Հայաստանի և Հունաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները հետաքրքրված են Հնդկաստանի պաշտպանական նախագծերում ներդրումներով։
The Times Of India-ի տեղեկություններով՝ հարցը երեք երկրների պատվիրակությունների կողմից քննարկվել է վերջերս Աթենքում կայացած ցուցահանդեսում:
Խոսքը Ուտար Պրադեշ նահանգում լայնածավալ պաշտպանական միջանցքի շրջանակներում իրականացվող նախագծերին մասնակցության մասին է, որտեղ Հնդկաստանը պատրաստվում է կենտրոնացնել սպառազինությունների բարձր տեխնոլոգիական արտադրությունը: Այլ մանրամասներ չեն նշվում։
Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը որոշ տվյալներով կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակներում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։
Այս տարվա ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Եվրասիական տնտեսական միության մասնակից բոլոր երկրներում գրանցվել է սպառողական գների եւ սակագների աճ։ Այս մասին հայտնել է 24kg-ն։
Ղրղզստանում գների աճը կազմել է 0,4 տոկոս, Հայաստանում՝ 0,5, Բելառուսում՝ 1, Ղազախստանում՝ 1,2, Ռուսաստանում՝ 0,4 տոկոս։
2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ, տնտեսության սպառողական հատվածում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ղազախստանում՝ 5,1 տոկոս, Հայաստանում՝ 2,5, Բելառուսում՝ 3,8, Ղրղզստանում՝ 2,2, Ռուսաստանում՝ 3,1 տոկոս։
Վերլուծելով ամսական դինամիկան (այս տարվա ապրիլ-մարտ) ըստ ապրանքների եւ ծառայությունների խմբերի, պարենային ապրանքներւ գներն աճել են բոլոր երկրներում, ընդ որում՝ ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում (1,4 տոկոս) եւ Հայաստանում (1,2 տոկոս)։
Ոչ պարենային ապրանքների գները փոքր-ինչ նվազել են Հայաստանում (-0,2 տոկոս) եւ Ռուսաստանում (-0,1 տոկոս)։
Տարեսկզբից (2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ) պարենային ապրանքներն աճ են գրանցել բոլոր երկրներում, որոնց առաջատարներն են Ղազախստանը (5,7 տոկոս) եւ Հայաստանը (4,9 տոկոս)։
Ոչ պարենային ապրանքները Հայաստանում (-0,4 տոկոս) եւ Ղրղզստանում (-0,3 տոկոս) նվազել են, իսկ մյուս երկրներում թանկացել են։
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ և բռնության հետքեր։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր՝ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի և Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է նաև, որ Ֆիդանը ցանկանում է հանդիպել այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ։
Տարիներ շարունակ, երբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում ամենատարբեր հարցերի շուրջ ինձ թիրախավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվաստացումներով, ես զբաղված էի գործով։ Այո՛, հենց գործով իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար: Եվ, դե իհարկե՜, իրական գործն ու շոշափելի արդյունքներն ի՜նչ են, որ տեղ ունենան մամուլում առկա աղբի ու տգետ պարսավանքների կողքին, չէ՞ որ «Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց», իսկ ձերը դեռ ուղեղիկ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
«2018թ-ից ի վեր ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը միջազգային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու և նոր կապեր, համագործակցություններ ստեղծելու համար:
Չե՞ք նկատել: Իհարկե` չեք նկատել: Ինչո՞ւ: Որովհետեւ տգետ եք: Ինչո՞ւ: Որովհետեւ այն ուժերից, որոնցից սնվում եք եւ որոնց ծառայում եք, հանձնարարություն ունեք՝ չնկատել:
Ներկայացնում եմ վարչապետի տիկնոջ կարգավիճակը ստանձնելուց հետո իմ կատարած աշխատանքի մի մասը: Նորից փորձեք չնկատել։ Կամ այնպիսի ոռնոց ու վայնասուն բարձրացրեք, մեր միջավայրն այնպես ապականեք, որ ոչ ոք ոչինչ չնկատի։
2018-ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, միամտաբար հավատալով, որ գուցե հնարավոր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին, հարսներին, ոտքի հանել՝ կանխելու պատերազմը, տղամարդկանց ստիպելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Արշավ, որ մինչեւ վերջ չտարա, քանի որ բավարար չափով գիտելիք չունեի դա անելու համար, ժամանակից շուտ հանձնվեցի:
• Մասնակցել եմ կանանց միջազգային ամենամյա համաժողովների և այլ համաշխարհային համագումարների ու գագաթնաժողովների, ելույթներ եմ ունեցել հեղինակավոր միջազգային հարթակներում, ինչպիսիք են` ԱՄՆ կոնգրեսը, «Կարնեգի» հիմնադրամը և այլն:
21.09.2018 Ելույթ Կանանց եվրասիական համաժողովում
01.10.2018 Ելույթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում
08.02.2019 Ելույթ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տարեկան գիտաժողովի բացման արարողությանը
03.04.2019 Ելույթ ԱՄՆ Կոնգրեսում
04.04.2019 Ելույթ «Կարնեգի» հիմնադրամում
05.04.2019 «Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար». ելույթ Վաշինգտոնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին
19.10.2019 Ararat challenge փառատոնի ժամանակ խոսել եմ խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը
15.10.2021 Մասնակցել եմ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին Սանկտ Պետերբուրգում
25.05.2022 Դավոսում մասնակցել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը
08.11.2022 Ներկա եմ եղել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին
21.01.2023 Ելույթ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Իրանում
10.05.2023 Խորվաթիայի Հանրապետությունում մասնակցել եմ «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»
08.06.2023 Ելույթ «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին
06.09.2023 Կիևում մասնակցել եմ «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»
01.09.2024 Ելույթ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին
11.09.2024 Ելույթ Չինաստանում «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը
07.11.2024 Ելույթ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ
20.11.2024 Մասնակցել եմ Հռոմի պապի հրապարակային ունկնդրությանը, խաղաղության օրակարգով միջոցառումներին
• Համագործակցության ուղիներ եմ քննարկել միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում ստեղծել եմ ամուր կապեր և արդյունքում ձևավորվել են լավ, բարեկամական հարաբերություններ:
13.12.2018 Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը
14.12.2018 Շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներ եմ քննարկել
01.02.2019 Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին. քննարկել եմ երկկողմ համագործակցության ուղիներ
15.04.2019 Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին
09.10.2019 Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի տնօրենի հետ քննարկել եմ համագործակցության մի շարք հարցեր
03.03.2020 Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալի հետ քննարկել եմ մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները
05.03.2020 Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության ուղիները
28.06.2022 Մոնակոյում հանդիպել եմ «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին
20.01.2023 Հայկական պատվիրակությունը իմ գլխավորությամբ մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» շրջանակում
05.04.2024 «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել եմ Հայաստանում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները
10.09.2024 Հանդիպել եմ Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
10.09.2024 Այցելել եմ Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
13.09.2024 Հաջող համագործակցության արդյունքում «Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. Ստորագրվեց հուշագիր
24.09.2024 Նյու Յորք այցի ընթացքում մասնակցել եմ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը, Օլենա Զելենսկայի հրավերով ներկա եմ եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովին: Մասնակցել եմ նաև մի շարք այլ հանդիպումների, ձեռք եմ բերել պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր
09.02.2025 Քննարկումներն առավել առարկայական դաշտ բերելու նպատակով ստորագրվեց համատեղ հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և «Qatar Foundation for Social Work»-ի միջև
• 2020-ի պատերազմի առաջին իսկ օրից սկսած եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Հոկտեմբերի 26-ին ստեղծել եմ կանանց ջոկատ և մարտական հերթապահություն իրականացրել: Պատերազմից հետո առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահել զոհված զինծառայողների ընտանիքներին, մայրերին, երեխաներին, ծանոթացել իրենց պատմություններին, զորակցել և աջակցել նրանց:
15.09.2018 Հանդիպել եմ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին
27.09.2020 Պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղում էի, իսկ արդեն հոկտեմբերի 26-ից կազմեցի կանանց ջոկատ
2020-2022 Աշխատանք անմահացած հերոսների մայրերի հետ, նրանց պաշտպանելու համար կարծրատիպային մտածողությունից, թե նրանք այլեւս ապրելու իրավունք չունեն, պետք է ողջ-ողջ թաղվեն: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում աշխատանք` պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներին կյանքին վերաինտեգրելու, արժանապատիվ ապրելու համար վերապրոֆիլավորվելու ուղղությամբ (ծրագիրը շարունակվում է)
26.03.2022 Ելույթ. «Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի»
07.04.2023 «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում». իմ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվել է պանելային քննարկում
• Հարցազրույցներ եմ տվել միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում:
06.12.2018 Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել եմ Թավշյա հեղափոխության մասին
08.04.2019 Հարցազրույց ամերիկյան «KTLA 5» հեռուստաընկերությանը
10.04.2019 Հարցազրույց ամերիկյան Fox 11 հեռուստաընկերությանը
04.07.2019 Հարցազրույց լիբանանյան Lorient lejour պարբերականին
• 2018-ին հիմնադրել եմ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և եղել հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2024թ-ից գործունեությունս ծավալում եմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն:
Իմ գլխավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել և իրականացնում է տարբեր մարդասիրական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրեր` նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն:
Գործունեությանս վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի գրանցած թվային ցուցանիշները ավելի քան խոսուն են` 303.7% բյուջեի աճ, 647.8% շահառուների քանակի աճ:
• Նպատակ ունենալով բարձրացնել հանրային մտածողության մակարդակը, վերափոխել մեդիա ոլորտում համատարած տգիտության մթնոլորտը` նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձև է» կրթարշավը, որը ամիսների ընթացքում ինքնաբուխ կերպով վերածվել է մասշտաբային հանրային Շարժման, որն արդեն ընդգրկում է 6000-ից ավել մասնակից, Հայաստանի 17 համայնք:
«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:
Վերոնշյալ նպատակին հասնելու համար ձևավորվել են կենտրոնական և տեղական կոմիտեներ, մշակվել է շարժման ռազմավարությունը, իրականացվում է բանախոսությունների շարք ողջ Հայաստանով մեկ:
Շուտով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը սկսելու է ողջ ՀՀ տարածքում իրականացնել տարաբնույթ կրթական միջոցառումներ, բանախոսություններ, ծրագրեր, նախաձեռնություններ:
Սա կոչվում է աշխատանք, ջանք: Սա կոչվում է անել ավելին, քան կարող ես, սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա, հաղթահարել ինքդ քեզ, շրջանցել կարծրատիպեր, ձեռնոց նետել բարդույթներին, կրթվել, փոխվել, առաջ շարժվել, նպաստել անձնական եւ պետական առաջընթացին: Այսօր արդեն մտել ենք ինքնակրթվելու, ինքնազարգացման, լուսավորության մեծ դարաշրջան: Սա մեր երկրի ապագան է: Սա մեր պետականության առհավատչյան է: Եվ դուք ձեր իսկ կամքով դուրս եք մնացել այս ճանապարհից։ Եթե ժամ առաջ կանգ չառնեք, չմտորեք, եւ չմիանաք մեզ, ապա ես ձեզ ցավակցում եմ, պարզապես կշարունակեք ստրուկի կարգավիճակում ծառայել տգիտության իշխանությանը, իսկ մեր պետության մեջ ընդամենը կմնաք լուսանցքում»,- գրել է նա։
Իրանն այսօր պաշտոնապես գործարկել է առաջին օդային տաքսին՝ բացելով ազգային ավիացիայի զարգացման նոր էջ: Այս մասին հայտնում է իրանական IRNA–ն:
Իրանում առաջին օդային տաքսու գործարկումը դիտարկվում է որպես նշանակալի քայլ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ավիացիոն ծառայությունների հասանելիության ընդլայնման գործում:
Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այս գիշեր ՌԴ ԶՈւ-ն ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, որը թողարկում է հրթիռային զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնին և ԱՄՆ արտադրության «Patriot» զենիթահրթիռային համալիրի դիրքին», - ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նախարարությունում նշել են, որ հարվածի թիրախները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 23-ին Հռոմում կայացած բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Wall Street Journal-ի հրապարակման համաձայն՝ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
Նշվում է, որ բանակցող երկրները մտադիր են սահմանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի չափանիշները՝ դրա կարևոր մանրամասները թողնելով հետագա քննարկման։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցությունների այս փուլից հետո հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է տարաձայնություններ առաջացնող հարցերը լուծել ամերիկյան կողմի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։
«Հուսով եմ, 1-2 հանդիպումների ընթացքում, Իրանի դիրքորոշման ավելի լավ ըմբռնման դեպքում, կկարողանանք հասնել համաձայնությունների, որոնք կարող են նպաստել բանակցությունների առաջընթացին»,- Արաղչիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նա տեղեկացրել է նաև, որ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են բանակցային գործընթացում առկա խոչընդոտների հաղթահարմանը միտված մի շարք առաջարկներ։ Արաղչին նշել է, որ Օմանի այս առաջարկներն առաջընթացի հնարավորություն են ընձեռում։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների 5-րդ փուլը թույլ է տվել հասնելու առաջընթացի։ Նա հույս է հայտնեց, որ առաջիկա օրերին կհաջողվի պարզաբանել մնացած հարցերը՝ էական և բարեխիղճ համաձայնության հասնելու համար։
Ծաղկաձորում այսօր առավոտյան «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետեւանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։
Shamshyan.com–ի տեղեկություններով, վթարից հետո 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի նրանով, որ Կիևը ստիպված կլինի ստորագրել կապիտուլյացիան։ Հակամարտության նման ելք է կանխատեսել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Ոմանք ասում են, որ Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ։ Ոչ ՌԴ-ն կհաղթի և Ուկրաինան ստիպված կլինի անվերապահորեն հանձնվել», - ասել է նա։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին խոսակցությունները ավելի ուժեղ կողմին թուլացնելու փորձեր են»: Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար պատասխանատու են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները, քանի որ առանց նրանց օգնության հակամարտությունն այդքան հեռու չէր գնա: