Եմենի հյուսիսում գործող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը չի խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը՝ բացառությամբ Իսրայելի հետ առնչություն ունեցող նավերի, այդ թվում՝ իսրայելական նավահանգիստներ ուղևորվող: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամեդ ալ-Բահիթին:
«Պայմանավորվել ենք դադարեցնել միայն ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունները, սակայն ի աջակցություն Գազայի մեր ռազմական գործողությունները շարունակվում են», - ասել է նա՝ նշելով, որ «հարվածների թիրախ կլինեն միայն Իսրայել մեկնող նավերը»:
Նա հավելել է, որ Իսրայելի հետ առնչություն չունեցող բոլոր մյուս նավերին, այդ թվում՝ ամերիկյան, թույլատրվում է անցնել Կարմիր և Արաբական ծովերով ու Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով:
Մայիսի 6-ին Օմանի ԱԳՆ-ն հայտարարել է իր միջնորդությամբ հութիների և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման մասին, որը նախատեսում է միմյանց վրա հարձակումների փոխադարձ դադարեցում: