Դանիացի կանայք այժմ 18 տարեկանը լրանալուց հետո կարող են զորակոչվել 11 ամսվա զինվորական ծառայության՝ օրենքում կատարված փոփոխությունից հետո, որն արդեն ուժի մեջ է մտել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր կանոնների համաձայն՝ կանայք պետք է վիճակահանությամբ միանան տղաներին և որոշակի ժամանակով ծառայության անցնեն։
Մինչ օրս կանանց թույլատրվում էր զինվորական ծառայության անցնել 18 տարեկանը լրանալուց հետո, բայց կամավոր հիմունքներով։ Հուլիսի 1-ից սկսած՝ 18 տարեկանը լրացած և՛ տղամարդիկ, և՛ կանայք պարտավոր կլինեն գրանցվել, որպեսզի գնահատվեն հնարավոր զինվորական ծառայության համար։ Նախ կհավաքագրվեն կամավորները, իսկ մնացած թիվը կհամալրվի վիճակահանության համակարգի միջոցով։
Փոփոխությունը նաև նախատեսում է զորակոչի ժամկետը չորս ամսից հասցնել 11 ամսի։
2024 թվականին մոտ 4700 դանիացի տղամարդիկ և կանայք կարճաժամկետ զինվորական ծառայություն են անցել, որոնցից մոտ 24%-ը կին կամավորներ են եղել։ Զորակոչի վերաբերյալ նոր կանոններով՝ կանխատեսվում է, որ տարեկան զինվորական ծառայություն անցնողների ընդհանուր թիվը կհասնի 6500-ի մինչև 2033 թվականը։
Դանիան հետևում է հարևան Շվեդիայի և Նորվեգիայի օրինակին, որոնք վերջին տարիներին ներդրել են կանանց զորակոչը։ Դանիայի բանակում այժմ ծառայում է պրոֆեսիոնալ անձնակազմի շուրջ 9000 անդամ։