Քիչ առաջ հետաձգվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։
Նշենք, որ նիստի ժամանակ Արմեն Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին: Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները եւ՛ դատախազությունում, եւ՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա և բոլորս իմանանք ինչ էր եղել ևինձանից ինչ էին ուզում»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ»։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացե՞լ է որևէ հրահանգ Մարտի 1-ի գործի հետ կապված, Գևորգյանը պատասխանեց.
«Սիրելի բարեկամներ, մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ հիշեցնել. ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
0Comments