ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն այժմ բացարձակապես ջարդում է Ուկրաինան մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային բանկային սանկցիաների և մաքսատուրքերի մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ Դիմում եմ Ռուսաստանին և Ուկրաինային՝ անհապաղ նստեք բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ»,- գրել է նա:
Ամերիկյան Fox Business-ը հաղորդում, որ ԱՄՆ-ի կողմից կանադական ապրանքների վրա սահմանված 25 տոկոս մաքսատուրքերից հետո Թրամփի և Թրյուդոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը թեժ է անցել։
Ըստ լրատվականի՝ կողմերը օգտագործել են ոչ նորմալ բառապաշար՝ միմյանց հասցեին օգտագործելով նաև հայհոյանքներ։
Հեռախոսազրույցից հետո կողմերը լավատեություն չեն հայտնել համաձայնության հասնելու շուրջ։ Թրյուդոն նշել է, որ մոտ ապագայում սակագների պատերազմը կշարունակվի, իսկ Թրամփն իր հերթին ընդգծել է, որ Թրյուդոյի ջանքերը «բավականաչափ արդյունավետ չեն» մաքսատուրքերի սահմանումը կանխելու համար:
Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար: Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», – ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։
Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ «ուղղակի ֆինանսական օգնություն»:
Գերմանիայի Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ն ԱՄՆ-ից ստացել է 114,2 միլիարդ եվրո (ավելի քան 123 միլիարդ դոլար) օգնություն, իսկ Եվրոպան տրամադրել է 132,3 միլիարդ եվրոյի (ավելի քան 143 միլիարդ դոլար) օգնություն:
Վոլոդեմիր Զելենսկու դիզայներ Էլվիրա Հասանովան Financial Times-ին հայտնել է, թե ինչու Ուկրաինայի նախագահը Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյում չի կրել:
«Նա պատերազմական ժամանակների առաջնորդ է։ Պատերազմի ժամանակ, նույնիսկ քաղաքական գործիչներին, կոստյումներ պետք չեն», – բացատրել է դիզայները։
Նշենք, որ Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը կրել է երկարաթև պոլո, որի վրա ասեղնագործված էր եռաժանի: «Սա Ուկրաինայի ազգային, անկախության խորհրդանիշերն են: Նրա ոճը 21-րդ դարում առաջնորդության չափանիշ է սահմանում, քանի որ նա ուժեղ անհատականություն է»,- պարզաբանել Է դիզայները։
Դիզայների խոսքով՝ Զելենսկու կերպարներն «աշխարհին ուղղված ուղերձի մասն են, որ նա կանգնած է իր ժողովրդի կողքին»։
«Մենք չենք կարող կոստյումներ կրել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդը ապաստարաններում է։ Դա ավելին է, քան նորաձևությունը. դա հաղորդակցություն է»,- համոզված է Հասանովան։
Սաուդյան Արաբիան հաստատել է, որ հաջորդ շաբաթ Ջիդդայում կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։
Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է հաջորդ շաբաթ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Թագավորությունը շարունակում է ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու, կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է փաստաթղթում:
Մարտի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն բանակցել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ նախագահը տեղեկությունը հայտնել է Fox Business Network-ին տված հարցազրույցում:
«Ես ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը: Այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենք ստեղծվի»,- պատմել է Թրամփը հարցազրույցում։
Նամակը, ըստ ամենայնի, ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին: Սպիտակ տունը մեկնաբանություն չի տվել:
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն նախընտրում է Իրանի հետ գործարք կնքել նրա միջուկային ծրագրի շուրջ:
Սիրիայում շարունակվում են ալավիների, երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները․ հայաշատ շրջաններում ևս կրակոցների ձայներ են լսվում, որի պատճառով մարդիկ զգուշանում են և բնակարաններից դուրս չեն գալիս՝ սպասելով իրադրության կարգավորմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ խմբավորումների միջև ընթացող զինված բախումների մասին։Նա նշեց, որ Սիրիայում զինված բախումներ են տեղի ունենում ոչ միայն երկրի ծովափնյա շրջանի արվարձաններում, օրեր առաջ բախումներ են տեղի ունեցել նաև հենց մայրաքաղաք Դամասկոսում։
«Անցյալ շաբաթ Դամասկոսի Ժարամանա շրջանում տեղի ունեցան բախումներ։ Սա ինչ-որ երկխոսության պակասի և երբեմն կարգ ու կանոն պահելու պակասի հետևանք է, որի լույսի ներքո, ցավոք, թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինյալների, թե՛ սովորական քաղաքացիների շարքերում զոհեր են արձանագրվում»,-ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայի հայաշատ շրջաններում էլ են կրակոցների ձայներ լսվում, որի պատճառով մարդիկ զգուշանում են և բնակարաններից դուրս չեն գալիս։ «Մարդիկ զգուշություն են դրսևորում և այդ պահերին իրենց բնակարաններից դուրս չեն գալիս մինչև իրավիճակը հանդարտվի։ Շրջանի անվտանգությունը պահպանող ուժերը պարետային ժամ են հայտարարել՝ նպատակ ունենալով սպասել մինչև իրադրության մեղմացումը»,-նկատեց Զարմիկ Պողիկյանը։ Վերջինիս բնորոշմամբ՝ Սիրիայի ժողովուրդն արդեն հոգնել է արյունալի բախումներից և ռազմական գործողություններից։
Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիրը նաև կարծիք հայտնեց, որ Սիրիան լարվածությունների շրջապտույտից կարող էր դուրս բերվել հարցերը երկխոսությամբ և արդարացիորեն լուծելու ճանապարհով ընթանալու դեպքում։
«Արտաքին գործերի նախարարությունն աշխույժ գործունեություն է ծավալում արտաքին ճակատում՝ տարբեր երկրների հետ Սիրիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մնում է երկխոսությամբ ամրապնդել ներքին անդորրը»,-իր խոսքում նշեց Զարմիկ Պողիկյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն շուրջ 70 մարդ է զոհվել Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։
Ըստ Al-Hurra պարբերականի՝ զոհերի մեծամասնությունը սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչները և Ասադի կողմնակիցներն են։ Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ ու պատանդներ։ Սիրիական SANA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարության ուժերը մտել են Լաթաքիա և Տարտուս քաղաքներ՝ աջակցելու Ասադի կողմնակից խմբավորումների դեմ կռվող Անվտանգության վարչության ուժերին։ Սիրիայի անվտանգության վարչությունը հայտարարել է «վարչական կենտրոններում, մոտակա քաղաքներում և լեռնային շրջաններում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների «մաքրման» լայնածավալ գործողության մեկնարկի մասին»։
Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին: Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ է արվել վայր դնել զենքերը։ Անվտանգության վարչությունը Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է սահմանել։Սիրիական բանակը մարտի 7-ի լուսադեմին մեծ ռազմական ուժեր է ուղարկել Լաթաքիա՝ հետ մղելու Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները:
Նաև օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր՝ Լաթաքիայի գյուղերում նախկին իշխանությունների կողմնակիցներին հետապնդելու համար։ Հայտարարվել է, որ Ասադի տասնյակ կողմնակիցներ այժմ գտնվում են անվտանգության ուժերի ձեռքում:
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա կբխի ընդհանուր շահերից: Այս մասին գրում է Anadolu-ն:
«Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի պլանավորումը կբխի մեր ընդհանուր շահերից»,- ասել է Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ԵՄ-ի կողմից կազմակերպված «Համախոհ առաջնորդների հանդիպման» մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ «Թուրքիայի դուրս մնալը ԵՄ պաշտպանական և վերակառուցման ծրագրերից անհիմն է և անընդունելի»։
Թուրքիայի նախագահը նաև ասել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով Անկարայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության և տնտեսական հարցերում։
«Եվրոպայի տնտեսական անվտանգությունն ու պաշտպանությունը հստակ ցույց է տալիս Թուրքիայի կարևոր նշանակությունը։ Մենք հաստատակամորեն պահպանում ենք ԵՄ-ին լիիրավ անդամակցության նպատակը և հույս ունենք, որ Միությունը տեսլական մոտեցում կցուցաբերի և կվերսկսի բանակցությունները»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրերը պետք է բաց լինեն բոլոր եվրոպական դաշնակիցների համար, իսկ Թուրքիան պետք է ներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմներում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ներկայացրել է Ուկրաինայի աջակցության համար «ReArm Europe» ծրագիրը։ Դրա շրջանաներում Եվրամիության երկրները մոտակա ժամանակում 800 միլիարդ եվրո կհատկացնեն ռազմական ծախսերի համար։ Նշված գումարից 150 միլիարդ եվրոն կներգրավվի որպես վարկ՝ օդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր (դրոններ) և այլ զինատեսակներ ձեռք բերելու նպատակով։
Ֆոն դեր Լյայենը լրագրողներին հետագայում հայտնել է, որ եթե Թրամփը ցանկանում է «խաղաղություն ուժի միջոցով», դա հնարավոր կլինի միայն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, «քանի որ նախապայմանները պետք է բավարարվեն»: Նա նշել է, թե «բազմաթիվ օրինակներ կան, որ ցույց են տալիս՝ որքան կարևոր է Եվրոպայի աջակցությունը դրական արդյունքի հասնելու համար»՝ հղում անելով ԵՄ տնտեսական, ռազմական օգնությանը և Ուկրաինայի էներգետիկ համակարգի գործունեությունը պահպանելու աջակցությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքն առանձին երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելու նոր արգելքի վրա: Այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են կազմել այն երկրների «կարմիր ցուցակը», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։
Աղբյուրներից մեկը նշել է, որ առաջարկվող «կարմիր ցուցակը» ներկայում հիմնականում բաղկացած է այն երկրներից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ավելի վաղ արգելված էր Թրամփի նախորդ վարչակազմի օրոք։
Հրապարակությունը պարզաբանում է, որ այդ ժամանակ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նախագծում նախապես առաջարկվում էր Աֆղանստանը ներառել երկրների այն խմբի մեջ, որոնց քաղաքացիներին կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ։
Նշվում է, որ պլանավորվում է ստեղծել այն երկրների «նարնջագույն ցուցակ», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի, բայց ամբողջությամբ չի արգելվի։ Նման երկրներից դիմորդները պետք է անցնեն դեմ առ դեմ հարցազրույց:
Երրորդ՝ «դեղին խմբում» ընդգրկված երկրներին 60 օր ժամանակ կտրվի հայտնաբերված որոշ թերություններ վերացնելու համար, այլապես նրանք կարմիր կամ նարնջագույն ցուցակում կընդգրկվեն, ասել են աղբյուրները։
Առայժմ հայտնի չէ՝ ամերիկյան գործող այցագրեր ունեցող մարդիկ կհայտնվեն արդյոք արգելքի տակ, և արդյոք այդ այցագրերը կչեղարկվեն։ Անհասկանալի է նաև, թե արդյոք արգելքները կվերաբերեն «գրին քարտ» ունեցողներին, որոնք ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն են ստացել: