դրել է քաղաքացիների, ակտիվիստների, վարորդների ուսերին, ինչն անթույլատրելի է: Դրա համար մենք կոչ ենք անում հավաքվել մեկ սեղանի շուրջ, գտնել այնպիսի փոխզիջումային լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր քաղաքացիներին: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ հարցը տանել տեղական հանրաքվեի: Իսկ եթե ավագանին նման որոշում չկայացնի, ապա հանրաքվեի կարելիէ հասնել քաղաքացիական նախաձեռնության տարբերակով»,-ասաց Չալաբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ին շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք է օտարել: Խոսքը պետության սեփականություն հանդիսացող, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,40935 հա մակերեսով հողատարածքի մասին է, որի շուկայական գինը 168 մլն 200 հազար դրամ է, սակայն վաճառվել է ընդամենը 36 մլն 841 հազար դրամով:
2-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,19923 հա մակերեսով հողատարածքն է վաճառել Սերյոժա Ալբերտի Մանուկյանին: Դրա շուկայական արժեքը 52 մլն 650 հազար դրամ է, սակայն վաճառքը կազմակերպվել է ընդամենը 23 մլն 907 հազար դրամով:
3-րդ դրվագով նույն Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով, 95 մլն 680 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը Գարեգին Աշոտի Գաբրիելյանին է օտարել ընդամենը 18 մլն 828 հազար դրամով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանական քարոզչամեքենան պարտության սլաքներն ուղղում էր զինվորական ղեկավարության կողմը՝ հանրությանը փորձելով համոզել, որ ոչ թե գերագույն հրամանատար Փաշինյանն է կատարվածի մեղավորը, այլ՝ զինվորականները:
Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում:
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ մեկին չի խնայում, ոչ մեկի հանդեպ նվիրվածության ու կապվածության զգացում չունի, միակ արժեքն աթոռն է եւ գալիք ընտրություններին վերարտադրվելու ցանկությունը: Իսկ Ջալալին դատելով՝ նա հույս ունի վերջնականապես փակել պատերազմի եւ պարտության թեման: Մեզ հասած լուրերով` հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:
Գեւորգյանն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։
Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար»: Ներկաներին ասվել է, որ «իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը:
Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանան մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա:
Այս թեմային անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։
«Ընդունելով Հռոմի ստատուտն ու պարտավորվելով կատարել ՄՔԴ-ի որոշումները՝ ՀՀ-ն վատթարացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանի որ առկա է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը, ինչպես նաև Իսրայելի հետ, քանի որ ՄՔԴն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալման օրդերի մասին որոշում է կայացրել»,-գրում են ալիքի հեղինակները և հավելում, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացրել է՝ Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության կանչելու համար, սակայն Ադրբեջանը չի ընդունել Հռոմի ստատուտն, ու ՀՀ գործող իշխանությունները կրկին անգամ սխալ արտաքին քաղաքական որոշում են կայացրել։ Ընդունելով Հռոմի ստատուտը՝ Փաշինյանն ու թիմն այդպես էլ չստացան Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու գործիքակազմեր։
«Հանրապետության հրապարակ» ալիքը գտնում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արևմուտքի կողմն ուղղված քայլ են արել՝ ընդունելով Հռոմի ստատուտը, որը, սակայն, այսօր ոչ մի աշխարհաքաղաքական դիվիդենդ չի տալիս Երևանին, քանի որ Թրամփի վարչակազմն ունի բացասական դիրքորոշում ՄՔԴ-ի հարցում։
«Դեֆակտո վատթարացնելով կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ի գործող իշխանությունները, ընդունելով Հռոմի ստատուտը, այդպես էլ ոչինչ չստացան։ Նրանք չեն կարողանալու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների համար։ Փաշինյանն ու ՔՊ-ն հերթական անգամ դիլետանտ արտաքին քաղաքական որոշում են կայացրել, որի արդյունքում ՀՀ-ի դիրքերն են թուլանում, իսկ Ադրբեջանը մնաց անպատիժ Արցախի ու նրա ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այսպիսով, ՀՀ-ն, Հռոմի ստատուտը վավերացնելով, պարտավորություններ է ստանձնել՝ չստանալով դրանից ոչ մի պրակտիկ օգուտ՝ Ադրբեջանին զսպելու, պատասխանատվության ենթարկելու առումով։ Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններն, ու միջազգային կազմակերպությունները և ինստիտուտները ոչինչ չեն անում այդ ֆարսը կանգնեցնելու համար»,-նշում են հոդվածագիրներն ու ամփոփում, որ ՀՀ գործող իշխանությունների արևմտամետությունը աշխարհաքաղաքական առումով միայն մեկուսացնում է ՀՀ-ն ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ու բարեկամ Իրանից։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ից կերտել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրա դիմաց ՀՀ-ին չտալով ոչինչ։ Ադրբեջանի նոր հարձակման պարագայում նույն Արևմուտքը սահմանափակվելու է չեզոք հայտարարություններով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հրապարակվել են խոստումնալից Xiaomi YU7 էլեկտրական քրոսովերի ընթացքի պահուստի բնութագրերը, այն մեծ աղմուկ է բարձրացրել ԶԼՄ-ներում եւ շուկայում ամերիկյան Tesla Model Y-ին փոխարինելու ներուժ ունի։ Xiaomi YU7-ը կառաջարկվի մեկ էլեկտրական շարժիչով եւ ընթացքը կապահովի միայն հետեւի անիվներով կամ լիաքարշակ երկշարժիչ տարբերակով, տեղեկացրել է Drom.ru-ն։
Հետեւի հիմնական անիվի YU7 տիրույթի տվյալները դեռ չեն հրա։ Ներկայացված բոլոր տվյալները հիմնված են CLTC փորձարկման ցիկլի վրա: Մի կողմ թողնելով այս մեծությունների կասկածելիությունը՝ հիշեցնենք, որ Tesla Model Y-ի վերջին մոդիֆիկացիան՝ ըստ CLTC-ի, ունի 719 կիլոմետրից ոչ ավելի ընթացքի պաշար:
Նախարարության ռեսուրսի մասին հրապարակումը տրամադրել է նաեւ Xiaomi YU7-ի վերջնական չափերը, որոնք հաստատում են, որ այն նկատելիորեն ավելի մեծ կլինի Tesla Model Y-ից՝ 202 միլիմետրով երկարությամբ (4 999 4 797 միլիմետրի փոխարեն) եւ 110՝ անիվի բազայով (2 890 միլիմետր), ինչը խոստանում է առավելություններ ուղեւորների համար:
Ինչ վերաբերում է Xiaomi YU7-ի մանրածախ գնին, ապա չինական լրատվամիջոցները համաձայն են, որ այն կառաջարկվի ավելի ցածր գնով, քան ամերիկյան Tesla-ի անալոգը։
Փետրվարի 8-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։
Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։
Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ այդ հարցը լուծելու համար:
Հետևաբար, կարող եմ պնդել, որ այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին, որոնց մասին գրել էի նախորդ գրառմանս մեջ, և նա Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ։
Մի բան անհերքելի է․ այս այցը ռազմավարական գործընկերոջ վայել չէր։ Բացի այդ, այն կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով և մեսիջներով։ Քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան։
Վաշինգտոնը ճանաչող որևէ մարդ չի կարող պնդել, որ սա օգտակար այց էր, իսկ Երևանը ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ այցը գերագնատողները զուտ իշխանության PR-ով են զբաղված»,-գրել է նա։
ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմակերպությունները և պետական ծառայողների ֆեդերացիան Կոլումբիայի շրջանի դատարան հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակելու Սպիտակ տան փորձերը: Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Հայցվորները պնդում են, որ Թրամփը մի շարք «հակասահմանադրական և անօրինական գործողություններ է կատարել»։
«Այդ գործողությունները հանգեցրել են գլոբալ հումանիտար ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով USAID-ի աշխատակիցների, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը: Դրանք արժեցել են հազարավոր ամերիկացիների աշխատատեղեր և սպառնալիքի տակ դրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը», – ասվում է հայցի մեջ:
Ինչպես հայտարարում են արհմիությունները, ԱՄՆ Կոնգրեսը միակ կազմակերպությունն է, որն օժտված է USAID-ն վերացնելու լիազորություններով:
Հայցվորները խնդրում են դատարանին անօրինական ճանաչել Թրամփի վարչակազմի կողմից ընդունված միջոցառումները և հրաման արձակել՝ նախագահի վարչակազմից պահանջելով «դադարեցնել USAID-ի գործունեության փակմանն ուղղված՝ Կոնգրեսի կողմից չարտոնված գործողությունները»:
Մասնավորապես, հայցում պահանջվում է ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրենի անկախ պաշտոնակատարի նշանակում, գործակալության շենքերի վերաբացում, դրա համակարգերի և վեբ էջերի վերականգնում, բոլոր դրամաշնորհների և պայմանագրերի վերսկսում, լրացուցիչ աշխատողների վարչական արձակուրդի դադարեցում, ինչպես նաև աշխատանքից ազատման ծանուցումների և պարտադիր հեռացման վերաբերյալ հրամանների չեղարկում: